Գերմանական Carplane ընկերությունը Ֆրիդրիխսհաֆենի ավիացուցահանդեսում ներկայացրել է նախատիպը այն թռչող ավտոմեքենայի, որի առաջին թռիչքը պետք է կայանա ընթացիկ ամռանը: Նորույթի տարբերիչ գիծը նման փոխադրամիջոցների համար անսովոր երկիրան կառուցվածքն է: Այդ մասին հաղորդում է Aviation Week պարբերականը:
Մշակողների խոսքերովՙ նման կառուցվածքը մեքենայի լավ կառավարելիություն է ապահովում գետնի վրա շարժվելիս: Այդ դեպքում ծալովի թեւերը պահվում են երկու իրանների միջեւ, ինչը բացառում է վերամբարձ ուժի հայտնվելը մեծ արագությունների ժամանակ: Բացի դրանից, նվազում է կողային ուժեղ քամու բացասական ազդեցության հավանականությունը, քամի, որը վտանգավոր կլիներ, եթե թեւերը ծալվեին թափքի երկայնքով:
Տվյալ կառուցվածքը թույլ տվեց օգտագործել լիարժեք 15 դույմանոց ճանապարհային անիվներ: Երկիրան հորինվածքը նվազագույնի է հասցնում թռիչքի ժամանակ առաջացող անվիների բացասական աերոդինամիկ դիմադրությունը:
Ավտոմեքենա-օդանավը հանդերձավորված է 850 խոր. սմ ծավալով տուրբինացված 151 ձիաուժ երկգլանավոր շարժիչով, որը սպառում է ոչ էթիլային բենզին: Շարժիչը զուգորդվում է 7 դիապազոնանոց հատուկ շարժահաղորդչի հետ:
Գետնի վրա շարժվելու համար նախատեսված է հինգ փոխանցում (այդ թվում մեկըՙ հետընթացի համար), վեցերորդը թռիչքի ժամանակ պտտման ուժ է հաղորդում պտուտակին, իսկ յոթներորդ աստիճանը արագ վերսլացքի համար միաժամանակ շարժման մեջ է դնում պրոպելլերն ու անիվները: Թափավազքի համար պահանջվում է մոտ 80 մետր: Մոտավորապես նույնքան տարածություն է անհրաժեշտ վայրէջքի եւ լիակատար դադարի համար:
Gizmag հրատարակությունը մանրամասնում է, որ թռիչքի հեռավորությունը 833 կմ է, փաստական բարձրակետըՙ 4570 մետր: Թռիչքի միջին արագությունը ժամում 200 կմ է, գետնի վրա առավելագույն արագությունըՙ 176 կմ/ժամ: Մեքենայի քաշը 795 կգ է:
Թռչող ավտոմեքենայի մշակումը ֆինանսավորում են Եվրոմիությունը եւ Ներքին Սաքսոնիա երկրամասի իշխանությունները: Սպասվում է, որ գործող սարքը պատրաստ կլինի հուլիսին, իսկ հետո հավաստագրման աշխատանքներ կծավալվեն մասնավոր ներդրողների ներգրավմամբ: Ենթադրվում է, որ մեքենան համապատասխան հավաստագրեր կստանա 2018-ին:
Ներկայումս թռչող ավտոմոբիլների ամենահայտնի մշակողը Terrafugia ֆիրման է: 2009 թ. ամերիկացիները ցուցադրեցին իրենց առաջին մոդելըՙ Transition-ը, որը հավաստագրվեց որպես «թեթեւ մարզական օդանավ»: Ընկերությունն այժմ մշակում է հիբրիդային ուժակայանքով եւ ուղղաբերձ թռիչքի համակարգով մեքենա: