Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ … ՀԱՍՆԵԼՈՒ ԱՊԱԳԱՅԻՆ

07/09/2018
- 07 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը օգոստոսի 31-ին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում լոռեցու անկեղծությամբ միանգամայն իրավացիորեն հայտարարում էր, թե ներկա քաղաքական իրադրության մեջ մեր պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրը… ներհասարակական համերաշխության հաստատումն է:

Պարոն Մարուքյանին անձամբ չեմ ճանաչում, թեեւ հեռակա համակրանք ունեմ նրա հանդեպ: Կուզենայի արձանագրել, որ դատելով ֆեյսբուքյան ամենաբազմազան գրառումներում եռացող ատելության ահռելի չափաբաժիններից, Էդմոն Մարուքյանը միանգամայն ճիշտ էՙ այսօր մենք չունենք ավելի կարեւոր խնդիր, քան ներպետական ու ներհասարակական համերաշխության վերականգնումն է: Գոնեՙ մեկը մյուսին լսելու, դիմացինի կարծիքը անհանդուրժողականությամբ չընդունելու, քաղաքակիրթ բանավեճ վարելու տարրական կուլտուրա ունենալը: Պարզապես զզվելի է, երբ ֆեյսբուքյան հրապարակումներում սրա կամ նրա հասցեին ամենակեղտոտ հայհոյանքներն ու ամենակոպիտ սպառնալիքներն ես կարդում: Դեռեւս որեւէ մեկի դատը չի եղել եւ առայժմ ոչ մեկի մեղքի իրական չափը չի հաստատվել, սակայն ոմանք շտապում են որեւէ առիթով անապացույց մեղադրանքներ հնչեցնել: Իբրՙ լա՞վ էր, որ դուք թալանում էիք, ձեզ պիտի բանտերում փտեցնել, զրկել հայրենիքից, վռնդել Հայաստանից… Որովհետեւ երբ դուք իշխանություն էիք, ժողովրդի մեծամասնության նկատմամբ ճիշտ այդպես էիք վարվում:

Եթե նույնիսկ այս հանդիմանությունը տեղին է, ապա հարց է առաջանումՙ նախորդ իշխանությունները ճի՞շտ էին անում, որ… այդպես էին վարվում: Այդ դեպքում թույլ տվեք հարցնելՙ սոցցանցերում զանազան ապուշություններ գրող ծայրահեղականնե՞րը նախորդներից ինչով են տարբերվում: Ի՞նչ են նշանակում նախորդ իշխանավորներին պարզապես ցցի հանելու զառանցանքները: Նախ, նախորդ իշխանավորների մեջ բազմաթիվ ազնիվ մարդիկ կային նաեւ: Եվ նրանք չեն կարող պատասխանատու համարվել իրենց անազնիվ գործընկերների արածների համար: Ղալաթն անի Հայրապետը, ջառմեն քաշի Կարապե՞տը…

Ժամանակակից քրեական իրավունքի մեծագույն ձեռքբերումներից է այն իրողության օրենսդրական ամրագրումը, թե կոլեկտիվ պատասխանատվություն չի լինում: Որքան էլ մարդը արգահատելի լինիՙ կարող է եւ պետք է պատասխան տա բացառապես այն բանի համար, ինչ անձամբ ի՛նքն է արել: Եթե դատարանում այս կամ այն դրվագով մարդու մեղքը չի հաստատվել կամ ապացույցներն անբավարար են, ապա օրենքը տվյալ դրվագը մեկնաբանում է… մեղադրվողի օգտին: Սրա կամ նրա մեղավորության, ինչպես նաեւ անմեղության ներքին համոզմունքները այս դեպքում որեւէ դեր չեն խաղում: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունների ժամանակ հասարակության մեջ քիչ թե շատ նշանակալի դերակատարության չհասած, իրենց անպարագիծ հավակնությունների բավարարումը չվայելած առանձին նախանձ ու ներքուստ անմաքուր մարդիկ այժմ ձգտում են վրեժ հանել բոլոր նրանցից, ովքեր նախորդների ժամանակ… ավելի հաջողա՛կ են եղել:

Եթե այսպես շարունակվի, ապա մենք, Աստված մի արասցե, շատ արագ կիջնենք նախնադարյան վայրենու մակարդակի, հասարակությունը կվերածենք ինքնախժռման հորձանուտը նետված անուղեղ զոմբիների հոտի: Հետեւաբար, սոցցանցերում անվայել հայհոյաբանությանը հարկավոր է վճռականորեն վե՛րջ տալ: Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, հազարամյակների հեռվից մեզ հետ բերել ու ապագա ժամանակներին ենք տանում բազմաթիվ բարոյական արժեքներ: Սոցցանցերում սեռական կամ այլ բնույթի հայհոյաբանությունը մեզ ամենեւին չի՛ սազում: Ուժ պիտի գտնենք մեզնից յուրաքանչյուրին դուր չեկող այս կամ այն կարծիքը, տեսակետը, դատողությունը հանդուրժելու: Պիտի կարողանանք քաղաքակիրթ բանավիճել, ոչ թե սպառնալ, թեՙ բերանդ փակիր, դու այն մարդը չե՞ս, որ այս կամ այն ժամանակ այս կամ այն անընդունելի տեսակետն ես արտահայտել… Հետո՞ ինչ: Այն ժամանակ այդպես է մտածել, հիմաՙ ա՛յլ կերպ է մտածում: Կարծիքը, տեսակետը փոխելը հանցագործություն չէ՛: Սխալ կարծիքին կառչած մնա՛լն է ավելորդ հաստակողություն:

Հուսամՙ իրո՛ք արդեն ավարտված, եւ ոչ թե անվախճան շարունակվելու միտումներ դրսեւորող հեղափոխության ամենամերժելի, ամենաբացասական դրսեւորումներից են հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բառացիորեն աստվածացնելու, կուռք դարձնելու էժանագին միտումները: Դա արդեն նրա նկատմամբ ոչ այնքան սեր ու գնահատանք է, որքանՙ վարչապետի աչքը մտնելու, նրա բարեհաճությունը նվաճելու եւ նրա վիթխարի հեղինակությունը անձնական շահերին ծառայեցնելու բացահայտ ձգտման արտահայտություն: Առիթ ունեցել եմ «Ազգ» թերթի իմ նախորդ հարապարակումներից մեկում այս երեւույթն անվանելու կռապշտություն: Ժամանակին այդպիսի կուռք էին դարձրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հիմա ո՞վ է բարի խոսքով հիշում Հայաստանի առաջին նախագահին: Հակառակը, ֆեյսբուքյան հրապարակումներում բազմիցս կարդացել եմ հորդորներ, թե Նիկոլ Փաշինյանը երկրորդ ու երրորդ նախագահների հետ միասին նաեւ առաջի՛ն նախագահին պետք է բանտ նետի: Նախ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս շեշտել է, որ անձամբ իր ցուցումով այլեւս դատավճիռներ չեն կայացվելու: Երկրորդՙ նախորդ նախագահներից որեւէ մեկին, էլ չեմ ասում երեքին միասին բանտ գցելը մեր պետության մասին ամենեւին դրական չի վկայի: Երրորդ, եթե դատական կարգով նախորդների մեղքերը չհաստատվեն կամ բավարար չհամարվեն, ապա այսօր մեր նախորդ ղեկավարներից յուրաքանչյուրի հասցեին բառացիորեն կենդանական ատելություն ժայթքող մարդկանցից որեւէ մեկը ազնվություն կունենա՞ հրապարակավ ներողություն խնդրելու իր նողկալի հայհոյաբանության համար: Վերջապես, այսօր իբրեւ թե Նիկոլ Փաշինյանի արեւով երդվողները չե՞ն մտածում, որ վաղը, միանգամայն հնարավոր է, նույն անսանձ հայհոյաբանությունն ուղղվի հենց… Նիկոլ Փաշինյանի դեմ: Որովհետեւ ոչինչ հավերժական չէ այս աշխարհում, անսխալական գործիչներ, անսխալական մարդիկ չեն լինում… Իսկ բազմությունների սերը, ինչպես դեռ Ավ. Իսահակյանն է գրել անմահ Աբու Լալայում, ամենաանվստահելի պատվանդանն է…

Հետհեղափոխական շրջանի բացասական երեւույթներից ամենատագնապահարույցը, ըստ իս, այսպես կոչված անցումային արդարադատության համակարգի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակ նետած գաղափարի հնարավոր իրականացման հեռանկարներն են: Վարչապետի տարիքից ավելի զբաղվում եմ քաղաքական լրագրությամբ, սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, մինչեւ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքային ելույթը երբեւէ ո՛չ լսել, ո՛չ կարդացել էի անցումային արդարադատության մասին: Ես անկեղծորեն վախենում եմ այդ անցումային արդարադատություն կոչվածից: Դրանից գրեթե ոչինչ չեմ հասկանում, սակայն մտավախություն ունեմ, որ հանկարծ այդ անվան տակ արդարադատություն իրականացնելու լիազորությամբ օժտված հակասահմանադրական մարմիններ չստեղծվե՞ն: Ժամանակին ռուս բոլշեւիկները հեղափոխական տրիբունալներով եւ հեղափոխական անհրաժեշտության կարգախոսներով թվացյալ արդարադատություն էին իրականացնում հսկայական Ռուսաստանում: Նաեւՙ հայ բոլշեւիկները Հայաստանում: Միլիոնավոր մարդկանց բռնում եւ առանց մեղքի գնդակահարում էինՙ իբրեւ թե հանուն հեղափոխության պաշտպանության: Արյան այդ վակխանալիան հատուկ է եղել բոլոր նախորդ հեղափոխություններին: Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության ժամանակ հրապարակներում Գիլյոտինով անվերջ գլխատում էին ազնվական դասի ներկայացուցիչներին: Ի դեպ, իր ստեղծած չարագուշակ գործիքի դանակի տակ կյանքն ավարտեց նաեւ քաղաքացի Գիլյոտինը, ինչպես նաեւ ֆրանսիական հեղափոխության բազմաթիվ այլ երեւելի գործիչներ: Դրանից հետո էր, որ համաշխարհային քաղաքական գրականության մեջ շրջանառության մեջ մտավ «բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին» թեւավոր խոսքը:

Վերջինը, որը կուզենայի նշել, ուղիղ ժողովրդական կառավարում հաստատելու մասին վարչապետի հրապարակ նետած դրույթն է: Դա, անշուշտ, շոյիչ է հրապարակում հավաքված բազմության համար, սակայն ո՛չ մի բազմություն չի կարող հավասարակշռված, պետությանը չվնասելու տեսակետից կարեւոր որոշումներ ընդունել, պետության ուղղակի կառավարում իրականացնել: Հրապարակի էներգետիկան ուրի՛շ է, արբեցնո՛ղ է, մինչդեռ մեզ հիմա ամենից ավելի սթափ դատողություն է պետք… Ամեն ինչ, այդ թվում նաեւ իբրեւ թե գլուխ բարձրացնող հակահեղափոխությունից ունցած չափազանցյալ վախը, նոր կադրերի անփորձությունը, բազմաթիվ այլ դժվարություններ ապագայում կմոռացվեն: Եթե, իհարկե, իմաստություն ունենանք… դրան հասնելո՛ւ…

Նախորդ գրառումը

ԹԱՎՇՅԱ ԹԱԼԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԵԿԸՙ ԺԱՄԱՆՑԻ, ՄԵԿԸՙ ՓՐԿԵԼՈՒ. ՆՄԱՆՆ ԶՆՄԱՆՆ ԳՏԱՆԷ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵԿԸՙ ԺԱՄԱՆՑԻ, ՄԵԿԸՙ ՓՐԿԵԼՈՒ. ՆՄԱՆՆ ԶՆՄԱՆՆ ԳՏԱՆԷ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական