ՊՊԾ-ի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի կողմից MediaHub.am-ի լրագրողի և օպերատորի գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով դատարան բողոք կներկայացվի։ Այս մասին տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչը 2022 թ.-ի հունիսի 6-ի որոշում է ընդունել մերժել քրեական գործ հարուցելը։
«Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել էր Երևան քաղաքի դատախազին, պահանջել էինք, որպեսզի դատախազը վերացնի քննիչի որոշումը և հարուցի քրեական գործ։ Երևան քաղաքի դատախազը քննության առնելով բողոքը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ այն մերժել է։ Քննիչը և դատխազը գտնում են, որ լրատվական կայքի ներկայացուցիչների գործունեությունն օրինական չի եղել»,- նշել է Բաբայանը։
Սույն գործով արդեն իսկ Դատախազին բողոք է հասցեագրվել:
Ըստ Բաբայանի՝ պատրաստվում են դիմել դատական պաշտպանության։
Հիշեցնենք, որ 2022 թ.-ի մայիսի 2-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման խաչմերուկում ՊՊԾ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը և մի խումբ ՊՊԾ ծառայողներ առերևույթ խոչընդոտել էին MediaHub.am լրատվական կայքի ներկայացուցիչներ Նարե Գևորգյանի և Արման Ղարաջյանի մասնագիտական օրինական գործունեությունը, որի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։