«Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Ստալինյան բռնատիրության վախ ու սարսափի մթնոլորտը, այլախոհների հետապնդումների քաղաքականությունը NKVD-ի երկարաձիգ ձեռքերի միջոցով հասել էր նաեւ Իրան, որտեղ հայկական հարուստ համայնքի ներկայացուցիչներ նույնպես ճաշակեցին դառը ճակատագիրը», գրում է Լուսինե Գասպարյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի դասախոս, գրքերի հեղինակ դոկտ. Ռուբինա Փիրումյանի «Հայրսՙ խիզախ եւ հաստատակամ մարդը, Ստալինյան Գուլագի վերապրողը» խորագրով անգլերեն լեզվով վերջերս լույս տեսած գիրքը:
Փիրումյանի հայրըՙ Պաղտիկ Մինասյանը եղել է թավրիզահայ գիտնական, ուսուցիչ, գրող, խմբագիր եւ քաղաքական գործիչ, որն աքսորվել է հեռավոր Նորիլսկ (Սիբերիա): Տասը տարի այնտեղ մնալուց հետո աշխատանքային դաժան պայմանների եւ անհյուրընկալ կլիմայի մռայլ մթնոլորտի իր հիշողությունները նա թղթին է հանձնել արդեն Միացյալ Նահանգներում: Բայց երբեք էլ չի կարողացել ավարտին հասցնել այն, առողջական հյուծված վիճակի պատճառով:
«Մինասյանի փորձառությունը հարեւնման է Սոլժենիցինի Իվան Դենիսովիչի ճակատագրին, հավելում է գրախոսողը, այն տարբերությամբ սակայն, որ նա կարողանում է իր մեջ ուժ գտնել եւ շարունակել իր կյանքըՙ հակառակ խորը հետքեր թողած ծանր փորձությանը:
Պրոֆ. Փիրումյանը, որ բազմաթիվ գրքեր է գրել Հայոց ցեղասպանության մասին, այս անգամ իր ուշադրությունը բեւեռել է հարազատ հոր անցած ուղու վրա, դասեր քաղելով արդարության դեմ նրա պայքարից եւ թեկուզ ուշացումով հարգանքի արժանի տուրք մատուցելով նրան: Գիրքը արժեքավոր է հատկապես նրա համար, որ ականատեսի վկայություններ է պարունակում Սիբիրյան աքսորավայրի կյանքից»: