Կան անուններ, որոնք իրենց ժողովրդի փառքը հաստատելու համար են ծնվելՙ վերստին արժեւորելու ու անմահացնելու հայ պոեզիայի մեծագույն գրողների ստեղծագործությունները : Անտարակույս, Սիլվա Յուզբաշյանի անունը մեկն է այն հազվագյուտներից, ում աստվածատուր ձայնի յուրահատուկ հնչեղության նրբերանգներն ու ելեւէջները նորովի շնչով ու ջերմությամբ են վերապրեցնում բոլոր ժամանակների հայ պոեզիան:
Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 25 -ին կայացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի պոեզիայի երեկոն:
Սովորաբար, հոկտեմբերն անձրեւային է Բրյուսելում: Կամակոր, ցուրտ քամիներն անձրեւի հետ շուրջօրյա շուրջպար բռնելով, իրենց կանոններն են թելադրում քաղաքինՙ ամենուր սփռելով սառնաշունչ տրամադրություն: Սակայն այդ օրերի անձրեւին հակառակ, երկնակամարում հանկարծ արեւն այնքան գթառատ հայտնվեց, ասես Սիլվա Յուզբաշյանն իր հետ հայաստանյան արեւն էր բերել: Շաբաթը հարուստ էր ոչ միայն արեւի ջերմացնող շողերով, այլեւ լեցունՙ մշակութային տարատեսակ միջոցառումներով, եւ մտավախություն կար, որ Սիլվա Յուզբաշյանի գրական երեկոյին գուցե հանդիսատեսի պակաս կլինի: Սակայն սպասվածին ճիշտ հակառակ, սրահը նախատեսվածից առավել մարդաշատ էր: Սիլվա Յուզբաշյանին լսելու ցանկությամբ տարված երկրպագուները «Հայ տուն» էին եկել ոչ միայն Բրյուսելից, այլեւ երկրի տարբեր քաղաքներից, անգամ հարեւան Հոլանդիայից, Գերմանիայից, Շվեդիայից, ընդհուպՙ Միացյալ Նահանգներից: Երկու ժամ անընդմեջ հնչում էր Վիլյամ Սարոյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի եւ մեծանուն մեր մյուս գրողների ստեղծագործություններն ու նրանց կյանքին առնչվող դիպվածներ, փոքրիկ պատմություններ, բանաստեղծություններին ծնունդ տվող հակիրճ նախապատմություններ:
Գրական երեկոն բազմաժանր էր, հարուստ ոչ միայն ասմունքով, այլեւ լի սիրո, կարոտի. խոհական, մայրական, հայրենասիրական պաթոսովՙ զուգահեռվելով մինչեւ իսկ մեր օրերինՙ արցախյան պատերազմին առնչվող թեմաներով:
Համակ լռություն էր տիրում դահլիճում եւ լռության միջից հառնում էր «Ասմունքի թագուհու» տիտղոսը նվաճած Սիլվա Յուզբաշյանի անկրկնելի ձայնը:
Հայ մեծանուն գրողների շունչն ու ոգին էր թեւածում դահլիճում, ասես զգում էինք նրանց ներկայությունը: «Հայ տուն» էին շտապել ոչ միայն ավագ եւ երիտասարդ սերնդի երկրպագուները, այլեւ օտար, ընդհուպ սեւամորթ համայնքի ներկայացուցիչներ: Եվ ի զարմանս այն փաստին, որ չտիրապետելով հայերենին, նախընտրել էին իրենց երեկոն նվիրել հայ պոեզիային, պատասխանն ինքնին զգացմունքային էր, «Զգալու համար հասկանալ պետք չէ, միայն ձայնի նրբերանգները բավական են հասկանալու, կաթիլ առ կաթիլ զգալու հոգու ջերմությունն ու արժեւորելու այն հանճարներին, որ հայ ազգը աշխարհին է տվել», իր խոսքում հստակեցրեց Բելգիայում Ռուանդայի ցեղասպանության խնդիրներով զբաղվող ներկայացուցիչը:
Շուրջ երկժամյա անընդմեջ ելույթից հետո հանդիսատեսը չէր կարողանում դուրս գալ դահլիճից, չէին դադարում հոտնկայս ծափահարությունները: Հայրենիքից հեռու, բայց հայրենիքի կարոտով լեցուն մեր հայրենակիցները հայրենիքի կանչի մորմոքն էին զգում: Արցունքոտ էին շատերի աչքերը,իսկ սրտերում լուռ, հուզական խոր մրմունջն էր տիրում: Ելույթի վերջում հանդիսատեսները ցանկանում էին լուսանկարվել, հուզմունքի ու երախտիքի սրտաբուխ խոսքեր փոխանակել արտիստուհու հետ: Անհուն համբերությամբ նա լուսանկարվեց դահլիճում գտնվող բոլոր ներկաների հետ: Մթնոլորտն այնքան ջերմ ու անմիջական էր, ասես բոլորը ճանաչում էին միմյանց: Կեսգիշերին միայն մեր հայրենակիցները հեռացան դահլիճից, իրենց հետ տանելով մեր մեծ գրողների խորունկ հուշերն ու Սիլվա Յուզբաշյանի ձայնի արձագանքը:
Երեկոյի հաջորդ օրը Սիլվա Յուզբաշյանն այցելեց Բրյուսելի «Հայ տան» «Սեւան» շաբաթօրյա հայկական դպրոց:Նա դպրոցին նվիրեց գեղանկարիչ Արթինի հեղինակած նկարը, ուր դպրոցի անվանը համահունչ պատկերված էր Սեւանա լիճը: Դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ երեխաներն ասում էին, որ մեծանան, անպայման գնալու են Հայաստան ապրելու: Նրանցից ոմանք հպարտությամբ նշում էին, թե Հայաստանր լավ գիտեն, որ այն իրենց հայրիկի հայրենիքն է, իսկ մի քանիսն էլ անկեղծ,վախվորելով բղավում, որ Հայաստանում պատերազմ է: Երեխաները հայրենասիրական ոտանավորներ արտասանեցին, հատկապես Համո Սահյանիՙ «Հայաստան ասելիս» եւ «Ախր, ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծությունները…
Բրյուսելի «Հայ տան» պարտեզում աճում են Հայաստանից բերված խաղողի վազեր եւ տարբեր մրգատու ծառեր: Այս տարի նռան ծառը չորս տարվա ընթացքում առաջին անգամ բերք էր տվել: Ծառին կար ընդամենը չորս նուռ, եւ Սիլվա Յուզբաշյանին տրվեց առաջին նուռը քաղելու պատիվը: «Նուռը առատության խորհրդանիշն է համարվում, եւ ինչպես կասեր Դանիել Վարուժանըՙ Արեւելյան կողմը խաղաղություն թող ըլլա Արեւմտյան կողմը բերրիություն թող ըլլա…» նուռը քաղելու պահին դողդողացող ձայնով ասաց Սիլվա Յուզբաշյանը եւ հավաստեց, որ այդ նուռը կպահի խնամքով, որպես սիմվոլ, հիշատակ Բրյուսելի «Հայ տանից»:
Իր այցի ընթացքում Սիլվա Յուզբաշյանը մասնակցեց նաեւ Բրյուսելի Հայ առաքելական Ս. Մարիամ Մագթաղինե եկեղեցու կիրակնօրյա պատարագին, որը նվիրված էր 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Այնուհետեւ իր հարգանքի խոնարհումը բերեց 1915-ի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Վաղանցիկ բայցեւ հագեցած այցի ընթացքում սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին Սիլվա Յուզբաշյանը հայրենադարձության ոգով տոգորեց, հայրենասիրության նվիրված հուշեր արթնացրեց, նրանց հոգում կրկին վերապրեցնելով հայրենիքի ձգող կանչը:
Նա գնաց, թողնելով իր հետ բերված Հայստանյան մի կտոր արեւ: Վերադարձից ճիշտ երկու օր անց Բրյուսելը վերստին պատվեց անձրեւային ամենօրյա իր շղարշով ու աշնանային սառնաշունչ քամիներով: