ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի բաժնի վարիչ
Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի եւ Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր Արա Հակոբյանի նախաձեռնությամբ ֆակուլտետում հյուրընկալվեց նույն ֆակուլտետի նկարչական բաժնի 1976 թ-ի շրջանավարտ, լոնդոնաբնակ հայտնի նկարիչ Արթուր Օշականցին :
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մեծ սրահում կազմակերպվեց հանդիպում-վարպետաց դաս նկարչական բաժնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների համար: Հարյուրից ավելի ուսանողներին եւ հյուրերին ողջունեց ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը: Արթուր Օշականցի մարդուն-ստեղծագործողին ներկայացրեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Իր ստեղծագործական ճանապարհի, ստեղծագործական փուլերի, ստեղծագործելու տեխնիկայի մասին համառոտ խոսեց Արթուր Օշականցին:
Այնուհետեւ ներկաների համար գործնական տեսանելիության պայմաններում նա սկսեց միաժամանակ ստեղծագործել երեք կտավների վրա: Այն ինչ կատարվում էր այդ պահին սրահում, ոչ միայն ստեղծագործական երկունք էր, այլ նաեւ գույների հետ իրական կախարդի խաղ: Ստեղծագործության ամբողջ ընթացքում նա նաեւ բացատրում էր իր գործողությունները եւ երեւակայության մեջ ստեղծվող պատկերները, որ իրականացնում էր կտավի վրա: Նկարիչը տարերքի մեջ էր եւ ընդամենը մեկ ժամում ստեղծեց երեք նկարահենք (իր խոսքով դրանք դեռ ավարտուն չէին):
Աշխատանքի ավարտից հետո Արթուր Օշականցին պատասխանեց ուսանողների եւ դասախոսների բազմաթիվ հարցերին: