ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն այն հիմնական ցուցանիշն է, որը բնորոշում է տվյալ երկրի զարգացման եւ բարեկեցության մակարդակը: Ավելի պարզ ասածՙ դա մեկ տարվա ընթացքում տնտեսության ամբողջ ծավալն է բաժանած երկրի բնակչության թվի վրա: Վերջին երկու տարիներին, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) եւ Արժույթի միջագային հիմնադրամի (ԱՄՀ), մեկ շնչին ընկնող ցուցանիշով անփոփոխ առաջատարը Լյուքսեմբուրգն է, իսկ լավագույն եռյակում գտնվող մյուս երկու երկրները Շվեյցարիան եւ Մակաոն են:
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն հաշվարկվում է միայն տարեկան արդյունքներով
Հայաստանը, համաձայն ԱՄՀ վերջինՙ 2018 թ.-ի տվյալների, զբաղեցնում է 114-րդ տեղը 190 երկրների մեջ մեկ շնչին ընկնող 4188 դոլար ցուցանիշով: Վերջերս Ազգային Ժողովում բյուջե 2020-ի քննարկման եզրափակիչ ելույթում այս ցուցանիշին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես հետեւյալն ասաց. «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ եւ գուցե պատմական նշանակություն ունի: 2019 թ.-ին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել մեր հարեւան, մեր բարեկամ, մեր սիրելի Վրաստանից: …Բայց կարեւոր է արձանագրել, որ մենք, հիմա արդեն 2019 թ.-ի արդյունքներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջ ենք անցնում Վրաստանից: Բայց առավել կարեւոր է 2020 թ.-ի արդյունքներով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից: Այս սանդղակում Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է, եթե ոչ միշտՙ առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը: Այս սանդղակում 2020 թ.-ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը»: Ի՞նչ կարելի է ասել այս մասին:
Առաջին հերթին պետք է շեշտենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու կողմից ականատես եղանք ապատեղեկատվության եւ իրականության խեղաթյուրման հերթական դրսեւորմանը:
Մասնավորապես, մեկ շնչին ընկնող ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) ցուցանիշը անհնար է պարզել առանց տնտեսության տարեկան ցուցանիշների: Մինչդեռ, 2019 թ.-ը դեռ չի ավարտվել եւ ասել մեր ցուցանիշն արդեն «առաջ է անցել» կամ «առաջ ենք անցնում» հիմնվելով 10 ամիսների ցուցանիշների վրա, չի կարելի: Եթե դա հնարավոր լիներ, ապա նույն հաջողությամբ կարելի է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ամսական ցուցանիշներ հրապարակել, որը բնականաբար, չի արվում:
Ինչ վերաբերում է «2020 թ.ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը» եւ առաջ է անցնելու Վրաստանից եւ Ադրբեջանից, ապա ներկա պահին դա բացառապես բարի ցանկություն է: Դա ներկայացնել որպես նվաճում, անթույլատրելի է: Ճիշտ այնպես, ինչպես անթույլատրելի էին մինչ իշխանության գլուխ անցնելը երկրի թռիչքային տնտեսական աճի, գազի եւ էլեկտրաէներգայի սակագների նվազեցման, պետական բյուջեի եկամուտները մեկ երրորդով ավելացնելու եւ բազմաթիվ այլՙ չիրականացրած խոստումները:
Իրականությանը չեն համապատասխանում նաեւ Վրաստանից կամ Ադրբեջանից առաջ անցնելը որպես «պատմական» կամ «սիմվոլիկ» ներկայացնելը, ինչպես նաեւ այն, որ մենք այս սանդղակում «միշտ» կամ «վերջին տասնամյակներում» վերջինն ենք եղել: Այժմ այս մասին մասին ավելի մանրամասն:
2000-ականներին առաջ ենք եղել ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Ադրբեջանից
Ներկայացնենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշները Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում սկսած 1994 թ.-իցՙ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ).
– | Վրաստան | Ադրբեջան | Հայաստան |
1994 թ. | 168 դոլար | 197 դոլար | 197 դոլար |
1995 թ. | 402 դոլար | 316 դոլար | 400 դոլար |
1996 թ. | 670 դոլար | 411 դոլար | 504 դոլար |
1997 թ. | 796 դոլար | 508 դոլար | 522 դոլար |
1998 թ. | 841 դոլար | 543 դոլար | 608 դոլար |
1999 թ. | 668 դոլար | 576 դոլար | 597 դոլար |
2000 թ. | 743 դոլար | 656 դոլար | 621 դոլար |
2001 թ. | 797 դոլար | 675 դոլար | 692 դոլար |
2002 թ. | 851 դոլար | 761 դոլար | 779 դոլար |
2003 թ. | 1006 դոլար | 880 դոլար | 923 դոլար |
2004 թ. | 1302 դոլար | 1040 դոլար | 1180 դոլար |
2005 թ. | 1637 դոլար | 1571 դոլար | 1628 դոլար |
2006 թ. | 1992 դոլար | 2458 դոլար | 2128 դոլար |
2007 թ. | 2627 դոլար | 3818 դոլար | 3079 դոլար |
2008 թ. | 3325 դոլար | 5579 դոլար | 3913 դոլար |
2009 թ. | 2812 դոլար | 4964 դոլար | 2912 դոլար |
2010 թ. | 3063 դոլար | 5881 դոլար | 3122 դոլար |
2011 թ. | 3825 դոլար | 7243 դոլար | 3417 դոլար |
2012 թ. | 4238 դոլար | 7546 դոլար | 3576 դոլար |
2013 թ. | 4341 դոլար | 7926 դոլար | 3732 դոլար |
2014 թ. | 4442 դոլար | 7939 դոլար | 3889 դոլար |
2015 թ. | 3760 դոլար | 5300 դոլար | 3529 դոլար |
2016 թ. | 3856 դոլար | 3898 դոլար | 3524 դոլար |
2017 թ. | 4047 դոլար | 4212 դոլար | 3869 դոլար |
2018 թ. | 4346 դոլար | 4722 դոլար | 4188 դոլար |
Ինչպես տեսնում ենք վերոնշյալ աղյուսակից, մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2005 թ.-ին գրեթե հավասարվել ենք Վրաստանի հետ, իսկ դրանից հետո հինգ տարի անընդմեջՙ 2006-2010 թվականներին առաջ ենք եղել: Հիշեցնենք, որ դա Ռոբերտ Քոչարյանի կառավարմանՙ 2000-ականների բուռն տնտեսական աճի տարիներն էին: Այդ տարիներին մենք ավելի բարեկեցիկ էինք ապրում, քան հարեւան Վրաստանը, որտեղ նույնպես լուրջ բարեփոխումներ էին կատարվում եւ տնտեսական լավ ցուցանիշներ արձանագրվում: Այսինքն, չնայած շարունակվող շրջափակման, բանակի եւ սպառազինությունների համար ահռելի ծախսերի, աղետի գոտու հատկացվող մեծ գումարների, Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ էր անցել դեպի ծով ելք եւ տարանցիկ հնարավորություններ ունեցող, սպառազինության վրա մեծ ծախսեր չանող եւ արեւմուտքից մոտ 4 մլրդ դոլար աջակցություն եւ վարկեր ստացած Վրաստանից:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա երկար ժամանակ բարեկեցության ցուցանիշով առաջ ենք եղել նաեւ այդ երկրից: Ըստ վերոնշյալ աղյուսակի, 1995-2005 թվականներին (բացառությամբ 2000 թ.-ը) մենք առաջ ենք եղել Ադրբեջանից եւ ավելի լավ ապրել, քան Ադրբեջանի բնակչությունը: Հետագայումՙ մինչեւ 2008 թ.-ը ներառյալ, Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շարունակել է աճել: Սակայն 2009 թ.-ինՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով ունեցանք ինչպես տնտեսական, այնպես էլ բարեկեցության մակարդակի անկում:
Սկսած 2006 թ.ից Ադրբեջանի բարձր տնտեսական եւ համապատասխանաբար մեկ շնչին ընկնող ՀՆԱի աճը առաջանցիկ աճը, գաղտնիք չէ, որ պայմանավորված է նավթարդյունաբերության ծավալների կտրուկ աճով եւ նավթի միջազգային բարձր գներով: Այն բանից հետո, երբ 2014 թ.-ին վերջին նավթի գները մոտ երեք անգամ նվազեցին, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2015 թ.-ից նույնպես կտրուկ նվազեց: 2017-2018 թվականներին նավթի գների որոշակի աճն ու կայունացումը բարելավեցին այս ցուցանիշը Ադրբեջանում:
Թերեւս այսքանը բավական է փաստելու համար որ կառավարության հերթական անգամ անտեսում է մեր երկրի հաջողությունները անցած տարիներին եւ խեղաթյուրելով իրականությունը, փորձում որպես հաջողություն ներկայացնել ապագայում ակնկալվող եւ այս պահին գոյություն չունեցող արդյունքները:
Կուզենայինք դրական բոլոր ցուցանիշները իրականացված տեսնել: