ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Գրեթե 150-ամյա ծերուկների արդիական կրթության տեսլականը
Ստորեւ լույս տեսնող խիստ ուսանելի հոդվածը ստացել ենք վաղուց, սակայն դրա հրատարակությունը վերապահել ենք հարմար առիթի: Կարծում ենք ավելի հարմար առիթ չի լինիՙ քան հիմա, երբ կրթության, հատկապես տարրական կրթության թեման դարձել է խիստ այժմեական:
ԽՄԲ.
Հայերենում մանուկ բառը ոչ միայն երեխա է նշանակում, այլեւ զինվոր: Մեկը, ով պետք է լինի Հայրենիքի մասին գիտելիքի կրող, ինքնության պահպանման անոթ: Զինվոր, ում գործելու ասպարեզը ամենեւին էլ միայն ռազմի դաշտը չէ, այլեւ կյանքի ամեն ոլորտը, ամեն հարթակը: Իսկ գործելու կարողությունը եւ հմտությունը ձեռք է բերվում մեկ ճանապարհով` կրթության:
Ինչպե՞ս էին պատկերացնում եւ ի՞նչ համոզմունք ունեին Կոմիտաս Վարդապետը եւ Հովհ. Թումանյանը այս ճանապարհի վերաբերյալ:
Նույն թվականին ծնված, նույն արժեհամակարգի, բարոյականության մասին նույն պատկերացումների տեր այս երկու հսկաները, իրարից անկախ, ձեւակերպել են Մարդու լավագույն տեսակի ստեղծման բանաձեւը կրթության միջոցով, որը ազգային լինելիության երաշխիքն է:
Թե՛ Կոմիտասը, թե՛ Թումանյանը մարդակերտման համար վեր են հանել ակունքի հարցը կամ արմատի խնդիրը: Ամեն բան սկսվում է ճանաչումից (ճանաչողությունից), բայց առավելՙ ինքնաճանաչումից (ինքնաճանաչողությունից): Եվ դա առանցքային հարց է: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում: Շատերն են փորձում գտնել ինքնաճանաչման համար այնքան անհրաժեշտ պատասխանները: Նաեւ` Կոմիտասն ու Թումանյանը: Միայն ճանաչելով ինքդ քեզ, կարող ես դառնալ ամբողջի անփոխարինելի մաս եւ ունենալ ինքնագնահատանք: Եվ այս գործընթացը պետք է սկսվի «էն դալար» հասակում, «…որ մեր լեզուն որոշում է մի բառով` մանկություն: Մանկությունը մարդու կյանքի էն ամենաընդունակ շրջանն է, երբ չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ: Հետեւաբար` շարունակ էլ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա: Եվ ահա հենց էստեղ էլ հարց է առաջ գալիս` ի՞նչ սնունդ տալ, եւ ի՞նչ ձեւով տալ» : (Հ.Թ., Ազդ):
Երկուսն էլՙ Կոմիտասն ու Թումանյանը, մանուկի «սնունդը» արարչագործված բնության մեջ են տեսնում: Բնությունն իր տարերքներով, իր գեղեցկությամբ, իր կարգավորությամբ, ներդաշնակությամբ եւ տրամաբանվածությամբ: Ահա այստեղ է սնունդի անհատնելի պաշարը:
«Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ` Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները,զի քո սիրտն է ալ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորակն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ զգացումներ: Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…»: (Կոմիտաս, Մանկիկ Վահագնին):
Միեւնույն հարցի շուրջ է խորհում Թումանյանը. «Ինչ վերաբերում է սնունդին, ամեն բան, ինչ որ շրջապատում է նրան, ինչ որ գոյություն ունի աշխարհքում, սնունդ է նրա համար: Միայն թե պետք է իմանալ, գտնել էս անսպառ սնունդ տալու ձեւը»: (Հ.Թ., Ազդ):
Այդ ձեւն իհարկե պետք է մշակեն մեծահասակները` օգնելու երեխաներին: Դա հենց դաստիարակություն է եւ մանկավարժություն: Բայց ե՛ւ Կոմիտասը, ե՛ւ Թումանյանը կրթության մեջ չէին անտեսում երեխայի նախաձեռնողականության, նրա պատրաստակամության եւ ակտիվության գործոնը: Երեխան ոչ թե սոսկ մի անոթ է, ուր պետք է կուտակվի գիտելիքը` ծնողների, ուսուցիչների կողմից, այլեւ երեխան գիտելիքի ստացման գործընթացում ակտիվ դերակատարություն պետք է ունենա, ինքնուրույնություն, քննադատական մոտեցում, ընտրելու իրավունք եւ պարտավորություն, ստեղծարարություն:
Այս առումով հետաքրքրական են Կոմիտասի եւ Թումանյանի ուղերձ-հորդորները հենց երեխաներին.
«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ :
Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ մտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սրտէն բարի, բարի զգացումներ»: (Կոմիտաս, Մանկիկ Վահագնին):
«…աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով եւ աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով: Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էլ էդպես է իր ծնունդից:….Արեւի նման նայեցեք աշխարհին»: (Հ.Թ. Խոսք պատանի գրասերներին): Այս պատգամները կարծես պատրաստում են երեխային գիտելիք (գիտության եւ գեղարվեստի) հետ առնչվելու ծիսական արարողությանը: Դա կարծես լույսի, պայծառության, արեւի, ստեղծարարության, արվեստի պահանջմունքի գովաբանում է: «Մինչ երիտասարդութիւնը,- որ կեանք ու արեւ կը սիրէ,- կը վազէ կ՛երթայ հոն ուր գեղարուեստը կը փառաբանուի: Ու գեղարուեստը արդէն ազգի մը արեւն ու կենսունակութեան ջիղը չէ՞ միթէ»: (Կոմիտաս,Գաւառի հոգին):
Եվ այսպես, բովանդակությունն առկա է, այն մեզ շրջապատող հարափոփոխ աշխարհն է: Հարկավոր է լուծել «ինչպես»-ի հարցը, բովանդակության մատուցման եղանակի, ձեւի խնդիրը: Այս հարցը լուծելու համար երկու մեծերն ունեն իրենց ելակետը: Թումանյանի համար դա խաղն է, Կոմիտասի համար երգեցողությունն ու պարը, եւ այս ամենը միասին ունեն մեկ բնորոշում` շարժում: «Եվ մինչդեռ մենք նստած խորը մտածում ենք էս դժար հանելուկի վրա, ինքը, մանուկ հասակը, ցույց է տալիս էն հրաշալի ձեւը ու ամեն տեսակի սնունդ էլ պահանջում է իր ուզած ձեւով` խաղով: Խաղը նրա, մանուկ մարդու, բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է: Խաղում է նրա մատաղ կյանքի ամեն մի մասնիկը, խաղում է նրա թրթռուն սիրտը ջահել կրծքի մեջ, ու կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, խաղով է քննում, խաղով է ճանաչում ու ընդունում: Դա նրա ձեւն է, նրա մեթոդն է: Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում, առանց ձանձրանալու, առանց հոգնելու»: (Հ.Թ.,Ազդ):
Ըստ Թումանյանի պատմական եւ ազգային կյանքի ու ճակատագրի բերումով թմրության մատնված հայությունը «վերածնության,վերանորոգության, կազդուրման ու կազմակերպման նոր, կենդանի, աշխույժ, առողջ ու ոգեւորիչ շրջան» է մտնում եւ նրա «…կաշկանդված ուժերը խաղս են լինում: Էսպես է բնության սքանչելի օրենքը. կյանքն ու կենդանությունը, ուժեղ հոգին ու առողջ սիրտը խաղով են արտահայտվում» :
«Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեա նք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ»: (Կոմիտաս, Մանկիկ Վահագնին):
«…հարկ կ՛զգամ բացատրել թէ ի՛նչ նշանակութիւն ունի մանկական երգեցողութիւնն ապագայ ազգային դաստիարակութեան գործի մէջ:Երգեցողութիւնը դնդերներու շարժում մըն է, որ կ՛առաջանայ համապատասխան զգացումներէ: Մանուկը ի՛նչ զգացումի տակ որ ըլլայ, այդ զգացումը կ արտայայտէ որոշ երգերով: Երգը ներքին` հոգեկան զգացումին արտայայտութեան մէկ ձեւն է, ուրեմն շարժում մըն է. եւ պարն ալ ինքնին շարժում մը ըլլալով, երգը կը զուգորդուի պարի հետ»: «…ամէն կեանքի մէջ պար կայ. արդէն ամբողջ տիեզերքի կեանքը պար չէ՞: (Կոմիտաս, Պարն ու Մանուկը):
Ուրեմն` խաղը, երգը, բնականաբար պարը շարժում են, աշխատանք, վարժանք մտքի, հոգու, մկանների, արյան:
Մարդն, որպես բնության մասնիկ եւ արարչագործություն, անընդհատ ընթացքի մեջ պետք է լինի, անկանգ: Այլապես, ինչպես գրում է Թումանյանըՙ «Մարդիկ կան, ըստ ամենայնի թմրած, լքված ու խորտակված մարդիկ, որ …. իրենց մեռելությունը լրջություն են անվանում» :
Նույն կարծիքին է նաեւ Կոմիտասը.
«…մենք …ծերացածներս, Զարդարեանի նկարագրած գամփռին նման քոսոտած, փողոցի տղոց քար նետելուն կը սպասենք շարժելու համար» :
Խաղը, երգը, պարը, որ կարող ենք պայմանականորեն շարժում անվանելՙ հատկապես երեխայի բնական պահանջմունք է: «Կարիքն ու զարգացումը զոյգ կ ընթանան» : (Կոմիտաս, Պարն ու Մանուկը )
«Հիշողություններ Էջմիածնի որբանոցից» հոդվածում Թումանյանը նկարագրում է 1915-ին որբախնամ առաքելության ժամանակ արձանագրած փաստըՙ կմախքացած, տանջված, բռնի տեղահանված երեխաները, հարյուրավոր վերստ տաժանակիր ճանապարհ անցած, վիրավոր ոտքերով չէին կարողանում կանգնած մնալ: Շարքերով լուռ նստած`անհաղորդ նրանք միայն իրենց աչքերը անթարթ սեւեռում էին դռանը, որտեղից պետք է հայտնվեին թեյ, կամ կերակուր բերող դայակները… Եվ հանկարծ օրերից մի օր` հրաշք.«Հիշում եմ էն լավ օրը, երբ առաջին անգամ վերահսկողները գանգատվեցին, թե արդեն չարաճճի են դարձել, դժվարացել է կառավարելը, երբ առաջին անգամ տեսանք, թե ինչպես էին նախասենյակում կուտակած աշակերտական նստարանների արանքները լցվել կամ վրաները բարձրացել ու ոմանք զվարթ երգում են խմբով, ոմանք, նստարաններին հեծած, ձի են խաղում, ոմանք էլ կատակներ են անում, ուրախ-ուրախ ճչում, կրկչում…Ու ամենքիս աչքերն էլ լցվեցին ուրախության արտասուքներով…» :
Հետաքրքրական է, որ մեր ժողովրդի համար օրհասական ժամանակներում Թումանյանի մտասեւեռումը երեխաներն էին դառնում: 1915թ.` առավելապես: Նա լինում է Արեւմտյան Հայաստանում եւ անձամբ ականտեսը դառնում ցեղասպանության արհավիրքի: Դա ոչ միայն ներկայում կատարվող զարհուրելի ողբերգություն էր, ներկաՙ ժամանակի առումով, այլ նաեւ անդառնալի ողբերգություն կարող էր դառնալ ազգային ապագայի: Թվում էր, թե Էջմիածնում մազապուրծ որբուկների առկայությունը որոշ մխիթարություն պետք է լիներ Թումանյանի համար: Բայց ֆիզիկական գոյությունը զուգորդվում էր հոգեկան լիակատար աղճատմամբ: Ցեղասպանությունը լուծում էր ոչ միայն ֆիզիկական բնաջնջման հարցը, այլեւ ազգային որակի փչացման հարցը: Թումանյանը 1915-ին պետք է օգներ մանուկներինՙ իմաստավորելու իրենց թշվառ գոյությունը:Հարկավոր էր երեխաների համար դրդապատճառ «ստեղծել, առաջացնել» վերապրել ցանկանալու համար, մարմնական եւ հոգեկան ցավերից ազատվելու համար իմաստ ձեւակերպել: Բայց հույս տալու համար, նախ ինքը` Ամենայն Հայոց որբերի հայրիկը, պետք է հավատար դրան: Թումանյանի մեծությունը հենց այդ լուսավոր հավատի մեջ էր` «Հույսի Հայրենիք, Լույսի Հայրենիք»:
Եվ «աշխարհքի սկզբից ի վեր գնտված հրաշալի միջոցին» ` խաղին է դիմում Թումանյանը խոսելու համար հայ մանուկի հետ «թե՛ մեր հայրենիքից եւ թե՛ առհասարակ մեծ կյանքից ու աշխարհքից, ամեն բանից :
«…էս խառը ժամանակը ես էլ, ի միջի այլոց, զբաղված եմ եւ հայրենագիտական եւ ուրիշ տեսակի խաղալիքներով-ասում եմ գուցե դրանով էլ մեր մանուկներին մի բանով օգնած լինենք -հայանալու եւ մարդանալու:…Մտքումս դրել եմ էնպես անեմ, որ մի երկու տարում բոլոր հայ երեխաներին սովորեցնեմ հայոց գետերի, քաղաքների, լեռների, լճերի գոնե անունները :
«Էսպես վշտի ժամանակ մարդիկ կան, որ իրենց գինուն են տալիս, մարդիկ կանՙ թղթախաղի…ես էլ էս տեսակ բաներով եմ զբաղվում պարապ ժամանակս: Թե օգուտ չտա, վնաս հո իսկի չի տալ» :
Թումանյանը իր ծրագիրն իրականացնելու համար մոբիլիզացնում է իր զավակներին, որոնք տարբեր գրքերից աշխարհաճանաչողական տեղակատվություն են հավաքում հայրիկի հետ իրագործելու«Մանուկ» ընկերության նպատակը:
Թումանյանը դիմում է նաեւ, այդ ժամանակ Մոսկվայում գտնվող իր լավագույն ընկերոջը` Ֆիլիպ Վարդազարյանին. «Շատ պետք է ուրախացնեք, եթե հետաքրքրական մի երկու խաղ ուղարկեք, միայն թե գրական բնավորությամբ, որ համ զվարճալի լինի, համ էլ բան սովորեցնի» :
Այսպես, ընտանեկան «Մանուկ» ընկերությունը հրատարակեց սեղանի մտավոր 9 խաղ, որոշները «Հայրենագիտական» վերտառությամբ` Հայոց գետեր (մեծ, փոքր), Թանկագին քարեր, Սրամիտ հովիվը` տառերի խաղ, Հայկական հանելուկներ, Հայկական առածների լոտո, Դդում` գույների խաղ, Աստղերի խաղ:
Այս խաղերը, ինչպես նաեւ երեխայի զարգացման եւ ազգային տեսակի հետ մեկընդմիշտ նրա նույնականացմանը նպաստող անփոխարինելի երգերն ու պարերը բերկրանք պետք է պատճառեն: Դա ինքնանպատակ եւ դատարկ մի ապրում չէ, այլ իմաստավորված: Դա այն զգացումն է, որը օգնելու է գիտելիքի յուրացմանը: Խաղի պրոցեսի կամ խաղալու բերկրանքը առավել է արժեւորվում, քանի որ դրա միջոցով գիտելիքը հասկանալի եւ հետաքրքրական է երեխայի համար: Այսինքն` խաղերի թեմատիկ նյութերը ընտրված են հաշվի առնելով երեխայի ընկալման եւ հետաքրքրասիրության առանձնահատկությունները: Ազգային երգն ու պարը արթնացնում են գենետիկ հիշողությունը: Մի խոսքովՙ այս երեքն էլ նպաստում են առողջ զգացմունքների առաջացմանը: «Դատարկ հնչումէն դատարկ զգացում կ առաջանայ»: (Կոմիտաս, Պարն ու Մանուկը):
Ուստի զգացումները կանոնավորելու եւ դատարկ զգացումից խուսափելու համար, ըստ Կոմիտասի, անհրաժեշտ է դասավանդումը ճիշտ ուղղությամբ իրականացնել: Նա, մասնավորապես երգեցողության ավանդման օրինակն է բերում: «Մանուկը` բարոյական կեանքի փիլիսոփայութիւնը, կեանքի հասկացութիւնը չունի: Պէտք է անոր հոգեկան զգացումներուն հաւասարակշիռ դաստիրաակութիւն մը տալ: …Զգացումները կանոնավորելու, ուղղելու, զարգացնելու համար հարկ է երգեցողության աւանդումին նպատակայարմար ուղղութիւն մը տալ: Մեր մէջ փոքրիկ մանուկներու կ սկսին սովրեցնել բարոյախօսական, խրատական, փիլիսոփայական երգեր` որոնց իմաստն ան չի հասկնար, ու չ ազդուիր այնպէս ինչպէս պէտք էր»: (Կոմիտաս,, Պարն ու Մանուկը):
Կոմիտասը տարիքային հոգեբանության տեսակետից է նայում հարցին: Թումանյանի պես, նա կարեւորում է զգացմունքի հարցը «…չ ազդուիր այնպէս ինչպէս պէտք էր» , իսկ ինչպես է պետք, որ ազդվի, ինչից ազդվի: Բնականաբար իր տարիքին համապատասխան ապրումներ ունենա` ուրախ եւ զվարթ հույզերով համակվի: Մի խոսքով` բերկրանքն ապրի դասընթացի ժամանակ: Իզուր չէ որ Կոմիտասը կտրուկ է նյութի ընտրության հարցում ` պնդելով, որ երեխային չի կարելի տխուր երգ տալ, այլ աշխույժ, եռանդ առաջացնող երգեր: (Կոմիտաս, Պարն ու Մանուկը):
Կրթական գործընթացում, ինչպես եւ բնության մեջ գործում է ռեզոնանսի օրենքը: Այնպես որ, «Զգացումներն ի նչ ուղղութեամբ որ ընթանան, երգն ու պարն ալ նոյն արտայայտութեամբ երեւան կու գան»: (Կոմիտաս, Պարն ու Մանուկը):
Թումանյանի եւ Կոմիտասի սովորեցման եւ հասկացման մեթոդը սրտից ուղեղ է ընկած:Դա երեխայի համար ցանկալի նյութի յուրացումն է հաճելի զգացումի ճանապարհով: «Որպէս զի երգեցողութիւնը դնդերներու միջոցաւ անոր ուղեղին բարերար ազդեցութիւն մը ունենայ, պէտք է գիտակցական ըլլայ» :
Վարդապետն, այսպիսով, ձեւակերպում է կրթության եւ դպրոցի նպատակը` «երեխայի հոգեկան զգացումներուն հաւասարակշիռ դաստիարակութիւն» տալը : Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այդպես մտածող եւ դա իրագործել կարողացող ուսուցիչներ եւ համապատասխան դասագրքեր: «Ուսուցիչ պարոննե՛ր եւ քոյրե՛ր. զգուշութեամբ ու երկիւղածութեամբ մօտեցէք դաստիարակութեան գործին. խիստ փափուկ պաշտօն մըն է ձերը. դաստիարակելու կոչուած էք սերունդ մը, որ ապագայ ազգն է. սխալ ուղղութեամբՙ ազգ մը կը խորտակէք վերջը….» :
Կոմիտասի մտահոգությունը շատ խորն է: Ուսուցիչը կոչում է, սերունդի դաստիարակությունը ազգի ապագայի հարց է: Մարդկային որակյալ պաշարի` ռեսուրսի ապահովման հարց, ազգի որակի վերարտադրման հարց է: Ուստի ուսուցչի առաքելությունը եւ պատասխանատվությունը գերագույն է, բայց եւ չափազանց կարեւոր է հանրային եւ պատկան մարմինների վերաբերմունքը եւ հոգածությունը նրա հանդեպ: «Դպրոցներ ունենք, բայց ամենալավ ուժերն այնտեղ տեղ չունեն» ,- 1895 թվականին «Մշակի» թիվ 7 համարում իր մտահոգությունն է հայտնում Թումանյանը: «Ուսումնարան ասելով ավել շուտ շենքն ենք հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ» ,- բովանդակության եւ ձեւի աններդաշնակության մասին է գրում 1910թ. «Ձեւն ու հոգին» հոդվածում: Թումանյանը բազմիցս բարձրացրել է նաեւ ուսուցչի ռոճիկի հարցը: «Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունըՙ դպրոցի բովանդակությունը, երկուսը միացած են պայծառ ու լուսավոր ուժով, որով հզոր ու անխորտակելի են դառնում ժողովուրդները ու մտնում են կուլտուրական ազգերի եղբայրության մեջ: (Հ.Թ., Դպրոց եւ գրականություն):
«Դպրոցն ու գրականությունը (իհարկե, լայն մտքով գրականությունը), որ ուժեղացնենք, մեծ բան արած կլինենք» ,- իր տեսլականն է կիսում 1913 թվականի ապրիլին գրականագետ Սիմոն Հակոբյանին հասցեագրած նամակում:
Նկարագրով մեր ազգային կյանքը, պատմական դեպքերի հետեւանքով առաջացած իրականությունը, Թումանյանը գրում է. «Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, ե՛ւ «հառաջադիմություն», ե՛ւ «կուլտուրա», ե՛ւ «դպրոց», ե՛ւ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, եւ տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա եւ տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ, մի ժողովուրդ թանկ ու համակրելի… Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»: (Հ.Թ., Դառնացած ժողովուրդ):
Պատճառահետեւանքային կապն ակներեւ է: Ամենակարեւորն այն է, որ հայտնի է պատճառը: Հետեւանքները վերացնելու համար արմատական քայլեր են պետք: 1910թ. գրված վերոնշյալ հոդվածից թե՛ առաջ` 1905 եւ 1907թթ., եւ թե՛ հետո` 1915թ., Թումանյանը ուղղակի կամ անուղղակի, այսպես ասած, միջամտել է կրթության եւ դաստիարակության որակի բարելավման գործընթացին` ունենալով քայլերի իր ալգորիթմը: