Հայկական գենետիկ կոդի՝ ԴՆԹ-ի ինքնահրկիզման խասյաթ ունենալու մասին փաշինյանական տեսությանը ծանոթանալիս հիշեցի լիբանանյան քաղաքացիական պատերազմից մի դրվագ՝ որքան տխուր, այնքան ծիծաղելի:
Դեպքը վերաբերում է արաբ մի կնոջ, որն իր երկու զավակներին առած՝ գնում է սոցապահովության նախարարություն՝ օգնություն խնդրելու: Սրտաճմլիկ բառերով, որով այնքան հարուստ է արաբերեն արդեն հարուստ լեզուն, կինը ներկայացնում է իր եւ երեխաների թշվառ վիճակը եւ պաշտոնյային ասում. «Թող Աստված քեզ պահապան լինի, օգնիր մեզ, ոչ ոք չունենք մենք, ամուսինս 5 տարի է արդեն՝ կորել է, չկա, ոչ մի տեղեկություն չունենք նրա մասին»:
Պաշտոնյան, որ մինչ այդ աչքերը տնկել էր կնոջ փորին՝ ցուցամատն էլ է տնկում եւ տալիս է հարցը. «Հապա ի՞նչ է սա, դու հղի ես, ումի՞ց է»: Կինը, առանց կորցնելու իրեն՝ աչքերը հառում է դեպի երկինք եւ ասում՝ «մին Ալլահ», այսինքն՝ «Աստծուց է»: Պաշտոնյան, չկարենալով զսպել քմծիծաղը՝ պատասխանում է. «Այդ մեղքն է՞լ բարդեցիր Աստծու վրա»:
Բնավ չի բացառվում, որ Հայաստանում, սատանայի ականջը խուլ, հաջորդ որեւէ դժբախտ դեպքի պարագայում Փաշինյանն այս անգամ մեղքը գցի Ալլահի վրա:
Հ.Ա.