168․am-ը գրում է․ Արցախում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոր ռիսկեր է ստեղծել տնտեսության անվտանգության համար։ Որքան էլ իշխանությունները դա չնկատելու տան ու ինքնամոռաց փառաբանեն անցած տարի պատահական գործոնների արդյունքում արձանագրված աճերն ու տնտեսական միջավայրի բարելավման առումով իրենց ձեռքբերումները, դրանք դատարկ խոսակցություններ են լինելու, առանց անվտանգային միջավայրի։
Տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներն ազդում են առաջին հերթին՝ ներդրումների և հատկապես՝ օտարերկրյա ներդրումների վրա։ Այդ ազդեցությունն առաջիկայում անպայման կտեսնենք։
Թեև մինչ այդ էլ այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունը փայլում էր ներդրումային ակտիվությամբ։ Այդ են վկայում նաև կատարված ներդրումների վերաբերյալ հրապարակված վերջին պաշտոնական ցուցանիշները։
Հայտարարությունները, որոնք երբեմն-երբեմն հնչեցնում են պետական պաշտոնյաները Հայաստանում իրականացված ներդրումների ու ներդրումային միջավայրի վերաբերյալ, իրականությունից շատ հեռու են։