Շեքարին մասնակցել է 3 ամիս առաջ ժողովրդի զանգվածային բողոքի ցույցերին: Լուրը տարածած գերմանական ԶԼՄ-ները հղում են անում արդարադատության մարմիններին եւ նրանց Misan առցանց կայքին: Մոհսեն Շեքարին մեղադրվում էր սեպտեմբերի վերջին Թեհրանի Սաթթար խան բուլվարը փակելու եւ «Բասիջ» զինված խմբավորման անդամներից մեկին ուսից դանակահարելու համար: Նոյեմբերի 1-ին Թեհրանի հեղափոխական դատարանը դատապարտել էր նրան, վերաքննիչ ատյանը մերժել էր բողոքարկումը: Շեքարին մեղավոր էր ճանաչվել՝ դիտավորյալ սպանության, ահաբեկչություն տարածելու, հասարակական կարգը խաթարելու, զենք գործածելու համար: «Շեքարին կախաղան է բարձրացվել վաղ առավոտյան: Եւս մեկ կյանքի վերջ տվեցին՝ բողոքը դադարեցնելու համար», գրել է Իրանի հարցերի փորձագետ Սահեբին: «Միջազգային համաներում» կազմակերպության կարծիքով, Իրանում բողոքի ցույցերին մասնակցած նվազագույնը 28 հոգու, որոնց թվում 3 երեխայի սպառնում է նույն ճակատագիրը: Բանտարկված ցուցարարների թվում է նաեւ հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ