Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՉՔԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

09/09/2016
- 09 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Մենք եւ մեր միլիցիոներ-ոստիկանները

Աչքովս տեսածն եմ ասումՙ մանկական հուշերիցս. քեռիս ոստիկան էր, ավելի ճիշտՙ միլիցիայի մայոր: Հենց մեր տուն էր գալիս, բակի չարաճճի տղաները թաքստոցներից կանչում էին. «Միլիցա-պեպելնիցա, ատամներդ քարից ա»: Քեռիս ներողամիտ ծիծաղով մեր տան դուռը բաց էր անում, բայց ես նրա ծիծաղի մեջ ինչ-որ տխուր բծեր էի տեսնում: Մորս խնդրում էի. «Քեռուն ասաՙ էլ այդ համազգեստով մեր տուն չգա»: Մեր ազգականները քեռուս հոգու հետ խաղում էին. «Տո քեզնից ի՞նչ միլիցա. դու մրջյուն էլ չես տրորի, դու միլիցեքի անվան հետ խաղում ես»: Քեռիս էլի ներողամիտ ծիծաղում էր, ու նրա ծիծաղի մեջՙ նորից այդ տխուր բծերը: Մի օր քեռիս էլի մեր տուն եկավ: Բակի չարաճճի տղաները քեռուս վրա չնայեցին էլ. իրենց «բռնոցի-պպզոցին» շարունակեցին: Քեռիս այլեւս միլիցիայի մայոր չէր, այլ սովորական քեռի: Հագին վանդակավոր, բաց կապույտ վերնաշապիկ էրՙ առանց ուսադիրների: Նա աշխույժ ծիծաղեց. նրա ծիծաղի մեջ տխուր բծեր չկային:

Աչքովս տեսածն եմ ասումՙ պատանեկան հուշերիցս. մեր հարեւանի տունը կռիվ էր ընկել: Ուզում էին իրենց մինուճար որդուն բանակից ազատեն ու ելքը գտել էինՙ միլիցիայի դպրոց: Խառը տարիներ էին. տղաներին հենց փողոցից բռնում-տանում էին Ղարաբաղՙ կռիվ: Դպրոցը նոր ավարտած Արտուշի մայրը եղբորից փող էր պարտք արել, մարդ մեջ գցել, որ միլիցիայի դպրոցի տնօրենությանը կաշառի, տղային ընդունել տա: Արտուշի հայրը բղավում էր. «Իմ տղան միլիցա դառնա՞, ես միլիցու հեր ե՞մ, բա ամոթ չի՞»: Իսկ մայրը լաց էր լինում. «Ոչինչ, դիմացի, բա մինուճարիս տանեն կրակի բերան գցե՞ն»: Արտուշին ընդունել տվեցին միլիցիայի դպրոց. նա բանակից ազատվեց: Աշխարհով մեկ եղած մայրը մոմի լույսի տակ աչքալուսանքի սեղան գցեց: Մի-երկու հարեւան մտան նրանց տուն, այն էլ մանրամասներ իմանալու, թե Արտուշի բախտը ոնց, ինչ միջոցներով բերեց: Արտուշի մոր եփած-թխածը մինչեւ առավոտ սեղանին սառավ-մնաց:

Մեր բակի տղաների հետեւից հերթով «պավեստկա» էր գալիս, բացի Արտուշից: Նա ուսանողական գրքույկը միշտ ծոցագրպանում էր պահում, որ եթե ստուգեն, հանի-ցույց տա. ինքն ապահովագրված է բանակից ու պատերազմից: Մի-երկու շաբաթից մեր երկրորդ հարկի հարեւան Դավիթի բանակի քեֆն էր: Դավիթն ու Արտուշը նույն դասարանում էին սովորել: Դավիթի հայրն ու մայրը պարտք արեցին, որ իրենց տուն եկող-գնացողին հյուրասիրեն-ճանապարհ դնեն: Ամբողջ թաղը Դավիթենց տանն էր: Նրան զուռնա-դհոլով ճանապարհեցին Ղարաբաղ: Բակի տղաները Դավիթին ձեռքների վրա պահածՙ օդ էին թռցնում, «ջա՜ն, Դավո ջան» գոռում: Արտուշը չկար:

Աչքովս տեսածն եմ ասում. մեր օրերում մի առավոտ երթուղային տաքսի բարձրացավ մի զինվոր: Ուղեւորներիս հայացքները վայրկենապես ջերմացան, իսկ տղամարդկանցից մեկն անմիջապես վեր կացավ, թեՙ նստիր, ցավդ տանեմ: Զինվորն, իհարկե, չնստեց: Երկու կանգառ հետո մի տատիկ փողը վարորդին տվեց, թեՙ երկու հատ ստացիր, մեկն էլ մեր զինվորի տեղը: Վարորդն առարկեց. «Ես զինվորի հարյուր դրամը ոչ մի անգամ չեմ վերցնում, մայրիկ ջան. էսօր քոնն էլ չեմ վերցնում, որ դու էդքան ջիգյարով մարդ ես»: Զինվորը կարմրեց. շոգը քիչ էր, անհարմար վիճակից է՛լ ավելի քրտնեց:

Աչքովս տեսածն եմ ասում. դարձյալ մեր օրերում մի առավոտ երթուղային տաքսի բարձրացավ մի երիտասարդ ոստիկան: Ազատ տեղ կար, նստեց: Հաջորդ կանգառում մայր ու աղջիկ բարձրացան: Ոստիկանը տեղն ուզում էր զիջել, կինը հրաժարվեց ու քթի տակ մռթմռթացՙ ինձ քո տեղը պետք չի: Ոստիկանը կարմրեց. շոգը քիչ էր, անհարմար վիճակից է՛լ ավելի քրտնեց:

Աչքովս տեսածն եմ ասում. Արցախյան պատերազմի վետերաններին մամուլի ակումբներից մեկը հրավիրել էր զրույցի: Թեման 1990-94 թվականների մեր հաղթանակներն ու պարտություններն էին: Հաղթանդամ, ազդեցիկ արտաքինով բանախոսներ էինՙ միլիցիայի նախկին բարձրաստիճաններ, որ մասնակցել էին արցախյան ազատամարտի կարեւոր ճակատամարտերին: Ոգեւորված պատմում էին իրենց սխրանքներից ու մեզ էլ ոգեւորում: Նորաթուխ լրագրողուհիներից մեկը, որ արագ-արագ արձանագրում էր նրանց ասածները, ձայնի անկեղծ երանգով բացականչեց. «Ես էլ չէի ուզում գալ էս ասուլիսին. ինչ լավ եղավ, որ եկա. կարծիքս լրիվ փոխվեց ոստիկանների մասին: Ուրեմն դուք հասել եք մինչեւ Նախիջեւան ու փորձել ազատագրե՞լ այն… Ո՜նց եմ սիրում ձեզ»: Նախկին միլիցիայի նախկին բարձրաստիճան ազատամարտիկի խոսքը բերանում մնաց: Մյուս բանախոսն իրավիճակը հարթեց. «Աղջիկ ջան, երկու ժամում Նախիջեւանը կվերցնեինք, եթե Երեւանիցՙ իշխանություների կողմից հրաման չգար, թեՙ հետ եկեք, թե չէ զինվորական դատարանի առաջ պատասխան կտաք: Իզուր էլ լսեցինք նրանց, պիտի առաջ գնայինք, ջհանդամ թե գլխներիս չէին սարքի ու բանտում փտեցնեին: Հիմա գոնե մեր հողերը մերը կլինեին»: Բամբ ձայնով, խիտ հոնքերով ու ամրակազմ ազատամարտիկ-միլիցիոներներն այդ օրը պատմեցին այն, ինչը մինչ այդ երբեք չէին ասել: Քսան տարուց ավելի կուլ էին տվել, իրենց ներսի ճշմարտության բերանը կարել ու այդ օրը մեկը մյուսին լրացնելովՙ պատմում էին, սկզբումՙ կցկտուր, միմյանց խոսքը կասեցնելով, բայց հետոՙ ավելի անկաշկանդ ու թեթեւացած: Պատմում էին պատերազմի դավերի, յուրայինների դավաճանության, դասալքության ու «վերեւների» քաղաքական խաղ-խարդավանքների մասին: Միլիցիան խոսեց, բայց մենքՙ լրագրողներս, որոշեցինք լռել խոսող բերանների լեզուները կտրել չտալու համար: Ճիշտ է, միլիցիան հիմա ոստիկանություն է դարձել, բայց դեպքերի ու դեմքերի վրա վաղեմության ժամկետ դեռ չի իջել:

Աչքովս տեսածն եմ ասումՙ մանկական հուշերիցս: Ձմեռ էր, ընտանիքով Երեւանից Աբովյան քաղաք էինք գնում: Հայրս մեքենայի ղեկին էր. մայրս, բարուրը գրկին, արցունքներն էր կուլ տալիս: Ես ու քույրս սսկվել-նստել էինք. նույնիսկ իրար վրա լեզու հանելու տրամադրություն չունեինք: Նորածին քրոջս տանում էինք աբովյանցի բժշկի մոտ: Գոնե նա մի ճար աներ. երեւանցի բժիշկները մորս խորհուրդ էին տվել համակերպվել իրավիճակի հետ: Հորս սրտից արյուն էր կաթում. շտապում էր, բայց օրինապահ վարորդ էր, խախտում չէր անում: Միլիցիան կանգնեցրեց: Տռուզ փորով, ցրտից ու վիտամինների ավելցուկից շողշողացող թշերով կարճահասակ միլիցիոներ էր: Հորս դեմ տվեց ձեռքի փայտիկն ու հրահանգեցՙ փչի՛: Հայրս փչեց. խմած չէր: Մեքենան դրսից ու ներսից հայացքով չափեց-զննեց. կասկածելի բան չգտավ: Ծոր տալով հարցրեց. «Երեւանից Աբովյան ինչի՞ եք գնում»: Հայրս պատասխանեցՙ «Երեխան հենց հիմա 40 աստիճան ջերմություն ունի, պիտի արագ հիվանդանոց հասցնենք. բժիշկն սպասում է, իսկ երեխան սպասել չի կարող»: Միլիցիոների հոնքն էլ չշարժվեց: Ծոր տալով շարունակեց. «Բա էս ցրտին կանգնած ենք առավոտից, չե՞ս ուզում գրպանս տաքացնես»: Կապույտ 5-նոցով հայրս նրա գրպանը տաքացրեց, որովհետեւ միլիցիոների գրպաններն այդպես տաքացնելուն էին վարժեցրել նրան իր ընկերները, ընկերների ընկերներն ու մի ամբողջ երկիր: Քրոջս փրկեցին, բայց ոչ բժիշկները, այլ մայրսՙ իր կամքի ուժով, հավատով ու համառությամբ: Իսկ միլիցիային իմ մանկական պատկերացումներում այդպես էլ ոչ ոք չփրկեց, անգամ մրջյուն չտրորած քեռիսՙ միլիցիայի մայորի իր ուսադիրներով, հակամիլիցիոներական խառնվածքով ու էությամբ:

Աչքովս տեսածն եմ ասում. ավելի ճիշտՙ իմ տեսածը շատերն են տեսել «Սասնա ծռերի» հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ արված լուսանկարըՙ երիտասարդ աղջիկն ու ոստիկանըՙ գրկախառնված: Աղջիկը հարցրել էր. «Եթե հրաման ստանասՙ կրակել, դու կկրակե՞ս ինձ վրա»: Ո՛չՙ պատասխանել էր ոստիկանը: Աղջիկն էլ հուզված գրկել էր նրան: Հետո պարզվեց, որ ոստիկանի համազգեստով տղան նկարիչ է: Ու քանի որ հիմա նկարչությամբ փող չես վաստակի, տղան ստիպված հերթափոխով ոստիկան է աշխատում: Այստեղից ոչ թե սկսում են մեր իրականության պարադոքսային երեւույթները, այլ այստեղ դրանք խաչվում են ու բախվում: Ու եթե աչքովս էլ տեսնեմ, էլ ոչինչ չեմ ասի: Գրվածքիս շարունակության մեջ արդեն ուրիշներն են խոսելու:

Պարզ հետեւություն. շարունակությունըՙ հաջորդիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԲՐԻԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՏԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՏԵԼ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական