ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա
Փետրվարի 4-ին Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցուն կից սրահն անկարող եղավ տեղավորել 55-ամյա Սարգիս Հացպանյանի մահվան բոթից արցունքն աչքերին մարդկանց, որ Եվրոպայի տարբեր անկյուններից, Թուրքիայից, հիմնականումՙ Պոլսից, Քյոլնի համայնքային սրահն էին եկել մխիթարանքի խոսք ասելու քյոլնաբնակ նրա երկու քույրերին ու նրանց ընտանիքի անդամներին, որ թուրքահայերի ավանդույթի համաձայնՙ դառը սուրճի հետ սպիտակաձավարով պատրաստված հալվա էին բաժանում ի հիշատակ հանգուցյալի: Բլրաձեւ սպիտակ հալվայի վրա սուրճի փոշիով խաչը հիշեցնում էր տխուր առիթը ու ներկա հայերին, ասորիներին, հույներին մի տեսակ միավորում վշտի առիթով համախմբված «խաչից հեռու» քրդերի, թուրքերի, զազաների, ալեւիների հետ, նրանք էլ նույն հալվան էին ճաշակում լուռ, սեւ ժապավենով զարդարված վառվող մոմերի լույսի տակ, հայացքները դիտապաստառին, որ Սարգիս Հացպանյանի տարբեր տարիների լուսանկարներն էր ներկայացնում, հիմնականումՙ Հայաստանում, Արցախում: Ամենախորհրդանշականը դրանց մեջՙ Սարգսի եւ ադրբեջանուհի Շեյխա Խանումի հետ Քարվաճառում 1993-ի ապրիլի 1-ի լուսանկարն է, որ հայերիս խաղաղության կոչն է մեզ ագրեսոր համարող դրացիներին: Քյոլնում շատերն էին նախընտրել Սարգսի սեւ-սպիտակ լուսանկարը գնդասեղով իրենց կրծքին փակցնել: Ինձ համար մոռացված մի պատկեր, որ հիշեցրեց, թե Երեւանում այս սովորույթը բացակայում է վերջին տասնամյակներին: Ազդեցիկ էր ոչ այնքան սեւ գույնի տիրապետությունը, որքան այն, որ մոտ 300 հոգանոց բազմության մի մասը մինչեւ վերջՙ 3 ժամ կանգնած մնաց, բայց չհեռացավ: Նկատել էին, որ Հացպանյանի լուսանկարով սեւազգեստ տղամարդկանց շարքում հայտնի թուրք երկու մտավորական կաՙ գրող Դողան Աքհանլին եւ հրատարակիչ Ռագիբ Զարաքոլուն : Սարգսի զարմիկիՙ քրոջՙ Սաթենիկի որդուՙ քյոլնաբնակ փաստաբան Իլիաս Ույարի լռությունն ընդհատած հուզիչ խոսքը, որ երեք լեզվով էրՙ հայերեն, գերմաներեն եւ թուրքերեն, ավելի շուտ երախտագիտական էրՙ Լոնդոնից, Պոլսից Քյոլն հասած մարդկանց ուշադրության եւ սիրո հանդեպ այսպես ասածՙ «պարտադրված»: Դողան Աքհանլին գերմաներեն խոսեց, ավելի ճիշտՙ կարդաց նախօրոք գրածը, իրեն հատուկ հանդարտությանն այս անգամ խեղդող արցունք էր խառնվել: «Սարգիս Հացպանյանին էլ, Հրանտ Դինքին էլ հայ համայնքում 2004-ին ծանոթացա: Եթե մեդալի մի կողմը Հրանտն էր, մյուսն անկասկած Սարգիսն էր: Հրանտը աքսորում էր Ստամբուլում, Սարգիսըՙ սփյուռքում: 1962-ի փետրվարի 12-ին էր ծնվել, Իսկենդերունի հայկական գերեզմանոցում, իր կենսագրականում նշել էր, թե գրեթե միակ իրադարձությունն այն է, որ «գերեզմանոցում է լույս աշխարհ եկել», ասաց Աքհանլին, ու նրաՙ Սարգսի մասին հիշատակի խոսքը Թուրքիայի հայահալած պատմության մասին ակնարկ էր նաեւ, մի երկրի, որտեղից հոծ ներկայությունը Քյոլնում միայն աքսորյալների շրջանակը չէր, նրանց մի մասը նույն երկիր էր վերադառնալուՙ դառը գիտակցելով, որ անցյալը ներկա է, իսկ ապագայի հույսը փնտրում ու չեն գտնում, մանավանդ երբ պատրիարքական աթոռակռիվը հանդարտելու միտում չունի:
«Բեկչյանին շատ թիկունք եղավ Սարգիսը, իսկ նրանից ոչ մի ցավակցական հեռագիր», ասաց կողքիս կանգնած պոլսահայերից մեկն այն պահին, երբ Աքհանլիի ձայնը հուզմունքից անլսելի դարձավ: «Մենք ընկերներ էինք. 2005-ին երկու շաբաթ Հայաստանում էի, կարճ ժամանակամիջոցում նա ինձ հանրահայտ դարձրեց: 5 տարի անցՙ 2010-ին երկուսս էլ բանտում էինք. նաՙ Երեւանում, եսՙ Ստամբուլում: Մենք ճաղերի ետեւում, մեր հայրերն իրենց մահկանացուն կնքեցին: Ես դավաճան էի, ուստի արտոնված չէր թաղմանը մասնակցությունս, Սարգիսն, հակառակըՙ հերոս էր, բայց ինքն էլ մասնակցելու առիթը չունեցավ, քանի որ պետության ղեկավարի սխալների մասին լռելու սովոր չէր… Իմ բանտարկության օրերին ինքը բանտից համերաշխության մի ակցիա նախաձեռնեց, որը հանրային ուշադրության արժանացավ. հորս մահվան առիթով էլ բանտում քրիստոնեական հոգեհանգիստ պատվիրեց: Ավելի ուշ միջազգային ճնշումը նպաստեց, Սարգսին ազատ արձակեցին, բայց նա մնաց նույն համառն ու ըմբոստը, մերժեց Ֆրանսիա մեկնելու առաջարկը, որի քաղաքացիությունն ուներ: Կյանքի վերջին օրերին ընտանիքի անդամներից զարմիկ Արմանը քաջությունն ունեցավ հարցնելՙ քեզ որտե՞ղ հուղարկավորենք: Հայաստանո՛ւմ, ասաց Սարգիսը: Միգուցե Ֆրանսիայում էլ կամ Քյոլնում… սխալ չէ, նորից կրկնեց Արմանը: Հայաստանում, երրորդ անգամ պնդեց Սարգիսը: 1962-ին սուրբ Սարգսի օրը ծնված Սարգիսը սուրբ Սարգսի օրն էլ մահկանացուն կնքեց, Հրանտ Դինքի մահվան 11- րդ տարելիցի հաջորդ օրըՙ հունվարի 20-ին: Սարգիս Հացպանյանը Հայաստանում է: Նրա մահվան հետ համակերպվել այդուհանդերձ չի լինում… միգուցե այնժամ, երբ ցուցանի, որ կյանքին հրաժեշտն էլ դիմադրության մի կերպ է», հրաժեշտի խոսքը եզրափակեց Դողան Աքհանլին:
Նրա ելույթն միայն ինձ չէ, որ դուր եկավ, բայց միայն ես համարձակությունն ունեցա խնդրել Աքհանլիին, որ գրավոր տեքստն ինձ տա: 3 էջանոց շարադրանքը վերոնշյալ հատվածից բացի «Ազգ»-ում դժվար հրատարակենք, բայց այն գրողի գիր է, մի օր պետք կգա:
Ռագիբ Զարաքոլուի խոսքը հասկանալի էր միայն թուրքերենի գիտակներին: Էրդողանի Թուրքիայից վտարանդի, Շվեդիայում ապաստանած թուրք հրատարակիչը նկատելի էրՙ սրտի խոսք էր ասում:
Ես մխիթարության բառեր էի որոնում, իսկ Սարգսի քույրերն ինձ գոտեպնդելու ուժն ունեցանՙ «նրա անունով դպրոց ենք հիմնելու Արցախում»: Աստվածավախ, քրիստոնեական հավատին ամուր կառչած թուրքահայերից ո՞վ ավելի լավ գիտի, որ լուսավորությունն ու հայոց լեզուն մեր հոգու աղոթավայրն են:
Միգուցե սա էլ դիմադրության կերպ է: