Միջազգային Gallup կազմակերպությունը շաբաթվա սկզբին հրապարակեց իր` «Համաշխարհային իրավունք եւ կարգ-2015» զեկույցը, որտեղ ներկայացրել է աշխարհի ամենաապահով եւ անապահով երկրների ցանկը: Հարցումն անցկացվել է 141 երկրներում եւ ներառել 142 հազար մարդու: Մարդիկ պատասխանել են մեկ հարցի` «Ապահո՞վ եք արդյոք ձեզ զգում երեկոյան միայնակ զբոսնելիս»: Ըստ այդմ, Հայաստանը ճանաչվել է աշխարհում 9-րդ երկիրը, որտեղ մարդիկ իրենց ապահով են զգում` երեկոյան միայնակ զբոսնելիս, ընդ որում, պարզ չէ, թե սա այսպես է, որովհետեւ մեր երկրում երեկոյան զբոսանքներն իրոք ապահո՞վ են, թե՞ՙ քանի որ մեր երկրում միայնակները շատ են: Այնուամենայնիվ, ուրախալի է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը, փաստորեն, կատարեց իր վերջին նախընտրական կարգախոսը, այն է` «Դեպի ապահով Հայաստան»: Ահա՛ եւ այն:
Աշխարհի ամենապահով երկիր է ճանաչվել Սինգապուրը, իսկ երկրորդ տեղում է` …Հոնկոնգը: Հենց այստեղ, սակայն, Gallup-ի զեկույցից բրիտանացի գիտնականների հայտնագործության հոտ է գալիս, քանի որ Հոնկոնգ պետություն, եթե կա էլ, ապա թերեւս միայն բրիտանացի գիտնականների համար: Բանն այն է, որ նախկինում Բրիտանիային ենթարկվող Հոնկոնգ քաղաք-պետությունն այսօր պարզապես չինական քաղաք է: Հետեւաբար չի կարող լինել աշխարհի ամենաապահով երկրորդ երկիրը:
Ինչն էլ նշանակում է, որ Հայաստանն աշխարհի 8-րդ ապահով երկիրն է, որն ըստ զեկույցի ճանաչվել է Տաջիկստանն, ի դեպ:
Անապահովների եռյակն էլ հետեւյալն է` Վենեսուելա, Գաբոն, Կոնգո: