ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր
Հայ ժողովրդի մեծագույն ողբերգության` Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները մնացին հետեւում: Արձանագրվեց, որ Երկիր մոլորակի բոլոր մասերում իրականացվեցին հիշատակի, ոգեկոչման եւ խոնարհումի մեծաքանակ ձեռնարկներ: Տասնյակ երկրների խորհրդարաններ, նախագահներ ու վարչապետեր այդ առիթով ընդունեցին տարբեր բանաձեւեր ու հայտարարություններ, վերահաստատումներ: Այս ամենի արդյունքում բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ առավել խորությամբ ընկալեցին հայ ժողովրդի հետ կատարվածը եւ իրենց համերաշխությունը հայտնեցին նրան:
Այժմ արդեն քննարկվող, վերլուծվող եւ ամփոփվող հարցերի հարցը հետեւյալներն են. ինչպե՞ս էին կազմակերպված դրանք եւ ի՞նչ տվեցին: Առաջին հարցին ի պատասխան նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանագրով ստեղծված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին, ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարություններին, Գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ դեսպանություններին եւ միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչներին հրահանգավորված միջոցառումները պատշաճ ձեւով կազմակերպելու, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորման եւ դրանց միջեւ արդյունավետ փոխգործակցություն ապահովելու խնդիրը իրականացված էր բարձր մակարդակով: Միանգամայն տեղին ու ժամանակին էր այդ հանձնաժողովի ընդունած Համահայկական հռչակագիրը եւ հայությանն ու միջազգային հանրությանը ներկայացրած պետության եւ ազգի տեսլականը, մոտեցումներն ու սկզբունքները ցեղասպանությունը վերապրած ժողովրդի տեսանկյունից: Հռչակագիր, որը հենվում էր միջազգային փաստաթղթերի վրա, ոգեկոչում մեր նահատակների հիշատակը, երախտագիտություն էր հայտնում այն բոլոր պետություններին, որոնք գրկաբաց ընդունեցին մեր հայրենակիցներին եւ դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Հռչակագիր, որը հայության բոլոր սերունդներին ուղղված կոչ է` հիշել, հիշեցնել եւ պահանջել, հասնել Հայ դատի արդարացի եւ վերջնական լուծմանը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմն էլ շատ ներկայացուցչական էր: Նրանում ներգրավված անդամները ներկայացնում էին հայության գրեթե բոլոր հատվածներն ու կարեւորագույն գործառույթներ իրականացնող ինստիտուտները: Մնում է միայն ասել գովասանքի խոսքեր: Կարճ ասած` հանձնաժողովում ներգրավված էին գրեթե մեր բոլոր կարող ուժերը, որոնք արեցին ամեն հնարավորը: Այնպես որ, սա էր մեր ռեսուրսը եւ այն լավագույնս օգտագործվեց:
Երկրորդ հարցին ի պատասխան նշենք ամենակարեւորները. 1. հզոր թափով եւ պետական մակարդակով մեկ անգամ եւս աշխարհալուր արվեց XX դարի առաջին ցեղասպանության փաստը եւ քաղաքակիրթ մարդկության ուշադրությունը սեւեռվեց այդ տխուր եւ երբեմն հանիրավի մոռացության մատնված պատմական իրողությանը, 2. Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբացվեցին Մեծ եղեռնի բոլոր նահատակները, 3. նախկին խեղճ, թախծոտ, լալկան ու օգնություն հայցող դիմում-բողոքներին փոխարինելու եկան համաշխարհային առաջադեմ մարդկությանն հասցեագրված ավելի շատ սթափեցնող եւ, որ ամենակարեւորն է` պահանջատիրոջ կեցվածքով, փաստարկված եւ հիմնավոր ելույթները, 4. միջազգային հանրությանը հայ ժողովուրդը ներկայացավ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն եւ Սփյուռք ամրակուռ եռամիասնության տեսքով, որը մեր գալիք հաղթանակների խոսուն վկայություն է եւ հիմնավոր առհավատչյան, քանի որ (գաղտնիք չէ եւ շատ անգամներ ապացուցված) պատմության բոլոր կեռմաններում, բոլոր վճռորոշ փորձությունների ժամանակ, երբ մենք միասնական ենք եղել, անպայման հաղթել ենք, 5. շեշտվեց, որ 100-ամյա տարելիցը նշելով եւ ցեղասպանության նահատակներին սրբացնելով բոլորովին էլ չի ավարտվում մեր անելիքը, այլ նոր թափով ու նոր մեթոդներով շարունակվելու է: Ավելի խելամիտ, հավասարակշռված, գիտականորեն հիմնավորված եւ իրավունքի տարբեր ճյուղերին հարիր դրսեւորումներով համաշխարհային տարբեր կառույցներում մեր պահանջատիրությունը պիտի այսուհետ եւս թմբկահարվի, դատաիրավական միջազգային դրույթներին համապատասխան հետապնդվի, 6. աշխարհի յուրաքանչյուր անկյունում Հայոց ցեղասպանության եւ պահանջատիրության խնդիրներով զբաղվող բոլոր կառույցների համագործակցության անհրաժեշտության գիտակցում եւ այլն:
Արձանագրվեց նաեւ, որ համաշխարհային առաջադեմ ողջ հանրությունը, բարեկամ երկրներից շատերը ոչ միայն կիսում են մեր ցավը, այլեւ կանգնած են մեր կողքին եւ հետամուտ` ցեղասպանության հետեւանքների վերացման գործում: Դրա առհավատչյան թերեւս պետությունների ղեկավարների այն ներկայացուցչական կազմն էր, որ ներկա գտնվեց բոլոր միջոցառումներին:
Արդյունքների ամփոփման ձեւերից մեկն էլ ՀՀ Սփյուռքի եւ ՀՀ Մշակույթի նախարարությունների կողմից առանձին-առանձին լույս ընծայված ժողովածուներն են: Դրանցից Սփյուռքի նախարարության հրատարակածը փաստաթղթերի եւ լուսանկարների ժողովածուն է, որն աչքի է ընկնում տպագրական բարձր ու անթերի մակարդակով եւ ձեւավորման իրատեսական մետեցմամբ: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի վերոնշյալ հանձնաժողովն ստեղծելու մասին հրամանագրին հաջորդում է 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամների լուսանկարները: Այնուհետեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի «Հիշել, հիշեցնել եւ պահանջել» վերնագրով յուրակերպ զեկույցն է այն հսկայածավալ աշխատանքների մասին, որ իրականացրել է իրենց նախարարությունը: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պետականորեն ծրագրվեց եւ իրականացվեց, քանի որ հայ ժողովուրդն էր միակ պատվարը պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի աշխարհակուլ քաղաքականությունը կյանքի կոչելու եւ իրականություն դարձնելու դեմ: Իսկ ցեղասպանությունն իրականացնողները «եվրոպաներում կրթված» եւ իշխանության եկած ծայրահեղական երիտթուրքերն էին, որոնք շատ լավ գիտակցում էին, որ հայերն ավելի զարգացած էին, ունեւոր, գործունյա եւ որ ամենակարեւորն է` բնակվում էին իրենց բուն հայրենիքում եւ հիմնական պահանջատերերը իրենց իրավունքների ու ազատությունների:
Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ 1,5 մլն անմեղ զոհերից եւ մեծաքանակ գաղթականներից բացի ահռելի չափերի հասան մշակութային, տարածքային ու նյութական կորուստները: Հայտնի իրողություն է նաեւ, որ ցեղասպանությունը` որպես միջազգային ատյաններում ընդունված հասկացություն, միս ու արյուն ստացավ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի հեղինակած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» փաստաթղթում, որն ընդունվեց 1948 թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից: Այն միջազգային իրավունքում ամրագրեց, որ ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ եւ բոլոր ստորագրող պետությունները պարտավոր են պատժել ցեղասպանության հանցագործներին: Ի դեպ, Թուրքիան նույնպես 1951 թ. վավերացրել է այս կոնվենցիան, որը սակայն մինչ օրս մնացել է ձայն բարբառոյ յանապատի:
Ժողովածուում արձանագրված է նաեւ, որ 2015 թվականը պատմության հոլովույթում ամրագրվեց որպես հայ ժողովրդին հայոց պետության շուրջ համախմբելու, միասնաբար գործելու, աշխարհին եւս մեկ անգամ իրազեկելու այն ծանրագույն հանցագործության մասին, որ կատարվել է Օսմանյան կայսրության ժամանակ, որի իրավահաջորդ Թուրքիայի հանրապետությունը պարտավոր է ճանաչել, դատապարտել այն եւ ամեն ինչ անել ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար:
«Փաստում են լուսանկարները» խորագրի ներքո ներկայացված են 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները կարճ տեղեկատվությունների եւ լուսանկարների լեզվով: Մասնավորապես տպագրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, Հայոց ցեղասպանությունն ընդունած միջազգային տարբեր կառույցների ու երկրների խորհրդարանների օրենքները, բանաձեւերը, որոշումները եւ հայտարարությունները: Դրանց հաջորդում են աշխարհի տարբեր երկրներում «Հիշում ենք եւ պահանջում» խորագրով կազմակերպված արդարության քայլարշավների, բողոքի երթերի եւ հանրահավաքների, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի, Գլոբալ ֆորումի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին անդրադարձած աշխարհի բոլոր լրատվամիջոցների, տարբեր երկրներում այդ թեմայով տպագրված նամականիշերի, սկիզբ առած բազմաթիվ շարժումների, վահանակների, ցուցանակների, ֆլեշմոբերի, մոմավառությունների, համաժողովների, գիտաժողովների, հիշատակի եւ ոգեկոչման արարողությունների, տեղադրված հուշարձանների, խաչքարերի, ծառատունկերի, մշակութային միջոցառումների, ցուցահանդեսների, գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքների մասին պատմող լուսանկարները:
Քանի որ ժողովածուն հասցեագրված է աշխարհասփյուռ հայության ու օտար ազգի հատկապես երիտասարդությանն ու մատաղ սերնդին, ուստի սխալված չենք լինի ասել, որ այն ունի նաեւ դաստիարակչական նպատակ ու նշանակություն: Հետեւապես որակյալ ու լուսանկարառատ եւ սակավախոսք մոտեցման սկզբունքը լիովին արդարացված է: Ընդհանուր առմամբ այն ավելի քան հաջողված է եւ արժանի է ամենայն դրվատանքի:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներն ամփոփող մյուս ժողովածուն ՀՀ Մշակույթի նախարարության պետական աջակցությամբ դարձյալ «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով հրատարակած սեղանի օրացույցն է: Այստեղ զետեղված են հայ նկարիչների 1915 թվականից հետո ստեղծված գործերը, որոնք հայ կերպարվեստի ոճային, ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ արտացոլում են նախորդ դարի առաջին մեծագույն ոճրագործությունը վերապրած, իր ներկան ու ապագան կերտել շարունակող հայ ժողովրդի հավաքական կերպարը: Նկարներից ակներեւ է դառնում, որ քաղաքակիրթ աշխարհում իրագործված ցեղասպանության դաժան հարվածները կրելուց հետո էլ հայ ժողովուրդը չի՛ ընկճվել, չի՛ հուսահատվել եւ չի՛ բարոյալքվել: Ընդհակառակը` ոտքի է կանգնել ու դարձյալ շարունակել ստեղծագործել:
Ժողովածուն վկայում է, որ հրաշքով փրկվելով Մեծ եղեռնի նախճիրից եւ հանգրվանելով աշխարհի տարբեր ծագերում, հայ ժողովրդի զավակները ոչ միայն վերընձյուղվեցին ու գոյատեւեցին, այլեւ ամենուր դրսեւորելով իրենց ստեղծագործ տաղանդը, դարձան աշխարհահռչակ ու անվանի արվեստագետներ:
Տարվա օրերի քանակին համապատասխան 365 էջից բաղկացած օրացույցի յուրաքանչյուր էջում ներկայացված է մեկ հայ նկարչի ստեղծագործություն եւ այդ նկարիչի ինքնախոստովանական կամ նպատակային որեւէ կարճ խոսք: Այս յուրատեսակ պատկերասրահում առանց ընտրության որեւէ սկզբունքի իրար են հաջորդում Գառզուն, Սերգեյ Փարաջանովը, Լեւոն Թութունջյանը, Էմիլ Գազազը, Ռաֆայել Աթայանը, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը, Ժանսեմը, Փանոս Թերլեմեզյանը, Էդգար Շահինը, Հարություն Կալենցը, Հրաչյա Ռուխկյանը, Արշիլ Գորկին, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը եւ մեր մյուս մեծերը, որոնց կողքին իրենց գողտրիկ եւ հաջողված աշխատանքներով շարքը լրացնում են մեր ոչ այքան հայտնիները:
Կարծում եմ, որ այս ժողովածուն եւս արժանի է գնահատանքի: Գտնում եմ, որ այստեսակ ձեռնարկները միանշանակ անհրաժեշտ են եւ որպես ինֆորմացիոն ու քարոզիչ նյութերՙ լրացուցիչ խթան կարող են դառնալ Հայոց ցեղասպանությունը այսուհետեւ եւս աշխարհին ճանաչել տալու եւ հայ ժողովրդի արդարացի պահանջին լուծում պահանջելու տեսակետից:
03.10.2016