Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նախաձեռնել է տոտալիզատորների եւ ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակում առավոտվա 6-ից մինչեւ 24-ը հեռուստառադիոեթերում, ինչպես նաեւ մի շարք` հանրության լայն շերտերին ուղղված ինտերնետային լրատվամիջոցներում: Այս խաղերի արտաքին գովազդը եւս բացառվում է`խաղերի կազմակերպիչներն իրենց կայքերում միայն կարող են գովազդել այս բիզնեսը: Բովանդակային առումով էլ սահմանափակում կա` արգելվում է դիմել անչափահասներին, տպավորություն ստեղծել, որ խաղադրույք անելով` խաղերի մասնակիցները կշահեն եւ իրենց կյանքը կբարելավեն: Այս օրենքի ընդունումից հետո միգուցե ազատվենք ռադիոհեռուստաեթերում եւ ինտերնետում մեզ խեղդող խաղային գովազդից: