«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել են միայն երեքշաբթի օրը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր հայտարարեց «Առինջ Մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը։
Նա հավաստիացրեց՝ տաղավարները մինչ այս բնականոն աշխատել են, հինգ տարվա ընթացքում պարտաճանաչ վճարել բոլոր հարկերն ու նախատեսված մյուս վճարները։
Ըստ Ներսիսյանի՝ մոլի տարածքում ստուգումները սկսվել են սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից դեռ երկու շաբաթ առաջ։
«Մենք հայտնվել ենք ամենավտանգավոր իրավիճակում, երբ մարդիկ մեզ՝ գործատուներիս և գործընկերներին, արդարացի հարցեր են տալիս, իսկ մենք պարզապես չենք կարողանում պատասխանել իրավապահների կողմից պաշտոնական պարզաբանումների բացակայության պատճառով»,- նշեց Արմեն Ներսիսյանը՝ հավելելով, որ բոլորն իրենից լավ գիտեն՝ ստեղծված իրավիճակը քաղաքական, թե ոչ քաղաքակն ենթատեքստ ունի։
Նա նաև նշեց, որ կապարակնքումների և սթրեսի պատճառով ձեռնարկատերերից մեկի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, և իրենք ստիպված են եղել շտապօգնություն կանչել։ ։ Արսդեն Ներսիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց իրավաբանական թիմն արդեն համապատասխան փաստաթղթեր է նախապատրաստում տուժած վարձակալների շահերը դատական կարգով պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը լայնամասշտաբ խուզարկությունները սկսվել են հուլիսի 6-ին, ինչից հետո նա ձերբակալվել և կալանավորվել է 2022-2024 թվականներին իրականացված խարդախության և փողերի լվացման գործով։










