17-րդ դարում Նիդեռլանդները գաղութատիրության ամենակարևոր տերություններից մեկն էր: Գրեթե 150 տարի առաջ երկիրը վերացրեց ստրկությունը, բայց հրապարակավ ներում հայցել դժվարանում էր: Դեկտեմբերի 19-ին վարչապետ Ռյուտտեն կոտրեց տաբուն: « Դարեր ի վեր Հոլանդիան խրախուսել է ստրկացումը, շահույթ ստացել», Հաագայի ազգային արխիվում ստրկացվածների ժառանգների առջեւ խոստովանել է վարչապետը, որի ելույթը սփռվել է հեռուսատեսությամբ: «Հետմահու ներում ենք հայցում բոլոր ստրկացվածներից, որ վաճառվել են, սփռվել աշխարհով մեկ, տանջանքների ենթարկվել, ներում ենք հայցում նաեւ նրանց զավակներից», ասել է Ռյուտտեն: Ելույթին ընդառաջ նախկին գաղութների ներկայացուցիչները, ստրուկների ժառանգները պահանջել էին, որ Նիդեռլանդների արքա Վիլհելմ Ալեքսանդրը 2023 թվականի հուլիսի 1-ին՝ ստրկության վերացման 150- ամյակի օրը ներում հայցի: Գերմանական ԶԼՄ-ները չեն հստակեցնում՝ արքան ինչպես է վարվելու, փոխարենը վարչապետի խոսքն են ընդգծում՝ Նիդեռլանդներն իբրեւ պետություն պատասխանատվություն է կրում: Ստրկությունը պիտի հստակ ճանաչվի որպես մարդկության դեմ ոճիր: Խորհրդարանի մեծամասնությունը կողմ է եղել ներում հայցելուն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ