Ես ինչպե՞ս հավատամ, որ խոր աշուն է, երբ մեր բակի՝ քո տնկած բալենին, ոսկի հագած ընկուզենու կողքին իր կանաչ հանդերձը չի հանձնել: Ընդդիմանում է, դիմադրում է, գարնան եւ ամռան կարոտ է, ինչպես դու…
Ես ինչպե՞ս հավատամ, որ Շուշին մերը չէ, երբ դու մարմինդ՝ Շուշիում երեք անգամ խոցված մարմինդ նոյեմբերի 7-ին Եռաբլուրին պահ տալուց առաջ, նախ հոգիդ էիր Մատաղիսից բերել, հանձնել այդ Քաղաքին, որ Երեւանի հետ կամուրջ դառնա, կապը չընդհատվի…Բայց Երեւանը աքաղաղի կանչին էլ չի սպասել, արդեն երկու անգամ ուրացել է՝ քեզ նման Արցախում զինվորական ծառայության մեկնածներին դուրս է հանել դրախտից, դժոխքի դուռը ՀՀ-ի համար բաց անելով, իսկ սեպտեմբերի 27-ին վաշինգտոնյան մի թղթով արձանագրել՝ «Մենք հնարավորություն չունենք Արցախի ինքնորոշման իրավունքը մեր ռեսուրսներով պահելու»… Երկյուղածությամբ, ամոթահար սպասում ենք հրաշքի, որ կանխի երրորդ ուրացումը:
Ես ինչպե՞ս հավատամ, որ Բերձորը մերը չէ, երբ քո ալմա մաթերի՝ Երեւանի պետական համալսարանի բակում Բերձորից բերված քո անվամբ կոչված եղեւնին տեսարանն իրենով է արել, սաղարթը փարթամ, փշերն էլ ցից են… եւ մի կատու՝ առնետաորս եւ ինքնիշխան պահպանում է այդ տարածքը: Բերձորից, Սուսից, Աղավնոյից հայերը դուրս եկան. առնետները շատացել են…
Ես ինչպե՞ս հավատամ, որ դու զոհվել ես, երբ վաղը՝ նոյեմբերի 12-ին դու 26 տարեկան ես դառնում: 2020-ի նոյեմբերի 1-ին, երբ երկրորդ անգամ տաքսիով Արցախ մեկնեցիր, հետդ մի շիշ շամպայն էիր վերցրել, որ 12-ին ծնունդդ նշեիք: Նոյեմբերի 6-ին, Շուշիում մարտական առաջադրանքը կատարած, արնաքամ, բայց դեռ գիտակից, ժպիտով ասել ես՝ տղե՛րք,շամպայնը մնաց, չենք հասցնի խմել…
Մենք սիրում ենք քո կենսաբանական ծնունդը՝ նոյեմբերի 12-ը, քանզի Գեւորգ Արշակյան աստծո ընծան՝ այդ օրն ենք ստացել, իսկ դու քո ստացածի գինն էիր կարեւորում՝ նախընտրում էիր քո գիտակցական ծնունդը՝ սեպտեմբերի 21-ի տոնը ընկերներիդ, գաղափարակիցներիդ հետ նշել:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ամբիոնից հրաժարվում են…Արցախից, հայերեն ասած՝ մենք մեզնից ենք հրաժարվում: Եթե Արցախից հրաժարվում ենք, ոտնահարում ենք ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը՝ քո սրբությունները: Նշանակում է Եռաբլուրում անմահացած հերոսներից ենք հրաժարվում, նրանց գիտակցական ընտրությունն ենք արհամարհում, նսեմացնում, ոչինչ դարձնում…
Բայց Եռաբլուրը, Հայաստանը մարմինն է, հոգին Արցախում է եւ չի հանձնվում:
Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում մեծ հանրահավաք էր: Քո ոգին նրանց պաշտպանն է, քո լույսը երկյուղի խավարն է ցրում, քո գիտելիքը բանակցելու բանալին է, քո սերը կանաչ է պահում, հողին կպած է պահում ծառ ու մարդ այդ հավիտենական հայոց հայրենիքում: Դու սիրում էիր Արցախի բարբառը, հենց նրանց շեշտով ասում էիր՝մու՛նք, որ թարգմանաբար նշանակում է՝ մենք՝ հայությունը ողջ…
Դարեր ի վեր հայոց մղած բազում ճակատամարտերի մասին դու ինձնից լավ գիտեիր, մեր առավելությունների ու սխալների մասին քո շեշտադրումները միշտ ունկն իմ զմռսել է, ես՝ արցախյանը գիտեմ:
1988-ից ի վեր հրապարակում եմ եւ չեմ հիշում, թե ե՞րբ սերը հեռացավ մեր հրապարակից, մոլախոտն այսքան առատ դարձավ, ե՞րբ խառնվեց մեր մեռոնին, ե՞րբ ուրացանք մեր եղբորը:
Վաղը քո լույս ծնունդն է՝ արդեն երրորդ անգամ դու մեզ հեռացրել ես քեզ գրկելու, համբուրելու, քեզ հետ շամպայն խմելու անհրաժեշտությունից, քանի որ Շուշիի, իմա՝ Արցախի, իմա՝ Հայոց երկրի, մեր անվտանգությունը, մեր լինելու պաշտպանությունն ես գերադասել ապահովել: Մեզ զրկել ես քո մարմնականից, թեեւ ձայնդ, ծիծաղդ, խոսքդ դժվար է համակերպվել, թե մարմնական են: Արտոնել ես զգալ քեզ: Բոլոր դժվար օրերին, մատնության, դավաճանության, պարտության, նշաձողն իջեցնելու օրերին փորձում եմ զգալ քո ներսը…քո վեհ հայացքից ամաչում եմ:
Վաղը քո ծնունդն է, եւ ես հավատում եմ քո վերադարձին…ես հավատում եմ, որ քո սուրբ մարմինը, որ կամուրջ է առ Արցախ, մեզ միացնելու է, սիրո ծիածան է կապելու: Որ քո հոգին անդորր չի գտնի այնքան, մինչեւ հայոց դիմադրող ոգին հաղթանակած չելնի…
Իմ սուրբ Գեւորգ, ես ծառան եմ քո ուխտի:
Մորաքույրդ` ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարում` Հայելիները փոխանցում են Գեւորգի տեսանելի կերպարը՝ միշտ իրենով լցնում էր, հագեցնում տարածքը…