Բրյուսովի անվան պետական համալսարանի ղեկավարությունը երեկ է իմացել, որ իշխանությունների՝ բուհերը խոշորացնելու ծրագրում առաջինը հենց այս բուհն է միավորվելու։
«Արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Բրյուսովի համալսարանը միավորվում է մանկավարժական համալսարանի և ֆիզկուլտինստիտուտի հետ։ Մենք այսօր ամբողջ բուհի անունից դիմել ենք ԿԳՄՍ նախարարին, մեր հոգաբարձուների խորհրդի նախագահին, նրանց հրավիրել ենք մեր համալսարան, որպեսզի քննարկենք այս հարցը։ Մեր բուհի հարցը մեզ հետ ոչ ոք չի քննարկել»,-տեղեկացրեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։
Բրյուսովցիները պնդում են՝ պետք է լսվի բուհի դասախոսների, ուսանողների կարծիքը։ Գրեթե 90 տարվա պատմություն ունեցող համալսարանը, որը ուրույն տեղ ունի Հայաստանի կրթական համակարգում, ի՞նչ սկզբունքով է միավորվում այլ բուհերի հետ։ Ոչ ոք այս հարցի պատասխանը չունի։ Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի թափուր տեղերի հե՞տ է կապված միավորումը, ի՞նչ կապ ունի ֆիզկուլտինստիտուտը Բրյուսովի ու մանկավարժականի հետ։ Տրամաբանական կամ գիտակրթական ի՞նչ ընդհանրություններ կան այս երեք բուհերի միջև. ուղղակի զավեշտ ու անհեթեթություն է։
Դիմորդները քննություն են հանձնել հենց Բրյուսովի անվան համալսարանի՝ իրենց նախընտրած ֆակուլտետում, իրենց նախընտրած մասնագիտությունը սովորելու համար, ինչո՞ւ է խախտվում նրանց սովորելու իրավունքը։ Ուսանողը հենց այս բուհի հետ է պայմանագիր կնքել ու պարտավորվել կրթության դիմաց վճարել, ի՞նչ իրավունքով է կառավարությունն այդ ուսանողին տեղափոխում մեկ այլ հաստատություն՝ առանց նրա կամքը հարցնելու։
Ստացվում է՝ Բրյուսովի ներկայիս ուսանողներն իրենց կամքով ընդունվել են այս բուհ, բայց իրենց կամքին հակառակ՝ ավարտելու են մեկ ա՞յլ բուհ ու, ամենակարևորը, վճարելու են, բայց ինչի՞ դիմաց ու ինչի՞ համար։
Բրյուսովի դասախոսներից շատերն այսօր վրդովվել են ու հայտարարել, որ դիմում կգրեն ու աշխատանքից կազատվեն, եթե իրենց տեղափոխեն մեկ այլ բուհ։ Ամենևին չնսեմացնելով որևէ բուհի անունը՝ նրանց համար Բրյուսովի անվան համալսարանում դասավանդելը պատիվ է։
«Մենք չենք ցանկանում, որ որևէ սցենարով Բրյուսովի անվան համալսարանը միավորվի որևէ բուհի հետ։ Ես արտահայտում եմ բոլորի կարծիքը՝ թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների։ Ուսանողներից 50 հոգանոց պատվիրակություն ընտրենք, նույնը նաև դասախոսական կազմից, որպեսզի ԿԳՄՍՆ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացնենք մեր ասելիքը»,- հայտնեց Բրյուսովի համալսարանի ռեկտորը։
Որպեսզի դասապրոցեսը չընդհատվի, բուհի ղեկավարությունն ուսանողներին ու դասախոսներին հորդորել է վաղը դաս անել, սակայն հայտնի չէ, թե դեպքերն ինչ ընթացք կունենան։
Բրյուսովցիները ստորագրահավաք են արել՝ ընդդեմ կառավարության որոշման նախագծի։
Նշենք, որ հենց բրյուսովցիներն էին վերջին՝ սեպտեմբերյան պատերազմի օրերից սկսած՝ զինվորների ու տեղահանված բնակչության համար օգնություն հավաքում։ Համալսարանի բակը մեղվի փեթակ էր հիշեցնում. ուսանողներն ակտիվորեն ներգրավված էին հումանիտար աշխատանքներում, սակայն 10-12 օր առաջ ռազմաքաղաքական ղեկավարությունից ներկայացուցիչներ են եկել և ուսանողներին արգելել զինվորի համար օգնություն հավաքել։