«Առաջնահերթություններն, իհարկե, փոխվել են։ Հիմա առաջնայինը Հայաստանի սահմանների անվտանգությունն է, օտար զորքերի դուսբերումն է մեր տարածքից։ Ապահովել երկրի անկախությունը, երկրի տարածքային ամբողջականությունը»,- ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, երբ լրագրողները նրան հարց տվեցին, թե Արցախի կարգավիճակի հարցը կա՞ խաղաղության փաստաթղթում։
Փոխնախարարը հայտարարեց, որ նախկինում էլ Արցախի կարգավիճակի հարցի հստակ ձևակերպում Հայաստանի կողմից չի եղել որևէ փաստաթղթում, հիմա էլ չկա։ Հիմա արցախցիների անվտանգության հարցն է դրված՝ որպես առաջնային լուծման առարկա։
«Խաղաղության փաստաթղթի ո՛չ, ամերիկյան, ո՛չ ֆրանսիական, ո՛չ ռուսական, ո՛չ Եվրամիության տարբերակ չկա, կա հայկական ու ադրբեջանական տարբերակ։ Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբևիցե չենք կապել Արցախի ապագայի հետ։
Նախկինում մենք ունեինք միայն ԼՂ հիմնահարց, հիմա մենք ունենք Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության խնդիր»,-նշեց Պարույր Հովհաննիսյանը։