Մեր կողմից չակերտված վերնագրի ներքո Kurdistanrussia@gmail.com հասցեից հոկտեմբերի 11-ին տարածված ռուսերեն հաղորդագրության թարգմանությունն ենք ներկայացնում մեր ընթերցողներինՙ ստորեւ: Իսկապես սատանայական կոչվելու արժանի մի գրություն, որը, չենք բացառում, սարքվել է ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունների կողմից: Նպատակըՙ սեպ խրել եզդի եւ քուրդ ժողովուրդների ու հայերիս միջեւ, այն էլ օրհասական այս օրերին, երբ մեր բարեկամ երկրիՙ Սիրիայի հյուսիսային շրջաններում մոլեգնում է թուրքական զավթողական քաղաքականությունըՙ արդիական ծանր զենքերի հետՙ ավանդական յաթաղանի գործադրմամբ: Ու պատկերացնել, որ այս մարդը (եթե կա նման մարդՙ սովետականՙ Օսմանով Ռամազան Քարիմովիչ անուն-ազգանունով) խոսում է ազգային պատիվ, խիղճ ու արժանապատվություն ունենալու մասին, որպես «ապացույց» պնդելով, որ հայերս վերջին 100 տարում չենք կռվել թուրքերի դեմ, մինչդեռ իրենք, իբր, կռվել են: Այնինչ հենց 100 տարի առաջ թուրքական բանակները փախուստ են տվել հայ զինվորի առաջ, եւ հայերը նվաճել են իրենց անկախությունը: Իսկ Արեւմտահայաստանում քրդերը դարձել են ոչ միայն գործիք թուրքերի ձեռքին, այլեւ շահագրգիռ կողմ հայերին ոչնչացնելու եւ նրանց ինչքը յուրացնելու գործում:
Իսկ ինչ վերաբերում է Կ. Պոլսո պատրիարքության տեղապահ Մաշալյան սրբազանիՙ ի տարբերություն 10 միլիոն հայության ցուցաբերած քծնանքը Էրդողանին, դա եւս ապացույց է այն բանի, որ Ստամբուլում ապրող հայությունը թուրքական իշխանությունների պատանդն է, եւ պատանդի կարգավիճակում հայ եկեղեցականը ստիպված է դառնալ ստորաքարշ:
«ԱԶԳ»
Թուրքիայի հայկական եկեղեցու պատրիարքարանը աղոթքներ է հղում թուրքական բանակի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության համար, որի նպատակը թուրքական սահմանից հարավ ընկած սիրիական շրջանների մաքրումն է ահաբեկիչներից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում հայ եկեղեցու առաջնորդական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Այսպիսով, այդ եկեղեցին դավաճանեց 1915 թվականին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Մենքՙ քրդերս, գիտենք, թե ինչպես է Հայաստանը տարանջատել մահմեդական քրդերին եւ եզդի քրդերին, ստեղծել է եզդիների իբր նոր ազգ: Մենքՙ քրդերս, գիտենքՙ հենց որ խոսվում է Քրդստանի անկախության մասին, Հայաստանն անմիջապես հանդես է գալիս քրդական հողերի վրա այսպես կոչված Արեւմտահայաստանի օգտին, բայց եթե այդ հայերն ունեն պատիվ ու խիղճ ու ազգային արժանապատվություն, ինչո՞ւ Հայաստանը արդեն հարյուր տարի դարձել է պետություն, ինչո՞ւ Թուրքիայի դեմ գոնե մեկ րոպե չի պատերազմել, ինչու դուքՙ հայերդ, քրդերի պես արյուն չեք թափել :
Մենքՙ քրդերս, արդեն հարյուր տարի պատերազմում ենք Թուրքիայի դեմ, հատկապես վերջին 45 տարիներին, եւ այդպիսով չկա Արեւմտահայաստան, կա Հյուսիսային Քրդստան :
Շատ հայեր մտածում են, թե մենքՙ քրդերս, իրենց զինվորներն ենք, կկռվենք, իսկ իրենք կգան եւ պատրաստի կստանան: Դավաճաններ :
Դավաճանների եւ թուրքական փալասների հայտարարությունը ի դեմս հայ եկեղեցու
Մաշալյանը նաեւ հայտնել է, որ Թուրքիայի հայ եկեղեցու պատրիարքի ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 11-ին:
Նրա խոսքերով, Թուրքիայի հայ եկեղեցու պատրիարքությունը մշտապես նշել է մարդկանց խաղաղ գոյակցության կարեւորությունը:
«Չափազանց մտահոգված ենք Մերձավոր Արեւելքի պատերազմներով եւ քաոսով, մասնավորապես Սիրիայում: Ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է խաղաղություն ապահովել խաղաղ միջոցներով: Թուրքիայի հայկական եկեղեցու պատրիարքարանը աղոթքներ է հղում թուրքական բանակի «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության համար, որի նպատակը թուրքական սահմանից հարավ ընկած սիրիական շրջանների մաքրումն է ահաբեկիչներից: Թող Աստված մեր երկիրը եւ նրա քաղաքացիներին պաշտպանի դժբախտություններից», ասել է Մաշալյանը:
Նրա խոսքերով, Սիրիայի ժողովուրդը, որը բախվել է ճնշմանը, ահաբեկչությանը, անարդարությանը, խոշտանգումներին եւ արտագաղթին, արժանի է արդարացի խաղաղության:
«Աղոթում ենք, որ նրանք չկորցնեն հավատը արդարության, խաղաղության եւ պայծառ ապագայի հանդեպ: Մեր եկեղեցիներում մշտապես աղոթք է հղվում Թուրքիայի բարգավաճման եւ նրա բանակի համար: Մենք ամեն անգամ աղոթում ենք «Խաղաղության աղբյուր» գործողության հաջող ավարտման եւ խաղաղության հաստատման համար, մեր զինվորների կողմից իրենց պարտքի կատարման եւ տունդարձի համար», ասել է Մաշալյանը:
Տեքստըՙ Օսմանով Ռամազան Քարիմովիչի, ПСКмедиа, Russia Kurdistan [Kurdistanrussia@gmail.com], Oct. 11