ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Երկրորդ աշխարհամարտից առաջ` նույնիսկ ավելի վաղ ժամանակներում, զինված ուժերի հարցերով զբաղվող գերատեսչությունները տարբեր երկրներում կոչվել են «պատերազմի նախարարություններ»՝ ВОЕННОЕ МИНИСТЕРСТВО, وزارت جنگ, وزارة الحرب , SAVAŞ BAKANLIĞI, WAR DEPARTMENT, WAR OFFICE և այլն:
Հետագայում, խաղաղասիրության նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու համար, այդ գերատեսչությունները կոչվեցին ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ նախարարություններ:
Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունը հենց սկզբից կոչվեց ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, բայց սխալ չէր լինի, եթե Հայաստանում այդ գերատեսչությունն ստանար ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ անվանումը, քանի որ իրանական աղբյուրից փոխառված ՊԱՏԵՐԱԶՄ բառը նշանակում է «պաշտպանվող կողմի հանդիպական գրոհ՝ հակահարձակում, հետևաբար նաև՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ»:
Պատճառն այն է, որ ՊԱՏԵՐԱԶՄ բառը պահլավերեն PATRAZM հոմանիշից է, որը կազմված է pat և razm բաղադրիչներից: PAT նշանակում է «ընդդեմ», «ի հակադրություն», «հակա» և այլն: Իսկ RAZM-ը համարժեք է հայերեն ՌԱԶՄ բառին: Այլ օրինակներ ևս. իրանական աղբյուրից փոխառված հայերեն ՊԱՏՃԵՆ բառը նույնպես կազմված է PAT բաղադրիչի օգնությամբ, որը բառացի նշանակում է «հակընթերցում»: Պասրկերենում PAD բաղադրիչով կա նաև PAD-ZAHR «հակաթույն» բառը: Նույնը կարելի է ասել իրանական աղբյուրից փոխառված հայերեն ՊԱՏԱՍԽԱՆ բառի մասին, որի կազմության մեջ տեղ է գտել PAT բաղադրիչը: Պարսկերեն pad-ava նշանակում է ԱՐՁԱԳԱՆՔ՝ ձայնի հակադարձում: Իսկ պարսկերեն pad-avard > padafand բառը, որի բաղադրիչ է PAD արմատը, դարձյալ նշանակում է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Փաստորեն հայերեն ՊԱՏԵՐԱԶՄ բառը նախապես նշանակել է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Տեսնու՞մ եք, նույնիսկ Նորին Մեծություն Լեզվաբանությունն է վկայում հայերի խաղաղասիրական հոգեկերտվածքի մասին:
Գրիգոր Առաքելյան