Տիեզերական թռիչքների արդյունքում տիեզերքն աղտոտվել է մետաղական բեկորներով: Նրանց բախումը գործող արբանյակների հետ կարող է աղետալի հետեւանքներ ունենալ:
Այդ բախումը կանխելու համար ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Կիրառական աստղագիտության կենտրոնի գիտաշխատողները ռուսական «Աստղագիտական կենտրոն» ընկերության հետ միասին իրականացնում են մերձերկրյա տիեզերական տարածության մշտադիտում:
Գիտնականները գտնում են, որ 2021թ. Երկրի շուրջը պտտվել է 0.1-1.0 սմ չափերով մոտ 130 միլիոն օբյեկտ, որոնցից մոտ 20 միլիոնը գտնվել է մինչեւ 2000 կմ բարձրության վրա: Դրանք շարժվում են շուրջերկրյա ցածր ուղեծրերով: 1.0-10 սմ չափերի բեկորների ընդհանուր թիվը մոտ 900 հազար է, որոնցից 500 հազարը պտտվում են ցածր ուղեծրերում: 10 սմ ավելի մեծ չափերով օբյեկտների թիվը հասնում է 34 հազարի, որոնցից 23 հազարը Երկրին առավել մոտ գտնվողներն են: Այդ բեկորների բախումը գործող եւ կառավարվող արբանյակների հետ կարող է աղետալի հետեւանքների հանգեցնել: Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդպիսի բախումներից, անհրաժեշտ է հետազոտել շատ թվով բեկորների շարժման ուղեծրերը:
Միայն 2021թ-ին հայ-ռուսական համատեղ կայանում 260 դիտողական գիշերների ընթացքում արվել է 650 հազար չափում եւ վերականգնվել 700 ուղեծիր արհեստական արբանյակների համար:
Ծրագրում հիմնականում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: Այժմ բանակցություններ են ընթանում Ավստրիայի «Աստղահամակարգեր» ընկերության հետ, որը ցանկություն է հայտնել Հայաստանում նման ինքնաշխատ դիտակայան ունենալ:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր