Եթե «Կարմրահեր կինը» վեպի հեղինակ, Նոբելյան դափնեկիր ազգությամբ թուրք Օրհան Փամուկը որոշի այցելել Արցախ, ապա հայկական երկրորդ հանրապետության համար դա մեծ պատիվ կլինի, չի բացառվում, որ նախագահ Բակո Սահակյանն էլ նրան ընդունի, իսկ ոստիկանապետը պատվի առնի Փամուկին Արցախում տեղափոխող մեքենան: Ավելին, որեւէ թուրք կարող է հանգիստ այցելել Արցախ, ճիշտ է, պետական անցակետերում նրան ճշտող որոշ հարցեր կտան, գուցե մերկացնեն, որպեսզի տեսնեն, թե մարմնի վրա արդյոք կա՞ գորշ գայլի պատկերով դաջվածք, եթե չլինիՙ նոր միայն ներս թողնեն, ճիշտ է, նախագահ Բակո Սահակյանը որեւէ թուրքի չի ընդունի անձամբ, բայց փաստն այն է, որ աշխարհում չկա մի ազգի ներկայացուցիչ, որը չի կարող մուտք գործել Արցախ: Նույնիսկ ադրբեջանցիները, համաձայն մադրիդյան սկզբունքների, որոնք դեռ ոչ ոք չի չեղարկել, կարող են, ավելինՙ իրավունք ունեն վերադառնալ Արցախ: Այնպես որ, Արցախի մուտքը բաց է ցանկացածի առջեւՙ անկախ նրա ազգությունից, սեռից, տրամաբանում եմՙ նաեւ սեռի բացակայությունից, կրոնից ու գույնից: Նկատի ունեմՙ մաշկի, քանի որ օրինակ կապույտ մազերով աղջիկների մուտքը Արցախ… էլի կարելի է, բայց…
19-ամյա Ասյա Խաչատրյանը տարբերվող տեսակ է: Աղջիկը, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչով է զբաղվում, բայց հաստատ գիտեմ, որ ծխում է եւ մազերը ներկում էՙ ամենատարբեր գույներով: Վերջին անգամ, երբ մեկնել էր Արցախ, ինչպես ինքն է ասումՙ «տեսնելու եւ աշխատելու», մազերը կապույտ է ներկած եղել: Կապույտը, ինչպես գիտենք, երկնքի, ծովի, խաղաղության եւ… ոստիկանի համազգեստի գույնն է: Ասյան ասում է, որ իրեն Արցախում շատ լավ ընդունել են եւ, ուշադրություն, տուն են տվել: Հետո նա սկսել է աշխատել (չի ասում, թե ինչ), եւ օրերից մի օր էլ, ավելի կոնկրետՙ այս տարվա փետրվարի 1-ին, անձնական պատճառներով պատրաստվել է վերադառնալ Երեւան, գիշերվա ժամը մեկին: Հենց փողոցում էլ նրան է մոտեցել 2 ոստիկան, եւ հարցրելՙ «ամեն ինչ կարգի՞ն է»: Նա էլ պատասխանել էՙ «այո, ինչո՞ւ եք հարցնում»: Ոստիկաններն էլ ասել են, որ «դե գիշերվա այս ժամին, փողոցում մենակ աղջիկ, այն էլ սիգարետով ու կապույտ մազերով»…Մի խոսքով, ժպտացել են, միմյանց հաջողություն մաղթել ու հեռացել: Բայց գիշերը Ասյան չի վերադարձել Երեւան (ինչո՞ւ, չի ասում): Հաջորդ օրը նա գնացել է սրճարան, վառել է սիգարետը, սկսել է մի կողմից վայելել արցախյան մաքուր օդը, մյուս կողմիցՙ թունավորել սրճարաներում նստածների օդը, եւ նրան են մոտեցել ոստիկաններ, պահանջել են անձնագիրը, ինչպես ինքն է ասումՙ կոպիտ, հետո նրան տարել են բաժին: Բաժնում Ասյային, իր խոսքերով, հարվածել են, հայհոյել են, ձեռք են առել… մի խոսքովՙ բաժնում, ինչպես բաժնում, կապ չունի արցախյա՞ն ոստիկանության, թե՞, օրինակ, մոլդովական կամ նույնիսկՙ ամերիկյան: Ասյան, քանի որ ինչպես ինքն է ասումՙ նեռվոզ ունի, սկսել է հեկեկալ, այդ ընթացքում ներս է մտել ոստիկան Ջոնը, կրկնում եմՙ Արցախում աշխատող ոստիկան Ջոնը, որն, ի դեպ, միակն է Ասյային հանդիպած ոստիկաններից, որը ներկայացել է անունով, եւ Ասյային սկսել է ինքը հարցաքննել: Պարզվում է, որ Ասյան ծխում է կապույտ հաստ Winston կամ կարմիր Bond եւ, որ նա ամենեւեին էլ Բաքվում չի եղել ու «շպիոն» չէ: Ոստիկան Ջոնը Ասյային հորդորում է վերադառնալ Երեւան ու հանգիստ ապրել, Ասյան էլ ասում է, որ ուզում է մի քանի օր էլ մնալ Արցախում եւ չի ուզում փախչել, Ջոնն էլ ասում է, որ «եթե այդպես է, ապա աշխատիր փողոցներում գիշերվա մեկին չզբոսնել ու չծխել, ուզում ես ծխել, մտիր շքամուտքում ծխիր»: Ասյան էլ թեՙ «ծխել եմ ու ծխելու եմ, ավելին, եթե այստեղ որեւէ մեկի կարծիքով ծխող աղջիկը վատ բան է, որի գլխին կարելի է քարով հարվածել, ապա դուք, հարգելի ոստիկան, պարտավոր եք ինձ այդ մարդուց պաշտպանել, ոչ թե ինձ բերել բաժին ու ծեծել»: Ոստիկանն ասում էՙ «հա լավ, հանգստացիր, ներողություն»: Ասյան էլ ասում էՙ «OK»:
Հաջորդ օրը Ասյայի տուն են գալիս քաղաքացիական հագուստով երկու ոստիկան եւ առանց ներկայանալու փորձում են ներս մտնել: Եվ մտնում են: Ապա, առանց խուզարկելու թույլտվության, սկսում են աղջկա տունը զննել, որտեղ նա ապրում էր իր ընկերուհու հետ: Հետո երկուսին էլ տանում են բաժին…
Մի խոսքով, այս պատմությունը չափազանց երկար է, որպեսզի մեկ հոդվածում տեղավորվի: Հիմա Ասյան Երեւանում է, նա բողոք-դիմում է ուղղել դատախազություն, եւ ոստիկանության 6-րդ վարչությունից Դավիթ անունով ինչ-որ քննիչ նրան իր իսկ դիմումի համաձայն հեռախոսով կանչել է զրույցի, Ասյան էլ խորհրդակցել է իր փաստաբանի հետ ու որոշել, որ մինչեւ քննիչը համապատասխան ծանուցագիրը չուղարկի, ինքը ոչ մի տեղ էլ չի գնալու: Ի դեպ, այս պատմության թերեւս ամենակարեւոր մասը. Ասյան մազերը գունաթափել է, դրանք այլեւս կապույտ չեն եւ ուշադրություն չեն գրավում:
Աղմուկըՙ կապույտ մազերով աղջկա հետ կապված, ընդհանուր առմամբ սա է, եթե իհարկե չմանրամասնենք, թե ինչպես են Արցախում ոստիկանները Ասյային ասելՙ «կգնաս էտ օրենքներովդ Հայաստանումդ կխոսաս»… Ոմանք պնդում են, որ աղջիկն ինքն է իր մազերի գույնով, սիգարետով ու վարքով, հատկապես գիշերներն աչքի ընկնելով մեղավոր, քանի որ այդպես սադրել է ոստիկաններին: Ոմանք պնդում են, որ Արցախն իրականում մարդկությունից եւ առաջընթացից կտրված կղզյակ է, որտեղ ոչ մեկին չեն թողնում, եթե նա տարբերվում է կամ տարբերվող կարծիք ունի: Կան ֆեմինիստներ, ովքեր հրաշալի առիթ են գտելՙ կանանց իրավունքների մասին խոսելու, ինչը հատկապես Արցախում, ինչպես իրենք են ասումՙ աղետալի է…
Իրականում այստեղ երեք խնդիր կաՙ էթիկական, իրավական եւ անձնական: Եթե, օրինակ, Քիմ Քարդաշյանը գնա Հորդանան եւ որոշի այցելել Աբու Դարվեշի մզկիթը, ապա չի կարող դա անելՙ բարեմասնությունները ցույց տալով կամ սիգարետով (ի դեպ, Քարդաշյանը չի ծխում), քանի որ դա դեմ է տեղի օրենքներին, եւ ինչն ավելի կարեւոր էՙ բարքերին: Ու նշանակություն չունի, որ Քիմը ազատ աղջիկ է կամ տարբերվող տեսակ. նա ինքը չի ցանկանա խախտել տեղի բարքերը: Մյուս կողմից, եթե Ասյա Խաչատրյանը Ստեփանակերտի գիշերային փողոցներում փորձել է ապացուցել, որ ինքն ավելի ազատ է, քան Արցախը, ապա դա չի նշանակում, որ նրան պետք է (կարելի է) հարվածել, հայհոյել եւ վախեցնել (հարցաքննել եւ պարզել ինքնությունը կարելի է, հաշվի առնելով Արցախում իրադրությունը): Հենց սա է այս պատմության ամենակարեւոր դրվագը, եթե մենք ամբողջ աշխարհին համոզում ենք, որ Արցախ ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտներին մատով անգամ չենք դիպչում, որպեսզի նրանց գլխից մի մազ անգամ չպակասի (անկախ նրանից, թե ինչ գույնի է այդ մազը), ապա ինչո՞ւ եւ ինչպե՞ս ենք հարվածում ոչ ադրբեջանցու, ավելինՙ հային, որն ընդամենը մերժում է բարքերը, ոչ թե օրենքը:
Եւ վերջապես, անձնական խնդիրը. Ասյան իսկապես լավ կանի թարգի ծխելը, ընդ որում ոչ թե Արցախում կամ փողոցում, այլ առհասարակ, ամենուր, մեկընդմիշտ. ոչ թե տգեղ է կամ անօրինական, այլ պարզապես վնասակար է:
Իսկ Ասյայի մորը, խորհուրդ եմ տալիս, հանգիստ թողնել. կինը վաղուց արդեն խուլ ու համր է, գուցե այդ պատճառով էլ Ասյան ծխում է…
Հ.Գ. – Ի դեպ, Ասյա Խաչատրյանի հետ հարցազրույց է ունեցել եւ այն տարածել է epress.am կայքը, որը մեկ այլ առիթով հրապարակել էր հետեւյալ վերնագրով հոդվածՙ «Հայ զինվորի նամակըՙ ադրբեջանցի ընկերոջը»: