Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ նախորոդ շաբաթ Թբիլիսի մեկնած հայ խորհրդարանկանների այցը կարելի է «ամուսնական զույգերի այց» անվանել. Վրաստան մեկնողների թվում են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու նրա ամուսին Նարեկ Բաբայանը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու յուր տիկինը: Բացի գեղեցիկ լուսանկարներ հրապարկելուց՝ պատվիրակության կազմում ներգրավված պատգամավորները, իհարկե, նաեւ հանդիպումներ են ունեցել վրաց գործընկերների հետ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություններ են տեղադրել ու պատմել, թե, օրինակ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ է քննարկել Վրաստանի վարչապետի կամ խորհրդարանի նախագահի հետ:
Հենց այդ հաղորդագրություններից էլ տեղեկանում ենք, որ «Վրաստանի հետ հարաբերությունները հատկապես վերջին տարիներին ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում»: Խիստ բարիդրացիական ու բարձր հարաբերություների մասին հիշատակող Սիմոնյանը, սակայն, վրաց գործընկերների հետ հանդիպման ժամանակ որեւէ տող, որեւէ բառ չի արտաբերել այս օրերին Լարսի սահմանային անցակետում արդեն մոտ մեկ ամիս սպասող բեռնատարների մասին: Տարատեսակ ապրանքներ տեղափոխող բեռնատարների վարորդները, որ Լարսի անցակետից մինչեւ Թբիլիսիի մերձակայքը հարյուրավոր կիլոմետրանոց հերթի մեջ են, զրկված հիգիենայի տարրական պայմաններից, երբեմն անգամ սննդի խնդիր չեն կարողանում լուծել: Ընդամենը մի քանի կմ կտրել անցնելու եւ այս մարդկանց հետ հանդիպելու, կամ նրանց խնդիրը վրաց գործընկերներին ներկայացնելու փոխարեն մեր երեսփոխանները, ըստ երեւույթին, նախընտրել են գեղեցիկ լուսանկար ունենալու մասին մտածել: Ինչ խոսք, դա նրանց մոտ լավ է ստացվել:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակին, ապա այդ մասին մեկ ամիս հերթի մեջ գտնվող վարորդները շատ ավելին կպատմեն, քան ուղղակի գեղեցիկ տեքստերն են:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ