«Ազգ»ի զրուցակիցն է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը
– Պրն Ղազարյան, Արցախյան շարժման 35-ամյակն է, ի՞նչ ունենք ավելի քան երեք տասնամյակ անց։ Երբեւէ կարելի՞ էր մտածել, որ Արցախյան առաջին ազատամարտից, հայկական երկրորդ հանրապետություն հռչակելուց ու այն կազմավորելուց հետո այսպիսի իրողություն կունենանք այսօր՝ Արցախի 75 տոկոսի տարածքային կորուստ, շրջափակված Լաչինի միջանցք ու Արցախի կարգավիճակի մշուշոտ ապագա։
– Դա հնարավոր չէր մտածել ոչ մի պարագայում։ Անցած տարիները մեզ համար շարունակական հաջողությունների տարիներ են եղել միայն, որոնց արդյունքում հնարավոր է եղել համախմբել մեր ժողովրդի ջանքերը, ձեռք բերել դաշնակիցներ եւ բարեկամներ ամբողջ աշխարհում, ազատագրել Արցախը, դրա շուրջը ստեղծել անվտանգության գոտի, մեր հաղթանակներն ամրապնդել դիվանագիտական ձեռքբերումներով, նախադրյալներ ստեղծել Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացման համար։ Մեր հասարակությունն ապրում էր հաղթական ոգով, մարդկանց համար անընդունելի էին անգամ սովորական զիջումները, որոնք կարող էին տանել կոնֆլիկտի երկարաժամկետ լուծման։ Դե ֆակտո մենք ունեինք Արցախի կայացած հանրապետություն, որի թիկունքին ամուր կանգնած էր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ միասնական հայությունն ամբողջ աշխարհում։ Անգամ ամենավատ երազում հնարավոր չէր տեսնել ու պատկերացնել այն ողբերգական իրողությունը, ինչի առջեւ կանգնել է հայ ժողովուրդը՝ իրեն պատուհասած մեծագույն աղետից՝ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։
– Ի՞նչ գնահատական կտաք Փաշինյան-Ալիեւ մյունխենյան բանավեճին։ Հայանպաստ որեւէ խոսք արձանագրե՞լ եք Փաշինյանի ելույթում կամ հակադարձումներում։
– Ոչ միայն Հարավային Կովկասին վերաբերող պլենար նիստը, այլեւ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունների համակցությունը, վկայում են մեծ վտանգների մասին, որոնք Ալիեւ-Փաշինյան հանցավոր զույգը նախապատրաստում է մեր պետության եւ ժողովրդի համար։ Հայանպաստ որեւէ խոսք արձանագրելու համար նախ պետք է լինի գոնե մեկը, որը մտադրություն ունենա հնչեցնել հայանպաստ տեսակետներ։ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի տեսակետները բազմաթիվ հարցերի վերաբերյալ նույնն են, պարզապես, դրանց մի մասը Փաշինյանն է արտաբերում, մյուս մասը՝ Ալիեւը։ Ակնհայտ է մի բան, որ այս պահին Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դիմակայելու որեւէ մեխանիզմ գոյություն չունի։ Հայաստանի տարածք ներխուժած պետության ղեկավարը, որը գերության մեջ է պահում ավելի քան 120.000 մարդում, հանգիստ կարողանում է նստել եւ նոր հոխորտանքներ տեղալ ոչ միայն Հայաստանի վարչապետի, այլեւ տարբեր պետությունների ղեկավարների ներկայությամբ։ Որեւէ մեկը նրան չի դիմակայում, չի դատապարտում եւ չի զսպում։ Իսկ դա նշանակում է, որ մենք կանգնած ենք նոր ռազմական արկածախնդրության շեմին, ինչը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ մեր երկրի համար։
– Խորհրդարանական ընդդիմությանը մի քանի անգամ հորդորել եք վարչապետի անվստահության գործընթաց սկսել, բայց նրանք, տարբեր պատճառաբանություններով, դա չեն արել։ Այդպիսով արդյոք ավելի՞ չեն լեգիտիմացնում Փաշինյանի իշխանությունը։
– Ակնհայտ է մի բան՝ այն պահից, որ Ազգային ժողովի պատգամավորները (անկախ այն հանգամանքից, թե որ խմբակցության մեջ են ընդգրկված) ունեն վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական իրավունք, սակայն չեն օգտվում այդ իրավունքից, ապա ակամա ստացվում է, որ իրենք վստահություն են հայտնում վարչապետին եւ գործող կառավարությանը։ 2022-ի օգոստոսի 2-ից Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք են ստացել նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն դրանից ոչ մի պատգամավոր դեռեւս չի օգտվել ու նման նախաձեռնություն չի ցուցաբերել։ Վարչապետին անվստահություն հայտնելը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու այս պահին միակ հնարավոր սահմանադրական ճանապարհն է։ Այն չնախաձեռնելու եւ չիրականացնելու որեւէ խելամիտ եւ հիմնավոր պատճառաբանություն ես դեռ չեմ լսել։ Կարծում եմ այդ գործընթացը չնախաձեռնելու մեկ պատճառ գոյություն ունի, որը Սահմանադրության պահանջ է. անվստահության նախաձեռնությունը պահանջում է պաշտոնապես առաջադրել վարչապետի թեկնածու։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը, տարբեր պատճառներով, ներկա պահին չեն ցանկանում վարչապետի թեկնածու առաջադրել իրենց քաղաքական առաջնորդներին, ոչ էլ պատրաստ են աջակցություն ցուցաբերել այլ քաղաքական գործիչների։ Դրա փոխարեն, անհաջող փորձեր են կատարում պատճառաբանությունների հիմքում դնել անվստահության գործընթացի ձախողման ռիսկերը, կամ փողոցում հանրային աջակցության բացակայությունը։ Ի դեպ, ընդդիմությունը չի առաջադրում ոչ միայն վարչապետի թեկնածու, այլեւ թեկնածու չի առաջադրել Հանրապետության նախագահի պաշտոնում, ինքնավար որեւէ պաշտոնում, որտեղ թեկնածու առաջադրելու իրավունք ունեն։ Անգամ այն պարագայում, երբ սահմանված ժամկետի ավարտից հետո, նույնիսկ իշխանական խմբակցությունն առաջադրում չի անում, օրինակ` Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուներ չեն առաջադրվում։ Այս գործելաոճն ինձ համար ոչ միայն անհասկանալի է, այլեւ հակասում է իրենց իսկ նպատակադրումներին, քանզի 2021 թվականին պատգամավորական մանդատներ վերցնելուց եւ Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումը դրանով լեգիտիմացնելուց հետո, հայտարարվեց, որ դրա նպատակը փողոցային պայքարին պատգամավորական լիազորություններով պայքարի զուգորդումն է։ Հիմա ո՛չ փողոցում են պայքար մղում, ո՛չ պատգամավորական լիազորություններն են գործադրում։ Ինձ համար այս ամենն անհասկանալի է եւ անընդունելի։ Դրա միակ շահառուն այս հանցավոր իշխանությունն է, որի համար փաստացի ստեղծված է իր ազգադավ ծրագրերը կյանքի կոչելու անխոչընդոտ միջավայր։
– Ընդդիմադիր շարժման մեկնարկ նաեւ Դուք տվեցիք, այն սակայն, կարծես թե, նույնպես երկար կյանք չունեցավ։ Ինչո՞ւ։
– 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ակտիվորեն լծված եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարին։ Ես բաց չեմ թողել որեւէ հանրահավաք կամ բողոքի այլ գործողություն, որը միտված է եղել այդ նպատակին։ Իմ հասարակական եւ հրապարակախոսական գործունեությամբ, չմերժելով որեւէ լրատվամիջոցի հրավեր կամ առաջարկ՝ հանդես եմ եկել հրապարակային խոսքով, սոցիալական իմ հաշիվներից պարբերաբար բարձրաձայնել եմ մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրների մասին։ Համարձակություն եմ ունեցել նաեւ հանրահավաքներ կազմակերպել։ Մի խոսքով, պայքարի բոլոր այն հնարավոր ձեւերը, որը կարող է իրականացնել մի մարդ, Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի, ես արել եմ առանց վարանելու։ Իմ պայքարն ավարտված չեմ համարում, հետեւաբար այն ձախողված համարել չեմ կարող։ Իմ պայքարը շարունակվում է, եւ այն հասնելու է իր նպատակին։ Ընդունում, եմ, որ երբեմն դրվել են խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել տվյալ պահին, բայց դրանից ես չեմ ընկճվել ու չեմ հանձնվել։ Ենթարկվել եմ ոստիկանական ու խուլիգանական հարձակումների, բազմաթիվ անգամներ հայտնվել ոստիկանության բաժիններում, դատարաններում, զրկվել եմ աշխատանքի բոլոր հնարավորություններից, անգամ ակադեմիական համակարգում, սակայն ես շարունակում եմ պայքարը։ Միգուցե մարդիկ նաեւ ինձ չեն վստահում, չեն հավատում, բայց ամեն ինչ ավարտված չէ։ Այժմ էլ ոչ միայն պայքարում եմ մենակ, այլեւ ընդգրկված եմ տարբեր նախաձեռնություններում եւ գործընթացներում։ Հուսով եմ՝ մեր պայքարն արդյունք կտա, հակառակ դեպքում կորցնելու ենք ամեն ինչ։
– ԵՄ դիտորդական առաքելությունն է Երեւան գալիս, ինչին, ի դեպ, Մոսկվան խանդով է վերաբերվում։ Ի՞նչ են անելու եվրոպացիները Հայաստանում, ու ինչպե՞ ս է նրանց փորձելու հակազդել Ռուսաստանը։
– Նախքան Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդների հանդեպ այլ պետությունների վերաբերմունքը պարզելը, պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ եւ նպաստավոր մեզ ու մեր երկրի համար։ Առաջին անգամ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն Հայաստանում գործուղելու մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Շառլ Միշելի, Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի՝ քառակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությամբ։ Այդ հայտարարության գլխավոր անթույլատրելի եւ անընդունելի դիրքորոշումն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով ՀՀ օրենսդրությունն ու ոտնակոխ անելով մեր պետության ու ժողովրդի շահերը, հղում է կատարել ԱՊՀ ստեղծման Ալմաթայի հռչակագրին եւ այդ փաստաթուղթը վկայակոչելով՝ փաստացի ընդունել է Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու հանգամանքը։ Սա ապօրինություն է բոլոր առումներով։ Այդ փաստաթուղթն անգամ Ադրբեջանի կողմից չի վկայակոչվել բանակցությունների ամբողջ պատմության ընթացքում։ Պատահական չէ, որ հետագայում Ադրբեջանի նախագահը, հղում անելով այդ քառակողմ հայտարարությանը, նշել է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն ընդունելով Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո որոշվել է երկու ամսով Հայաստանում իրականացնել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն՝ դրա առջեւ դնելով խնդիրներ՝ ապահովելու կողմերի միջեւ վստահության մթնոլորտի վերականգնումը, աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքներին եւ այլն։ Հարկ է նկատել, որ ԵՄ դիտորդներն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, տեղակայվել են միայն Հայաստանի տարածքում։ Ադրբեջանը չի համաձայնել, որպեսզի նրանք առաքելություն իրականացնեն իր տարածքում։ Առաջին առաքելության ժամկետն ավարտվել է 2022-ի դեկտեմբերի 18-ին՝ փաստացի ձախողումներ արձանագրելով։ Այսինքն, այդ ընթացքում չեն պակասել սահմանային միջադեպերը, նրանք հանդես չեն եկել ոչ մի զեկույցով (այդ թվում առաքելության ավարտի մասին), չեն նպաստել վստահության մթնոլորտի ստեղծմանը, իսկ սահմանային հանձնաժողովները ոչ մի նիստ, առավել եւս նրանց մասնակցությամբ, չեն իրականացրել։
ԵՄ նոր դիտորդական առաքելությունը Հայաստան է եկել միայն Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Նրանք եկել են ավելի մեծ կազմով եւ առավել երկար ժամանակով։ Նոր առաքելության վերաբերյալ բացասական վերաբերմունք են արտահայտել ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Ադրբեջանն ու Իրանը։ Ստացվում է՝ նրանց Հայաստանում գտնվելը տարածաշրջանային որեւէ այլ դերակատարի հետ չի քննարկվել, ինչը կարող է միայն մեծացնել լարվածությունը տարածաշրջանում՝ փոխարենը չունենալով անվտանգության ապահովման որեւէ տեսանելի երաշխիք կամ մեխանիզմ։ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանը հյուրընկալել է՝ մերժելով ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը եւ ՀԱՊԿ-ից առաջարկվող աջակցության փաթեթը, որը, դիտորդների տեղակայումից բացի, ունեցել է նաեւ դիվանագիտական եւ ռազմատեխնիկական աջակցության բաղադրիչներ։ Ընդ որում` դա արվել է այն դեպքում, երբ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՀԱՊԿ-ին Հայաստանը դիմել ու կառույցի կողմից առաջարկվող աջակցությունից հրաժարվել է այդ կազմակերպությունում իր իսկ նախագահության շրջանում՝ միայն իր կողմից վետո կիրառելու հետեւանքով։
Այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, դիվանագիտության հետ աղերս անգամ չունի։ Այն աղերս չունի նաեւ մեր պետության շահերի հետ։ Դա սովորական արկածախնդրություն է, որը լի է միայն վտանգներով, ինչը մեզ տանում է նոր ռազմական առճակատման, նոր կորուստների, նոր աղետի ու վտանգների։
– Ստեղծված իրավիճակից ո՞րն է ի վերջո Ձեր կանխատեսելի ելքը։
– 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո հանցավոր մի խումբ, զանգվածային խաբեությամբ, տիրացել է մեր ժողովրդի օրինական իշխանությանը, հետագայում ամրապնդել է այդ իշխանությունը՝ ապօրինի միջոցներով, բռնություններով, Սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտումներով, ու այդ իշխանությունը ծառայեցնում է հայ ժողովրդի թշնամիների շահերի եւ իր անձնական բարեկեցության համար։ Առանց այս հանցախմբին վռնդելու եւ ժողովրդի օրինական իշխանությունը վերականգնելու հնարավոր չէ պատկերացնել որեւէ դրական փոփոխություն եւ զարգացում։ Սա պատերազմի, մահվան, կորուստների, ատելության, թշնամության, թալանի իշխանություն է։ Միայն այդ հանցախմբից ազատվելու պարագայում է հնարավոր վերականգնել մեր պետականությունը, արժանապատվությունը եւ ուղիներ գտնել պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման, հասարակության զարգացման համար։ Հակառակ պարագայում վտանգված է ոչ միայն Արցախը, այնտեղ ապրող մեր հարյուր հազարավոր հայրենակիցները, այլեւ Հայաստանի Հազարապետությունը, մեր պետության եւ ժողովրդի հետագա գոյությունը։
Այս պայմաններում այլեւս գոյություն չունի այս հանցախմբին իշխանությունից վռնդելու որեւէ ճանապարհ, որն օրինական չէ։ Հանցագործների դեմ պայքարի բոլոր միջոցներն տրամաբանական են, կենսական եւ օրինական։ Այս իշխանության ներքո յուրաքանչյուր օրն աղետ է մեր ժողովրդի համար՝ լի նոր վտանգներով ու արհավիրքներով։ Նրանց պարագայում որեւէ դրական սպասումներ ունենալն աններելի, ինքնակործան անմտություն է։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ