Գերմանական զավթիչների դեմ Ֆրանսիայում պայքարող պարտիզանական միջազգային ջոկատներից մեկի անդամներիցՙ Արսեն Չաքրյանը վախճանվել է օգոստոսի 6-ին Փարիզում, 101 տարեկանում, հաղորդում է անգլիական BBC լրատվամիջոցը: Նա մի շարք այլ հայերի եւ օտարների հետ մասնակցել էր Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ղեկավարած ջոկատներից մեկի գործողություններին եւ ինքն էլ պարգեւատրվել Ֆրանսիայի մեծագույն «պատվո լեգեոն» շքանշանով: Նա մազապուրծ կարողացել էր փախչել նացիստների հանկարծակի հարձակումից, որի ընթացքում 1944-ի փետրվարի 21-ին գնդակահարվեցին Մ. Մանուշյանն ու նրա 22 զինակիցները: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի սոցցանցում Չաքրյանի մահվան առթիվ արձանագրել է. «Հայազգի Չաքրյանը դիմադրության շարժման հերոսներից էր եւ նրա անխոնջ վկաներից, որի ձայնը զրնգուն մնաց մինչեւ իր երկրային կյանքի ավարտը»:
Չաքրյանը Ֆրանսիայի քաղաքացիություն էր ստացել 1958-ին: Պարտիզանական շարժման մասնակիցների մասին խոսելիս նա բազմիցս ընդգծել է, որ իրենք «հերոսներ չէին, բայց դիմադրում էին, որովհետեւ սիրում էին Ֆրանսիան, որն իրենց որդեգրել էր եւ ապաստան տվել: Նաեւ որովհետեւ ընտանիք եւ աշխատանք չունեին այդ ժամանակ եւ հավատում էին, որ կարող են այդ գործը հաջողությամբ ավարտել»:
Նա Բորդո էր փախչել եւ մնացել այնտեղ մինչեւ 1944-ի օգոստոսը, երբ ազատագրվեց Ֆրանսիան: Վերջին տասնամյակներում պայքարում էր հօգուտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման: