ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու
Այն ժամանակ, երբ համաշխարհային մամուլի ուշադրությունը շարունակում է սեւեռված մնալ Սիրիայում ընթացող պատերազմի եւ այդ հարցում վերջին շրջանում Թուրքիայի մասնակցության վրա, միջպետական լարվածություն է սկսում հասունանալ նաեւ Միջերկրական ծովում: Սրվող նոր հակասության պատճառը նավթի ու գազի պաշարներն են, որոնք 2000-ականների սկզբին հայտնաբերվեցին Կիպրոսի, Լիբանանի, Իսրայելի եւ Եգիպտոսի ջրային տարածքների հատման գոտում:
Իտալական ENI, ամերիկյան ExxanMobile եւ այլ ընկերություններ Կիպրոսի, Իսրայելի եւ Եգիպտոսի պատվերով որոնողական աշխատանքներ էին իրականացնում այդ պետությունների ջրային տարածքներում: Նմանատիպ աշխատանքներ իրականացվում էին նաեւ Թուրքիայի ափամերձ ջրային տարածքում եւս, սակայն դրական արդյունքներ ստացվեցին միայն Կիպրոսից հարավ ընկած հատվածից:
Ըստ նախնական հետախուզական աշխատանքների գնահատմանը, այդ տարածքներում մի քանի հանքերի մեջ միաժամանակ կենտրոնացված է մոտ 5 տրիլիոն խ/մ գազ եւ մինչեւ 600 միլիոն բարել նավթ: Միանգամից ասենք, որ նավթի պաշարները առանձնապես տպավորիչ չեն, սակայն գազի պաշարները հետաքրքրական են ու դրանց շահագործումը կարող է էականորեն փոխել Միջերկրական ծովի հարավ-արեւելյան հատվածների նշանակությունը գազի արդյունահանման տեսանկյունից:
Սա հատկապես կարեւոր է ափամերձ պետությունների` Կիպրոսի, Իսրայելի, Եգիպտոսի եւ Լիբանանի համար, որոնք լինելով մեծամասամբ էներգակիրներ սպառող պետություններ, կարող են վերածվել դա արդյունահանող եւ նաեւ արտահանող երկրների: Սա էականորեն փոխում է այս պետությունների ռազմաքաղաքական ու նաեւ էներգետիկ կշիռը տարածաշրջանում` նրանց հնարավորություն տալով ապահովել իրենց անվտանգության մակարդակը ու եկամուտներ ստանալ դրանց արտահանումից:
Գաղտնիք չէ, որ այս տարածաշրջանից ոչ շատ հեռու գտնվող Եվրոմիությունը գազի սպառման ամենամեծ շուկաներից մեկն է: Վերջինս նույնպես շահագրգռված է այս ծրագրի իրականացմամբ, քանի որ վերջապես կարող է իրական այլընտրանք ունենալ ռուսական գազին, որը կազմում է ԵՄ ներմուծվող գազի մոտ 27%-ը:
Կիպրոսը եւ հարեւան ափամերձ պետությունները մի շարք պայմանագրեր են կնքել այդ հանքավայրերի համատեղ շահագործման նպատակով: Համատեղ շահագործման մասին առաջին պայմանագիրը դեռ 2003թ. կնքվել է Եգիպտոսի հետ, երկրորդ նմանատիպ պայմանագիրն արդեն Լիբանանի հետ կնքվեց 2007թ. եւ 2010թ.: Կիպրոսը գազի հանքավայրերի շահագործման մասին պայմանագիր կնքեց Իսրայելի հետ:
Բացի շահագործման շուրջ բանակցություններից, ակտիվ կերպով երկխոսություն էր գնում դեպի Եվրոպա գազի առաքման հարցի շուրջը, ու այս առումով Կիպրոսի հիմնական գործընկերը, հասկանալի կերպով, Հունաստանն էր, որի տարածքով էլ պաշտոնական Նիկոսիան տեսնում է ապագայում գազամուղի կառուցման ծրագիրը: Հունաստանն էլ իր հերթին այս ծրագիրը դիտարկում է որպես իր էներգետիկ անկախության կարեւորագույն գործոն:
Հասկանալի կերպով այս ծրագրերից դուրս է մնում Թուրքիան, որը արդեն հայտարարել է, որ չի ճանաչում երկկողմ կնքված այդ պայմանագրերը եւ Կիպրոսի թուրքական հատվածի հետ միասին ինքնուրույն կերպով, պետական TPAO ընկերության հզորություններով փորձում է հետախուզել եւ ապա շահագործել գազի ու նավթի «իր» պաշարները: Բացի այդ, վերջինս պահանջում է, որ ապագայում կառուցվելիք գազամուղը անցնի իր տարածքով կամ իր ջրային գոտիով, ինչը նրան հնարավորություն կտա վերահսկել այդ գործընթացը:
Ծրագրի իրականացման համար Կիպրոսը ակտիվ կերպով համագործակցում է ԱՄՆ-ի հետ, որը ապահովում է այս գործընթացի քաղաքական կողմը: Պաշտոնական Նիկոսիան նաեւ հուսով է, որ Թուրքիա-Կիպրոս սրվող հակասությունների պայմաններում կունենա Վաշինգտոնի, նաեւ Բրյուսելի աջակցությունը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը պարբերաբար անդրադառնալով այս խնդրին, սպառնալիքների լեզվով է խոսում, հայտարարելով, որ ռազմածովային ուժեր կօգտագործի կանխելու համար ջրային տարածքներում, իրականացվող անօրինական գործունեությունը: Մասնագետները անդրադառնալով այս խնդրինՙ ռազմական բախման սպառնալիքը իրական են համարում, հաշվի առնելով թե թուրքական զորքերի սիրիական ներխուժումը, ե՛ւ թե խնդրի կարեւորությունը Թուրքիայի ազգային անվտագության տեսանկյունից:
Լարվածության այս օջախը սրվելու միտումներ է ցույց տալիս` պայմանավորված նաեւ Միջերկրական ծովի նշված ջրային տարածքներում ապացուցված գազի պաշարների նոր գնահատման հետ: Ըստ որոշ տվյալների, այն կարող է կազմել ավելի քան 15 տրիլիոն խ/մ, ինչը էլ ավելի գրավիչ է դարձնում դրա շահագործումը: Բացի այդ, ամեն օր ի հայտ են գալիս տեղեկություններ գազի ու նավթի շահագործման շուրջ անդրազգային ընկերությունների հետ արդեն կնքված պայմանագրերի մասին:
Մի շարք ընկերություններ արդեն իսկ սկսել են հորատանցման գործընթացը, ինչն էլ ավելի է գրգռում Թուրքիայի կատաղությունը, ստիպելով նրան շարունակաբար կոշտացնել իր հայտարարությունների տոնայնությունը: Նշենք, որ կնքվող պայմանագրերի մեջ ներառված են մի շարք նավթա-գազային ընկերություններ, որոնցից ամենախոշորներն են ամերիկյան ExxonMobile-ը, ֆրանսիական TOTAL-ը, իտալական ENI-ն եւ քաթարական Qatar Petroleum-ը:
Այս ընկերությունների ներգրավումը ծրագրերում նաեւ պայմանավորված է նշված պետությունների քաղաքական ու տնտեսական կողմնորոշիչներով: Այսինքն ընկերություններ, որոնք հստակ կերպով վայելում են իրենց իշխանությունների աջակցությունը եւ չեն հրաժարվի արդեն իսկ կնքված պայմանագրերից թուրքական ճնշման ու սպառնալիքների պայմաններում: Իսկ որ այդ սպառնալիքները կարող են իրականություն դառնալ, դրա մասին ամեն առիթով հայտարարում է Էրդողանը:
Նշենք նաեւ, որ թուրքական պետական TPAO գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության նավերը արդեն իսկ աշխատում են, այսպես կոչված «Կիպրոսի թուրքական հանրապետության»ՙ փաստորեն օկուպացված ջրային հատվածում: Սա արդեն իսկ գործող միջազգային օրենքների խախտում է, քանի որ այդ պետությունը աշխարհի կողմից ճանաչված չէ եւ թուրքական դրոշով նավերի հայտնվելը այս տարածքներում նշանակում է Կիպրոսի Հանրապետության սահմանի խախտում:
Ինչեւէ, Միջերկրական ծովի հարավ-արեւելյան շրջանի ջրային հատվածում, նավթի ու գազի նոր հանքավայրերի հայտնաբերումը նոր լարվածություն է առաջացրել տարածաշրջանում` հանգեցնելով Թուրքիայի եւ ափամերձ մի շարք պետությունների միջեւ հարաբերությունների սրմանը, ու այս գործընթացը միայն նոր-նոր է թափ հավաքում եւ այն խորացման միտում ունի` պայմանավորված այդ հանքավայրերի շուրջ մրցակցության սրմամբ եւ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ: