Վերջերս կնքված պայմանագրով Ուոթերթաունի Սբ. Հակոբ հայկական եկեղեցին ձեռք է բերել տաճարի կողքին գտնվող նախկին «Իսթ Բրանչ գրադարանի» շենքը, որն արդեն ավելի քան մեկ տասնամյակ փակ է եղել:
Ուոթերթաունի քաղաքապետարանը 2016-ին որոշել է այն վաճառել, իսկ եկեղեցու ծխական խորհուրդը նույն թվի հոկտեմբերի 30-ին միաձայն տարածքի գնման որոշում է ընդունել առաջարկելով 1,2 միլիոն դոլար, որն էլ ընդունվել է քաղաքային խորհրդի կողմից:
Եկեղեցու ծխական խորհուրդը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց առատաձեռն նվիրատվություններով հնարավոր են դարձրել իրականացնել տարածքի ձեռքբերումը, ինչպես նաեւ Ջիմ ՄկԴերմոտի ղեկավարությամբ աշխատող փաստաբանների խմբին, որը վերահսկել է ամբողջ գործընթացը:
Նախատեսվում է գրադարանի հին շենքը քանդել եւ փոխարենը կառուցել մշակույթի եւ երիտասարդության մի նոր կենտրոն:
«Սա շրջադարձային փուլ է մեզ համար եւ ամեն ջանք գործադրելու ենք, որ համապատասխան գումարը գոյանա նոր կենտրոնի աշխատանքները սկսելու համար», նշել են ծխական խորհրդի անդամները:
Նկար 1. Եկեղեցու ծխականները քաղխորհրդի անդամների հետ գրադարանի շենքի առջեւ: