Թուրքական Milliyet պարբերականի վերլուծաբան Թունջա Բենջինը ուշագրավ հոդված է գրել ռուսական S-400 ՀՕՊ համակարգի մասինՙ նշելով, թե դրանք որ երկրներից են պաշտպանելու Թուրքիայի երկինքը: Հոդվածի հեղինակի զրուցել է նաեւ պաշտոնաթող թուրք գեներալ Իսմայիլ Հաքքը Փեքինի հետ: Զրույցի ընթացքում Փեքինը նշել է, որ Թուրքիայի ուղղությամբ կարող են բալիստիկ հրթիռներ արձակվել Իրանի կողմից, ինչպես նաեւ հրթիռակոծման վտանգ կա թե՛ Հունաստանի, թե՛ Իսրայելի կողմից: Նա չի բացառել նաեւ Հայաստանի գործոնը.
«Հարձակումներ կարող են լինել նաեւ Հայաստանի կողմից: Թուրքիան չունի այդպիսի ՀՕՊ համակարգերՙ դրանց դիմակայելու համար: Այս ամենի դեմ Թուրքիան չունի ՀՕՊ ծածկույթ»,- ասել է գեներալ Փեքինը:
Ստացվում է այնպես, որ ՌԴ-ն ՀՕՊ համակարգ է տրամադրում Թուրքիային, որպեսզի նա անհրաժեշտության դեպքում պաշտպանվի ՌԴ դաշնակից Հայաստանից: Թերեւս նաեւՙ հենց Ռուսաստանի՞ց: