ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան
Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին
Մասն 8-րդ
ԱՄՆ-ն յոյժ «հետաքրքրական» խաղ է խաղում Մերձաւոր Արեւելքում: Մի կողմից ստեղծում է ԻՊ-ն, միւս կողմից պատերազմում նրա դէմ: Արդիւնքում Մերձաւոր Արեւելքը դառնում է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական յատուկ գործողութիւնների թատերաբեմ, նորագոյն զէնքերի եւ մարտավարութեան զօրավարժարան, սպառազինութեան վաճառքի ընդարձակ շուկա եւ ահռելի ֆինանսական եկամուտների գրեթէ անսպառ աղբիւր…
Ուշագրաւ է, որ երբ 2015թ. մարտին ԱՄՆ գլխաւորած ռազմական դաշնախմբի օդուժի հարուածների արդիւնքում ողնաշարի ծանր վէրք ստացաւ ԻՊ-ի խալիֆ` Աբու Բաքր Ալ-Բաղդադին, ապա վերջինիս բուժումը կազմակերպուեց ԱՄՆ դաշնակից Թուրքիայում: Յամենայն դէպս, որոշ տեղեկութիւնների համաձայն` ԻՊ-ի խալիֆը` Ալ-Բաղդադին` Թուրքիայում բուժումից յետո 2015թ. դեկտեմբերին փոխադրուել է Լիբիա, որը «Իսլամական խալիֆաթի» աֆրիկեան յենակէտն է… Ալ-Բաղդադիին փոխարինած նրա տեղակալը` ալ-Աֆրին իր հերթին, ըստ որոշ տեղեկութիւնների` սպանուել է Ալ-Բաղդադիի վիրաւորուելուց ուղիղ 2 ամիս անց: Ողջ են մնացել, սակայն, միւս բարձրագոյն ռազմաքաղաքական ղեկավարները` ալ-Անբարին, ալ-Ադնանին, աշ-Շիշանին, աթ-Թուրքմանին… (Աշ-Շիշանինՙ վրաստանցի չեչենը ԻՊ-ի ռազմական նախարարն է կամ սպարապետը եւ 2013-2016թթ. արդեն 5-րդ անգամ հաղորդւում է նրա սպանուելու մասին…):
Այնուամենայնիւ, ԻՊ-ի յարձակողական թափը չէր կոտրուել: Նոյն ամսին յարձակում տեղի ունեցաւ Իրաքի ռազմաճակատում եւ ԻՊ-ին յաջողուեց զաւթել Ռամադին, որը Բաղդադի շիայական կառավարական ուժերը` ԻԻՀ օգնութեամբ կարողացան յետ վերադարձնել միայն դեկտեմբերին: Շարունակւում էր յարձակումը նաեւ սիրիական ռազմաճակատում, որտեղ 20.05.2015թ. ԻՊ-ն զաւթեց Սիրիայի հնագոյն քաղաքներից մէկըՙ Պալմիրան:
2015թ. թեժացան դեռ 2012թ. հակաասադական ընդդիմութեան ծաւալած բազմամեայ մարտերը Դամասկոսի մերձակայքում, որոնք կոչւում են «Ճակատամարտ Դամասկոսի համար»: 2015 թվականի ապրիլին ԻՊ զօրաջոկատները զաւթցին Եարմուկ ճամբարը Դամասկոսի հարաւում, հակամարտութեան մէջ մտնելով նախկինում այդ շրջանը վերահսկող «Ազատ Սիրիայի բանակի» (ՍԱԲ) դէմ: 2015 թվականի ամռանը շարունակուել են Դամասկոսի վրա յարձակվելու փորձերը Գուտայի եւ Եարմուկի կողմից:
Մի պահ Դամասկոսը, Ասադը եւ Սիրիան յայտնուել էին անխուսափելի թուացող աղէտի եզրին: Հակաասադական ներքին եւ արտաքին ուժերը ցնծում էին` կանխատեսելով, որ մի քանի ամսում, աւելի որոշակի` մինչեւ 2015թ. հոկտեմբերը Դամասկոսը կընկնի եւ «ատելի» Ասադը կտապալուի: XXI դ. իսլամական Խալիֆաթի մայրաքաղաքը կդառնար միջնադարեան արաբական խալիֆաթի նշանաւոր մայրաքաղաքը` Դամասկոսը…
Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկաւ: Դամասկոսի մօտ մահու եւ կենաց պայքար մղող ՍԱՀ-ԻԻՀ կոալիցիայի ցամաքային զօրքերին անսպասելի թուացող օգնութիւն եկաւ Հիւսիսից: ՌԴ-ի օդատիեզերական ուժերը սկսեցին օդային պատերազմ մղել հակաասադականների դէմ: ՍԱՀ ուժերը սկսեցին գրոհը արեւելեան Դամասկոսի Ջոբար արուարձանի վրա: Նոյեմբերին մարտեր էին ընթանում Մարջ-ալ-Սուլթանում գտնվող ուղղաթիռային զօրամասի բազային տիրելու համար: Դամասկոս նահանգում Ասադի ՌՕՈՒ-ն հարուածներ հասցրեց ԱՄՆ-ի հովանաւորեալ ՍԱԲ խմբաւորման թաքստոցներին եւ տեխնիկային: ՍԱՀ բանակը ոչնչացրեց ահաբեկիչների` Ջոբարում գտնուող ստորգետնեայ ամրութիւնները: Սակայն ԻՊ-ն եւ միւս աւազակախմբերը չէին հանգստանում: Նրանք ականանետներից գնդակոծեցին Դամասկոսի պատմական մասում գտնուող քրիստոնէից թաղամաս Բաբ-Թուման: 4 խաղաղ բնակիչ վիրաւորուեց: Այնուամենայնիւ, ակնյայտ էր, որ սիրիական ռազմաճակատում 2015թ. աշնանը լուրջ բեկում է տեղի ունեցել… ՌԴ-ն լրջօրէն «խառնել» էր ոմանց խաղաքարտերը… ՍԱՀ բանակը լիովին վերականգնեց իր վերահսկողութիւնը Մարջ-ալ-Սուլթան ռազմաօդային բազայի նկատմամբ: Տարբեր հակակառավարական խմբաւորումներ, որոնք գործում էին Դամասկոսի արեւելեան արուարձան Արեւելեան Գուտայում, յայտարարեցին “Նոր օպերատիւ կէտ” միաւորման ստեղծման մասին, որը փորձ էր` համակենտրոնացնելու ուժերը` ատելի ռուս-իրանա-սիրիական ռազմական դաշնախմբի դէմ:
25.12.2015թ. Արեւելեան Գուտայում ՍԱՀ ՌՕՈՒ-ի օդային հարուածի արդիւնքում ոչնչացուեց «Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչախմբի պարագլուխը` Զահրան Ալլուշը: Այդ նույն օրը գրոհայինները սկսեցին յանձնել զէնքը ՍԱՀ զօրքերինՙ Դամասկոսի հարաւային արուարձանում գտնուող պաղեստինեան «Եարմուկ» ճամբարում:
ՍԱՀ զօրքերը շարունակեցին Դամասկոսի մօտ սեղմել աւազակային խմբաւորումների շրջապատման օղակը բոլոր ուղղութիւններով` Նաշաբիա, Նուլա, Դուման, Զիբդին: ՍԱՀ ուժերը ոչնչացրեցին «Սիրիայի յեղափոխականների ճակատ» ահաբեկչախմբաւորման առաջնորդին` ալ-Մասսաալմային:
11.01.2016թ. դրութեամբ ՍԱՀ կառավարական զօրքերը շարունակեցին յարձակումը Դամասկոսի արուարձաններում: Կատարուել է Դամասկոսի թաղամասերի, մասնաւորապէս` Արեւել. Գուտայի «մաքրման» ռազմագործողութիւն: ՍԱՀ կառավարական բանակի առաւելագոյն առաջխաղացումը կատարուել է հետեւեալ ուղղութիւններով` Բլալիա, Նաշաբիա եւ Հաուշ-Հարաբու: Մեր ունեցած տեղեկութիւնների համաձայն` հենց միայն ԻՊ-ի եւ Ջաբհաթ ալ-Նուսրայի ողջ մնացած եւ Դամասկոսից Ռաքքա տարհանուած գրոհայինների թիւը հասնում է 4.000-ի… Նրանց պայման է դրուել` յանձնելու ծանր սպառազինութիւնը…
Սակայն ԻՊ-ն շարունակում էր ՍԱՀ-ի օրինական իշխանութիւնների դէմ իր յարձակումներն այլ ուղղութիւններում: 2016թ. յունուարին ԻՊ-ն յարձակուեց ՍԱՀ Դեյր էզ-Զօր քաղաքի վրայ, որը պաշարուած վիճակում էր, սակայն ԻՊ-ին չյաջողուեց զաւթել քաղաքը: Յօդուածաշարիս նախորդ մասերում անդրադարձել ենք Դեյր էզ-Զօրի` այդ «Սիրիական Բայազետի» պաշարմանը:
ԻՊ-ն, ըստ երեւոյթին, պատրաստ է բոլոր միջոցներով հասնել իր նպատակների իրականացմանը: Այդ մասին կարող են վկայել նաեւ համաշխարհային լրատուադաշտում յայտնուած տեղեկութիւնները` ԻՊ-ի կողմից քիմիական զէնքի ստեղծման մասին: Այդ մասին հաղորդել է հեղինակաւոր Independent պարբերականը` յղում կատարելով ԱՄՆ ազգային հետախուզութեան ներկայիս տնօրէն, օդուժի պահեստազօրի գեներալ-լէյտենանտ Ջէյմս Կլեպպերի համապատասխան հաղորդմանը: Աւելին, 2015թ. ընթացքում ԻՊ-ի զօրաջոկատները քիմ. զէնքը կիրառել են իրենց հակառակորդների դէմ տարբեր ճակատներում մղուող մարտերի ընթացքում…
Խալիֆաթի զօրաջոկատները բացայայտօրէն պատերազմում են ոչ միայն Սիրիայում եւ հարեւան Իրաքում , այլեւ Լիբանանում, Աֆղանստանում, Ալժիրում, Պակիստանում, Լիբիայում, Եգիպտոսում, Եմենում, Նիգերիայում, ահաբեկչական գործողութիւններ անցկացնում մի շարք այլ երկրներում…
ԻՊ-ի «պահեստային պլացդարմում»ՙ Լիբիայում նրանք յայտնուեցին 2014թ. ապրիլին, երբ զաւթեցին քաղաքացիական պատերազմի ճիրաններում եւ դրսից հրահրուած ու դրսից կառավարուող քաոսում յայտնուած հիւիսաֆրիկեան այդ երկրի առափնեայ Դերնա քաղաքը: 2015թ. փետրուարին ԻՊ-ն պաշարեց Լիբիայի Սիրտ խոշոր քաղաքը եւ զաւթեց նրա հարեւան Նոֆալիան, ինչպէս նաեւ ալ-Մաբրուք նաւթահանքը: 2015թ. դեկտեմբերի կէսի դրութեամբ ԻՊ-ն Լիբիայում զաւթեց նշանակալից տարածքներՙ մօտ մի քանի հարիւր կիլոմետր Լիբիայի առափինՙ Սիրտ քաղաքի հարեւանութեամբ: Նպատակն էրՙ ապահովել իր մուտքը դէպի լիբիական նաւթահանքեր եւ ստեղծել նոր յենակէտ ՙ սիրիական Ռաքքայի փոխարէն, որը յայտնուել էր ՌԴ-ի եւ վերստին ակտիւացած արեւմտեան կոալիցիայի օդուժի հարուածների ներքոյ: Ընդ որում, ամենուր, որտեղ իշխանութիւնն անցնում է ԻՊ-ին, ստեղծւում են շարիաթական դատարաններ: Ի դէպ, Լիբիայում, ըստ ԱՄՆ հետախուզութեան 2016թ. ամենամեայ զեկոյցի` գրոհայինների թիւը 5-6 հազ. է, այսինքն նախորդ ամիսների համեմատ կրկնապատկուել է… Սակայն հաշուի առնելով ԱՄՆ կողմից ԻՊ-ի զօրքերի թուաքանակի մասին տուեալների կրկնակիից մինչեւ հնգակի պակաս տալու անհասկանալի աւանդոյթը, կարող ենք ասել, որ իրականում Լիբիայում ԻՊ-ի գրոհայինները 12.000-ից պակաս չեն:
2015թ. ԻՊ-ն ակտիւացրեց իր գործողութիւնները նաեւ Աֆղանստանում: Ի դէպ, ԻՊ-ի գրոհայինների մի մասը հաւաքագրուել է Թալիբանի տեղական խմբաւորումներից: Աֆղանստանը նաեւ 2-րդՙ «շեղող» ճակատ է ընդդէմ ՌԴ-ի …
Ահա սա է պատճառը, որ զգալով սարսափելի աղէտի մերձեցումըՙ որոշ երկրներ եւ բազում միջազգային կազմակերպութիւններ ճանաչել են ԻՊ-ն որպէս ահաբեկչական կազմակերպութիւն:
ԻՊ-ի զաւթած տարածքը 2014թ. դրութեամբ կազմում էր 40-90 հազ. քառ. կմՙ հաշուի առնելով ռազմագործողութիւնների արդիւնքում տեղի ունեցող սահմանների հեղհեղուկութիւնը… ԻՊ քուազի-պետութեան բնակչութիւնը այդ ժամանակ շուրջ 8 մլն էր եւՙ գերազանցապէս սուննիադաւան, իսկ ԻՊ-ի տիրապետութեան ներքոյ յայտնուած այլադաւանները` հիմնականում դատապարտուած ոչնչացման (արական սեռին պատկանողները) կամ ստրկացման (հիմնականումՙ իգական սեռին պատկանողները), քանզի ԻՊ-ի գրոհայինները պատկանում են իսլամի սուննի դաւանանքի ռազմաշունչ վահաբական ճիւղի դաժանՙ սալաֆիստական ենթաճիւղին:
2015թ. ապրիլի կէսերի դրութեամբ ԻՊ-ն կորցրեց Իրաքում իր զաւթած տարածքների 25-30%-ըՙ մօտ 8-10 հազ. քառ. կմ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման յայտարարել է, որ ԻՊ-ն կորցրել է Իրաքում սկզբնապէս զաւթուած տարածքների շուրջ 40%-ը (մեր հաշուարկներով, դա կազմում էր մօտ 24.000 քառ. կմ): Տուեալների համադրութիւնը թոյլ է տալիս եզրակացնել, որ չնայած Իրաքի ռազմաճակատում ԻՊ-ի կրած անյաջողութիւններին, որոնց արդինքում նա տարածապէս նուազել էր, փոխարէնը սիրիական ռազմաճակատում ԻՊ-ը 2015-ի ամռան վերջին եւ աշնան սկզբին ՍԱՀ-ի տարածքների հաշուին «աճել» էր: Ընդհանուր առմամբ ԻՊ-ն 2015թ. աշնան սկզբին վերահսկում էր արդէն աւելի քան 166.000 քառ. կմ, այսինքն գրեթէ 60.000 քառ. կմ տարածքով աւելի, քան 2014թ. իր յաջողութիւնների ժամանակ: Պէտք է ենթադրել, որ գրեթէ համապատասխան չափով կամ աւելի քիչ, աճել էր նաեւ ԻՊ-ի հպատակ բնակչութեան թիւը, ըստ իս, արդէն իսկ կազմելով մօտ 12 մլն: Ուստի, չնայած ԻՊ-ի մասին համաշխարհային լրատուադաշտում առկա թուային տուեալների տարբերութիւններին եւ երբեմն էլ իրարամերժութեանը, այնուամենայնիւ ակնյայտ է, որ ԻՊ-ն շարունակում է մնալ տարածաշրջանային եւ գլոբալ մասշտաբի լուրջ սպառնալիք: Միայն 30.09.2015թ. սկսուած լուրջ ռազմական միջամտութիւնը, որը շարունակւում է արդէն աւելի քան 4,5 ամիս, զգալիօրէն զսպեց ԻՊ-ի յարձակողական թափը: Երբեմն ՌԴ-ԻԻՀ-ՍԱՀ հարուածներն այնքան հուժկու էին, որ ԻՊ-ի ղեկավարները սկսել են մտածել իրենց «Խալիֆաթի» մայրաքաղաքը Սիրիայից եւ ընդհանրապէս Ասիայից Աֆրիկա, կոնկրետՙ Լիբիայի Դերնա քաղաք տեղափոխելու մասին…
Նկար 1. Համաշխարհային իսլամական խալիֆաթի 5-ամեայ ընդլայնման քարտէզի տարբերակներից մէկը, ըստ Երուսաղէմի հանրային յարաբերութիւնների կենտրոնի. Խաիլֆաթը` Իսպանիայից Չինաստան…