Ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի վերջին շրջանի ակտիվության ֆոնին` հետաքրքրական է, որ հուլիսի 14-ին Արցախում էր եւ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումներ էր ունենում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը: Նա հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ` երկու դեպքում էլ քննարկելով Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը եւ այն դիտարկելու ներկա պահի խնդիրները: Մասնավորապես` անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, որի մասին հանձնառություն կար Վիեննայի հանդիպմանը, իսկ ահա այդ հանձնառության դետալները կարծես թե Սանկտ Պետերբուրգում առանձնապես չեն քննարկվել: Այդպես էլ անհայտ մնաց, թե շփման գծում տեղի ունեցող հետաքննական լայն մեխանիզմների ներդրումը հատկապես ովքեր են տորպեդահարում, չնայած ենթադրելը դժվար չէ: