Կոստաս Ֆալտաիցը հույն լրագրող է եղել, որն աշխատակցել է «Embros» թերթին եւ լուսաբանել հույների պայքարը Նիկոմեդիայում (Իզմիթ) 1921 թվին:
Թեոդոր Կարակոստասը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթում գրախոսել է նրա «Հույների ցեղասպանությունը Թուրքիայում» (The Genocide of the Greeks in Turkey) գիրքը, որտեղ 1920-21 թվերի Նիկոմեդիայի (Իզմիթ) կոտորածներից վերապրողների վկայություններն են ամփոփված: Այդ գիրքը ժամանակին Հունաստանի արտգործնախարարության կողմից օգտագործվել է Փոքր Ասիայում հույների իրավունքները պաշտպանելու համար: Գիրքը նախ ֆրանսերեն է թարգմանվել, այնուհետեւ նաեւ անգլերեն Էլեն Ֆուֆաս-Ջուսմայի եւ Արիս Ցիլֆիդիսի կողմից: Նախաբանը գրել է Թեսա Հոֆմանը: Գրքի նախնական վերնագիրը եղել է «Սրանք են թուրքերը»:
Կարակոստասի գնահատմամբ գիրքը խիստ կարեւոր փաստաթուղթ է, որն ընդգրկում է նաեւ մի ամբողջ գլուխՙ հայերի Ցեղասպանության սարսափելի նկարագրություններով եւ որն արժանի է իր ուրույն տեղն զբաղեցնելու էկումենիկական պատրիարքության «Սեւ գիրքը», Ջորջ Հորտոնի «Ասիայի խորտակումը» եւ Էդուարդ Հեյլ Բիրշտադի «Մեծ դավաճանություն» նման հատորների շարքում:
«Ֆալտաիցը մեծ գործ է կատարել եւ մեծ ծառայություն պատմությանըՙ ներկայացնելով քեմալիստների վայրագությունները փաստագրական տվյալներով եւ ականատեսների վկայություններով: Գիրքը հետաքննական լրագրության հիանալի օրինակ է», եզրակացնում է Կարակոստասը: