Հասմիկը ճամբար է, որը գտնվում է Հանքավանում, միտված է կազմակերպել երեխաների ամառային հանգիստն ու դաստիարակությունը:
Մինչեւ վերջերս բոլորս էինք այսպես կարծում, բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, իսկ խնդրո առարկան այնքան մեծ է, որ, վախենամ, հանգստանալու համար մի «քոսոտ» կիրակի էլ չունենանք:
Մի քանի օր առաջ վերոհիշյալ «դաստիարակող» ճամբարի առօրյան պատկերող լուսանկարները տարածվեցին համացանցում: Պատկերը, մեղմ ասած, գեղեցիկ չէր: Պարզվում է, որ այստեղ ոչ թե դաստիարակում են երեխաներին, այլՙ այլասերում, փչացնում նրանց մանկական երեւակայությունն ու խեղում նրանց հոգեկան ներաշխարհը: Լուսանկարում պատկերված տղա երեխաները հագել էին կանացի շորերՙ շրջազգեստ, կանացի վարտիք, կրծկալ եւ շպարված էին:
Չեմ ուզում շարունակել, թվարկածներն էլ բավական են հասկանալու համար, որ տեղում իրավիճակի բանը բանից անցել է: Իհարկե, ամեն երկրում էլ հնարավոր է նման այլասերվածության «սերմացուներ» ու «ազգային կոլորեզյան» բզեզներ գտնել, բայց գոյություն ունի իշխանություն, որը պետք է զսպի նման բաներն ու պատասխանատվության ենթարկի մեղավորներին: Այս երեւույթը նախկին իշխանությունների կողմից ցանված մոլախոտ է, որի վրա նոր իշխանությունները ոչ մի կաթիլ ջուր չպետք է ցողեն: Ավելին, սա ներքին անվտանգության խնդիր է եւ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն սրանով: Երեխաներին այստեղ սովորեցնում ենՙ ինչպես ծաղրել ազգային եկեղեցին, ինչպես կարող է կինը տղամարդ, եւ տղամարդը կին դառնալ: Ո՞վ եւ ինչի՞ համար է ֆինանսավորում այս պղծամիտ ճամբարը: Կրկնում եմՙ սա ազգային անվտանգության խնդիր է, իսկ, եթե որեւէ մեկը կարծում է, որ մատաղ սերնդի դաստիարակությունը աղերս չունի ազգային անվտանգության (ի դեպ, ազգային անվտանգությունը միայն Նալբանդյան փողոցում գտնվող հայտնի կառույցը չէ) հետ, ապա խորհուրդ եմ տալիս այդ որեւէ մեկին վերստին դատիարակվել:
Այստեղ մեծ անելիք ունեն ԿԳ եւ Մշակույթի նախարարները, ինչու չէՙ նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Նախարար Արայիկ Հարությունյանը մինչ զբաղված է դպրոցականների հագուստի գույները որոշելով, մինչ Մշակույթի նախարարը զբաղված է Արամ Մանուկյանի արձանը հիմքից քանդելով, երկրում այսպիսի երեւույթներ են տեղի ունենում:
Հույս եմ հայտնում, որ խնդիրը շտապ եւ պատշաճ վախճան կունենա: