Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս հրամանագիր է ստորագրել ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:
Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը: Ավելի քան 15 տարի Հ. Գասպարյանը դիվանագիտական ծառայության մեջ է գտնվել արտասահմանյան երկրներում. նախ Ֆրանսիայումՙ որպես դեսպանորդ, այնուհետեւ Ռումինիայումՙ որպես արտակարգ եւ լիազոր դեսպան: Բացի այդ, Հ. Գասպարյանը «Ազգ» օրաթերթի հիմնադիր կազմի անդամ է, թերթի փոխ խմբագիրը շուրջ 5 տարի:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդականՙ հասարակական հիմունքներով:
Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:
Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:
Շնորհավորում եւ հաջողություններ ենք մաղթում նորանշանակյալներին: