Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսքի եւ վրձնի վարպետները՝ մեկ գրքում

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լույս է տեսել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը՝

Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով եւ կից՝ անգլերեն թարգմանությամբ

Խոսքի մեծ վարպետ, սիրո, քնարական, խոհական, պանդխտության, հայրենիքի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 147-ամյակի առթիվ միջոցառումներն այս տարի պսակվեցին նրա «Աբու-Լալա Մահարի» պոեմի նոր հրատարակությամբ: Դեռ երեք տարի կա հայոց պոետի հոբելյանական տարվա կազմակերպական աշխատանքների համար, բայց արդեն Իսահակյանի տուն-թանգարանի աշխատակազմը ձեռնարկում է առաջին քայլերը՝ մշակութային այդ իրադարձությունն ըստ հարկի նշելու համար: Եվ առաջինը պետք էր նոր գիրք հրատարակվեր՝ բանաստեղծի խոհա-փիլիսոփայական պոեզիայի գլուխգործոցը՝ «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Թանգարանի օտարազգի այցելուները, ծանոթանալով Վարպետի կյանքի եւ ստեղծագործական ուղու պատմությանը, հաճախ են ուզում հատկապես ձեռք բերել պոեմի թարգմանությունը, եւ ոչ միայն անգլերեն լեզվով՝ պատմում է թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը:

Եվ ահա արվել է առաջին քայլը. պոեմը թարգմանել է Զաբել Բոյաջյանը, նախաբանը գրել է բանաստեղծի թոռը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը: Հրատարակությունն առավել թանկ եւ գնահատելի են դարձնում պոեմի՝ ժամանակին Մարտիրոս Սարյանի արած ձեւավորումներն ու այդ գրական ստեղծագործության թեմային համահունչ այլ նկարներ, որ նորատիպ գրքում գունավոր մի տասնյակ էջեր են կազմում, ինչպես նաեւ բանաստեղծի երկու դիմանկարները: Գիրքը երկկողմանի է՝ երկուական շապիկ եւ դարձերես ունի, զուգադիր՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով տեքստերի եւ երկլեզու նախաբանների համար, երկու երես՝ ասես՝ երկու առանձին «մուտք»: Ձեւավորողի մտահղացո՞ւմն է դա, թե՞ ստեղծագործություններն ընթերցողին մատուցելու նման այլ օրինակներ էլ կան՝ ինձ համար անհայտ է: Տուն-թանգարանի տնօրենությունը հույս ունի, որ բանաստեղծի հոբելյանական տարում կունենանք «Աբու-Լալա Մահարու»՝ աշխարհի բազում լեզուներով թարգմանությունները եւ դրանց հրատարակությունները, որն արդեն պետք է արվի համապատասխան նախարարության եւ ինստիտուտների աջակցությամբ եւ գործուն մասնակցությամբ: Թե որքա՛ն արժեքավոր է այս պոեմը, եւ ինչքա՛ն կարեւոր է այն թարգմանաբար ներկայացնելով՝ հայ հանճար զորությանը եւ գրական մտքի խորությանն ու գեղագիտությանն աշխարհին ծանոթացնելը, վկայում է ռուս  բանաստեղծ Վալերի Բրյուսովի գնահատականը. «Իսահակյանը հասնում է կատարյալ խորհրդանշանային ընդհանրացումների եւ արդյունքում կերտում լավագույն պոեմներից մեկը բոլոր ժամանակների համար»:

«Երբ գրվեց «Աբու-Լալա Մահարի» պոեմը, մեր առջեւ երեւաց մեկ այլ Ավետիք Իսահակյան:  «Երգեր ու վերքեր»-ի, «Հայդուկի երգեր»-ի, «Ալագյազի մանիներ»-ի հեղինակի կողքին վեր հառնեց համաշխարհային վշտի ու թախծի, մեծ ընդվզման փիլիսոփա-բանաստեղծը,-  գրքի նախաբան – գրախոսականում գրում է Ավիկ Իսահակյանը:- Եվ օրինաչափ էր, որ համապարփակ ժխտման այս պոեմը գրել է հենց հայ բանաստեղծը, որովհետեւ պատմական ժամանակահատվածում, երբ գրվեց «Աբու-Լալա Մահարի»-ն, հայ ժողովուրդն առավել՝ քան աշխարհի մեկ այլ ժողովուրդ (խոսքը քաղաքակիրթ եւ լուսավորության բովով անցած ժողովուրդների մասին է) իրավունք ուներ ատելու ու ընդվզելու, ժխտելու ու ձաղկելու, խարազանելու ու դատափետելու, եւ իրեն հատուկ հավատով ու հույսով ձգտելու փոխել այս հին աշխարհը, հազար ու մի մեղք գործած ու մեղք գործող այս աշխարհը»:

Պոեմի գաղափարաբանության մասին էին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի մեծ սրահում անցկացված շնորհանդեսին գրականագետ Արմեն Ավանեսյանի եւ Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի ելույթները: «Վստահ եմ, որ «Աբու-Լալա Մահարի»-ն այսօր էլ արդիական է,- ասաց Ա. Ավանեսյանը:- Պատահական չէ, որ հեղինակը, նույնանալով Աբու-Լալայի հետ, կարծես թե մեկուսանում է, փակվում իր մեջ, գնում անապատ՝ մերժելով ամեն ինչ: Այն արհավիրքները, որ տեսավ Իսահակյանը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկբին, բնականաբար, նման տրամադրությունների տեղիք պետք է տային: Հենց ինքն էր, որ ասել է՝ «Կգա ոգու սով»՝ տեսնելով, թե ինչպիսի անտեսված վիճակում է մշակույթը, կրթությունը, եւ պարզ է, որ արդյունքը հարյուր տարի հետո մենք տեսնում ենք՝ ոգու սովը ո՛նց է եկել, չոքել մեր դռանը»: Սարյանական նկարազարումները նկատի ուներ բանախոսը, երբ ասաց. «Երկու մեծերն են այս գրքում հանդիպել իրար՝ Իսահակյանի բանաստեղծության «գույները» եւ Մարտիրոս Սարյանի գեղանկարչական «խոսքարվեստը»: Սարյանի կտավներում կա խոսքը, եւ քանի որ պատկերավոր, վառ խոսք ուներ Իսահակյանը, կարող ենք տեսնել՝ ինչպե՛ս է ինքը գունավորում ու երանգավորում իր ստեղծագործությունները, հատկապես՝ «Աբու-Լալա Մահարի» պոեմը»:

«Մի ամիս առաջ էր, որ Իսահակյանի արձակը պարսկերենով հրատարակվել էր Թեհրանում, եւ այդ իրադարձությունը եւս նշեցինք Իսահակյանի տուն-թանգարանում,- ասաց Էդ. Միլիտոնյանը:- Իսահակյանը այն հայ մեծերից է, որ գնալով աշխարհում ավելի ընդարձակ տեղ է գրավելու ընթերցողների սրտերում: Նա հսկայածավալ եւ՛ բանաստեղծական, եւ՛ իմացական խորքեր ունի, եւ այդ ամենով գրավելու է աշխարհի շատ ժողովուրդների ընթերցող սրտեր: Նա ոչ թե ատում է մարդուն, այլ ասում է՝ ատելի մի՛ եղիր: Պետություններին, հասարակարգերին է ուղղում իր խոսքը: Այս ամենը մի աստվածաբանական էություն ունի, որ բացասականը նշելով՝ դեպի դրականն է մղում»: Էդ. Միլիտոնյանը հատուկ կանգ առավ Իսահակյան քնարերգուի լեզվի հարստության, գեղեցկության վրա:

Գրքի շնորհանդեսի գեղարվեստական մասում կենդանի ընթերցումների հետ տեսանյութերով հնչեց նաեւ Վարպետի ձայնը, որն ընդմիջվեց Իսահակյանի խոսքերով գրված երգերով: Իսահակյանի քնարերգությունն առատ նյութ է եղել բազում կոմպոզիտորների համար. այդ հարստությունից կատարվեցին Արմեն Տիգրանյանի եղանակավորած «Ա՜խ, իմ ճամփեն», «Սեւ աչեր», Նիկոլ Գալանտերյանի երաժշտությամբ «Շուշան աղջիկ», Հարո Ստեփանյանի՝ «Է՜յ, դու ջահել, հպարտ հասակ» եւ Դանիել Ղազարյանի՝ «Քույր իմ նազենի» երգերը: Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ հանդես եկան Անդրանիկ Մալխասյանը, Աննա Պողոսյանը, Դիանա Հարությունյանը եւ Արսեն Գրիգորյանը: Կայացավ նաեւ Իսահակյանի խոսքերով նոր երգի պրեմիերա: Մարգարիտ Սարգսյանն «Անի» վերնագրով երգը ստեղծել է բանաստեղծի երկու գործերի հիման վրա, երկուսն էլ՝ նվիրված Անիին: Հայրենիքի սիրով տոգորուն այդ բանաստեղծություններից առաջինն Իսահակյանը գրել է 1926 թվականին, իսկ երկրորդը՝ 1955-ին: Երգի համար այդ երկու քերթվածքների տեքստերը միավորվել են՝ իբրեւ կրկներգ՝ գործածելով 1955-ին գրված տողերը.«Քո հին թշնամին, Անի՛, չե՞ս տեսնում,

Խուժել է նորից քո դաշտերի մեջ,

Բայց վառվում է դեռ մեր ակութներում

Հինավուրց ուխտի կրակը անշեջ:

Դո՛ւ, հին դրոշակ, դո՛ւ, բագին փառքի,

Հենվել եմ նորից քո անմահ սյունին.

Եվ սպասում եմ, եւ դարեր ոտքի

Քո իրավաբեր շեփորիդ ձայնին…»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցավակցական

Հաջորդ գրառումը

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Վահագնի ծնունդը» 50 լեզուներով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական