Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին ԵԱՀԿ -ին ուղղված հայտարարություն են տարածել, որով անհապաղ հրապարակային պարզաբանում են ակնկալում գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սիմիրլիօղլուի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հեռացնելու՝ Հայաստանի կառավարության ձեռնարկած արշավին առերեւույթ սատարելու համար:
Մամուլին տրամադրված համատեղ հայտարարության տեքստը՝ հայերենը եւ բնագիր անգլերենը՝ ստորեւ:
Հայտարարություն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ արտահայտությունների մասին
23 հուլիսի, 2026 թ.
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը եւ Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր մտահոգություն են հայտնում եւ դատապարտում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, Թուրքիայի քաղաքացի Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի ձայնագրված արտահայտությունների կապակցությամբ, որոնցում նա, ըստ էության, պատրաստակամություն է հայտնել իր գրասենյակի աջակցությունը տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու արշավում։ Այն հանգամանքը, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյան մի կազմակերպության, որի հիմնարար պարտավորությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությունն է, թեպետ եւ հպանցիկ, բայց այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնում աջակցելու նման խնդրանքին, խորապես մտահոգիչ է եւ պահանջում է անհապաղ ու հրապարակային պարզաբանում։
Մենք գիտակցում ենք, թե ինչ հանգամանքներում են հնչել այդ հայտարարությունները։ Դրանք ստացվել են ռուս պրանկերների (pranker) կողմից, որոնք հեռախոսազրույցի ընթացքում ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Զրույցը հրապարակվել է հուլիսի 8-ին։ Նշված պրանկերներն ունեն քաղաքական գործիչների եւ պաշտոնատար անձանց թիրախավորելու փաստագրված պատմություն՝ հասարակական զգայուն հարցերի վերաբերյալ հայտարարություններ ստանալու նպատակով։ Մենք չենք արդարացնում նման խաբեության կիրառումը։ Ու թեեւ գիտակցում ենք, որ զրույցը հնարքով էր հրահրված, այնուամենայնիվ գլխավոր քարտուղարի խոսքերը բացահայտում են այնպիսի դիրքորոշում, որն անհամատեղելի է պաշտոնով ստանձնած նրա պարտականությունների հետ։
Զրույցի ընթացքում գլխավոր քարտուղարը մեղադրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականացնելու մեջ։ Այնուհետեւ նա համաձայնել է «ուսումնասիրել» («look into»), թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Հայաստանի վարչապետ ներկայացող անձին՝ կաթողիկոսին պաշտոնանկ անելու հարցում։ Երբ գլխավոր քարտուղարը հարցրել է, թե արդյոք նա կարող է «փոխել կաթողիկոսին», ՀՀ վարչապետ ձևացող անձը պատասխանել է, թե «դիտարկում է բոլոր հնարավոր ճանապարհները»։ Նա խնդրել է գլխավոր քարտուղարի աջակցությունը այն դեպքում, եթե այդ քայլը որեւէ հանրային քննադատության արժանանա, ինչին գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Լավ, կանեմ առավելագույնը, կփորձեմ» («OK, I’ll do my best, I’ll try»)։ Զրույցի որևէ փուլում գլխավոր քարտուղարը չի առարկել, որ կրոնական առաջնորդի հարկադիր հեռացումը պետության կողմից կխախտի հենց այն հիմնարար ազատությունները, որոնց պաշտպանությանն է կոչված ԵԱՀԿ-ն։
1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի VII սկզբունքը սահմանում է ԵԱՀԿ-ի հիմնարար հանձնառությունը՝ «մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգում` ներառյալ մտքի, խղճի, կրոնի կամ դավանանքի ազատությունը»։ Այդ հանձնառությունը բազմիցս վերահաստատվել է և պարտադիր է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և իրենց ներքին ու կանոնական գործերը ինքնուրույն կարգավորելու ազատությունը հանդիսանում են այդ երաշխիքի առանցքային բաղադրիչները։ Քանի որ գլխավոր քարտուղարին վերապահված է այդ հանձնառության պահպանման պատասխանատվությունը, նա նույնիսկ զուսպ աջակցություն չպետք է ցուցաբերի այնպիսի կառավարության, որը տրամադրված է պաշտոնանկ անել եկեղեցու առաջնորդին։
Այս հայտարարությունները չեն կարող դիտարկվել մեկուսի։ 2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի կառավարությունը համակարգված և շարունակական արշավ է իրականացնում ՀԱՍԵ-ի դեմ, որը ժողովրդավարության եւ օրենքի գերակայության դեմ ուղղված ավելի լայն հարձակման մաս է։ Վարչապետ Փաշինյանը հրապարակայնորեն կոչ է արել հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հրապարակել է նրան պաշտոնանկ անելու քայլերի «ճանապարհային քարտեզ», ինչպես նաեւ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների հասցեին։ Կաթողիկոսի եւ մի շարք եպիսկոպոսների նկատմամբ կիրառվել են երկրից դուրս գալու սահմանափակումներ, իսկ բարձրաստիճան հոգևորականներ կալանավորվել են քրեական մեղադրանքներով, որոնք, ըստ երեւույթին, քաղաքական դրդապատճառներ ունեն։ Ամբողջության մեջ այս գործողությունները պետության կողմից կազմակերպված ջանքեր են, որոնց նպատակն է Եկեղեցին ենթարկել կառավարության կամքին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականի վեճի սովորական կողմ չէ։ 301 թվականին Հայաստանի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց ի վեր Եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել հայ ժողովրդի լեզվի, մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Այդ դերը Հայաստանի սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչված է որպես նրա «բացառիկ առաքելություն»։ Ի տարբերություն գլխավոր քարտուղարի պնդման, թե կաթողիկոսը քաղաքականացնում է Եկեղեցին, նա իրականում ձգտել է կատարել սահմանադրական հենց այդ առաքելությունը՝ պաշտպանելով հայ ժողովրդի, այդ թվում՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված հայության իրավունքները։ Հետևաբար, պետության կողմից կաթողիկոսին պաշտոնանկ անելու ցանկացած փորձ խախտում է ոչ միայն Հայաստանի՝ կրոնի ազատության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, այլեւ՝ երկրի սահմանադրական կարգը։
Հետևաբար՝ մենք կոչ ենք անում գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուին՝
● հրապարակայնորեն պարզաբանել եւ չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը կամ որևէ այլ կերպ միջամտել ՀԱՍԵ-ի ներքին կառավարմանը,
● վերահաստատել ԵԱՀԿ հանձնառությունը Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության պաշտպանության նկատմամբ՝ իր մարդկային չափանիշի շրջանակում ստանձնած պարտավորություններին համապատասխան,
● երկխոսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ՝ ապահովելու համար ՀԱՍԵ-ի, նրա հոգևորականների եւ հավատացյալների իրավունքների լիարժեք պաշտպանությունը։
Մենք պատրաստակամ ենք հանդիպելու ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու լրացուցիչ տեղեկություններ եւ մեր մտահոգությունները, շարունակելու ենք ուշադիր հետևել կազմակերպության ղեկավարության գործունեությանը։ ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի կրոնի ազատության խախտումների դեմ պաշտպանական պատնեշ, այլ ոչ թե դրանց կամավոր աջակիցը։ Հրապարակված արտահայտությունների վկայությամբ՝ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ձախողել է այս քննությունը և այժմ պարտավոր է հստակեցնել իր դիրքորոշումը։
Ջոն Այբներ՝ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ
Յան Ֆիգել՝ Եվրոպայում կրոնի ազատության ֆորումի նախագահ
Ռաֆայել Իշխանյան՝Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ
Սիրանուշ Սահակյան՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ
անգլերենը՝










