Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանցիների՝ Մեղրի այցելության մասին մեր ուժը տեղյակ է եղել. Նարեկ Կարապետյան

Իրենց այցելության մասին մեր ուժը տեղյակ է եղել։ Ցավոք, տեղյակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ  մեր ունեցած կապերով ենք տեղեկացել, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ և այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Խոսքը վերջին երկու ամսվա մասին է։ Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, թե ադրբեջանցի մասնագետները Հայաստանում դիտարկել են էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքներ կառուցելու հարցը։

 Նա շեշտեց՝ իրենց քաղաքական ուժի համոզմամբ՝ Մեղրիով անցնող հատվածը ճանապարհ է ՀՀ սուվերեն տարածքում, և որևէ երկիր իրավունք չունի այն կոչել «միջանցք»։

 «Եթե իրենք ուզում են ՀՀ սուվերեն տարածքով անցկացնեն էլեկտահաղորդակցության գծեր, պետք է  վճարեն մեզ դրա համա։ Թող վճարեն, անցկացնեն, իսկ մեր երկիրը պետք է շահի դրա մեջ։

Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է Հայաստանի տարածքով լոգիստիկ անցում ունենալ, պետք է վճարի Հայաստանին»,- ասաց պատգամավորը։
Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունից է իմացել, որ առաջարկում են՝ Հայաստանով տարանցում լինի և սպասում են Հայաստանի պատասխանին։

 «Սուվերենության հարցում եթե խնդիր չի լինում, և Հայաստանի Հանրապետությունը արդարացի վճար է ստանում, կարելի է քննարկել»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ ՀԱԷԿ-ի փակվելուց և այդ էլեկտրագծերից չօգտվելու դեպքում հետո Հայաստանը կարող է կանգնել էներգետիկ ճգնաժամի առջև՝ Կարապետյանը նկատեց՝ որ ատոմակայանը կարող է չփակվել, կարելի է կառուցել նոր ատոմակայան՝ ունենալու էժան հոսանք։ Հետևաբար Հայաստանն ունի այն պայմանները, որով հնարավոր է նոր ատոմակայան կառուցել։