Մալաթիայի տոնավաճառն այսօրվանից փակ է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խախտումների պատճառով է տոնավաճառի գործունեությունը կասեցվել։
Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնել էր, որ 17 թերություններից 12-ը վերացված է։ Երեկ նա հանդիպում է խնդրել տեսչական մարմնի հետ։
Մալաթիայի տոնավաճառի մոտ 10 աշխատակիցներ, շուկայի տնօրեն Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ, պատրաստվում են հանդիպել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տոնավաճառի աշխատակիցների պահանջները:
«Այսօր պետք է պատասխան տան, թե քանի օր ժամանակ են տալիս՝ շտկելու որոշ թերություններ, որպեսզի կարողանանք աշխատել։ Հիմա 10 հոգով կգնանք տեսչական մարմին, մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը սպասում է մեզ: Զրուցենք ու տեսնենք, թե ինչ կլինի վերջնական որոշումը»,- հայտնել է տոնավաճառի տնօրենը։
«Մալաթիա» տոնավաճառի տաղավարներն այսօրվանից փակ են, աշխատակիցներն առավոտից բողոքի ցույց են անում՝ իշխանություններից պահանջելով վերանայել իրենց մոտեցումն ու գնահատականը, ժամանակ տալ, որպեսզի խախտումները վերացվեն և տոնավաճառի աշխատանքը վերականգնվի։
Տոնավաճառի փակվելու պատճառով 600 մարդ կորցնում է աշխատանքը։