Կեղծիքով դրամ վաստակելու նոր հնարամտություն են բանեցրել զեղծարարները: Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ տեխնիկական զննման կտրոններ տպագրելու եւ իրացնելու հանցավոր շղթա, որի մասնակիցները Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում բազմաթիվ քաղաքացիների վաճառել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ:Հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված խուզարկությունների արդյունքում Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալած սենյակներում, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիների բնակարաններում հայտնաբերվել են 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ: Հայտնաբերվել է նաեւ կեղծ կտրոններ տպագրող տպարանը: Իրացված կեղծ կտրոնների իրական թիվը ճշտվում է, այնպես որ` մի անգամ էլ ստուգեք ձեր տեխզննման կտրոնը, համոզվելու համար, որ այն կեղծ չէ: