Եթե մի քանի տարի առաջ որեւէ հայի հարց տրվեր, թե ի՞նչ առնչություն ունի Սիրիայի Իդլիբ նահանգը հայկական որեւէ հարցի հետ, պատասխանը հավանաբար կլիներ այն, որ այդ նահանգը շատ մոտ է Դեր-Զորինՙ հայկական Օսվենցիմին, եւ այնտեղ գտնվող տարագրված հայկական համայնքներին, որոնք այդ գյուղական վայրերում ապրում են հայոց Մեծ եղեռնից ի վեր: Ոչ ոքի մտքով չէր անցնի այն կապել Ղարաբաղի հետ:
Բայց այսօր, երբ Իդլիբը դարձել է միջազգային լարվածության կենտրոն, քաղաքական զուգորդումը այդ երկուսի միջեւ ցույց է տալիս նրանց գոյութենական առնչությունները միմյանց հետ:
Ռուս-թուրքական մեղրամիսը չափից ավելի լավ էր, որ երկար տեւեր: Այն դատապարտված էր վախճանի հասնել եւ ավելի վաղ ավարտվեց, քան որեւէ մեկն ակնկալում էր: Հիմա քաղաքական շրջանակներում խոսում են ռուս-թուրքական 17-րդ պատերազմի մասին: Երկու կողմերի միջեւ թաքնված բոլոր լարվածություններն ի հայտ են եկել եւ նրանց բանակներն այժմ իրար դեմ են կռվում սիրիական մարտադաշտում: Արդեն շուրջ 36 թուրք զինվոր է մահացել եւ շուրջ 40 ուրիշներ էլ վիրավորվել են: Նախագահ Էդրողանը խուսափում է անմիջականորեն Ռուսաստանին մեղադրելուցՙ այդ արյունահեղության համար եւ փոխարենն իր զայրույթն է թափում Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադի զորքերի վրաՙ թիրախավորելով նրանց եւ հարյուրավորներին սպանելով: Սակայն Անկարայի ռազմավարությունը մշակողները շատ լավ գիտեն, որ Ասադի զորքերը նման հաղթանակ չէին կարող նվաճել առանց Ռուսաստանի օդային պաշտպանությանը: Սկզբում Էրդողանը նախագահ Պուտինին կոչ արեց դադարեցնել կոտորածը, բայց տեսնելով, որ իր կոչը տեղ չի հասնում, պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել Ստամբուլում մարտի 5-ին: Հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինն այդ օրը այլ հանդիպումներ ունի: Արդյունքում Էրդողանը ստիպված եղավ ինքը մեկնել Մոսկվա, ինչը ամբարտավան նախագահի համար չափազանց նվաստացուցիչ էր:
Այդ ամբողջ ընթացքում լրատվամիջոցներն ու քաղաքական ապարատը Անկարայում գործի էր լծվելՙ փորձելով պաշտպանել Թուրքիայի արկածախնդրությունները Սիրիայում: Թուրքիայի քաղաքական գործողություններն ու դրանց ընկերացող սպառնալիքները ուղղված էին տարբեր երկրներին, բայց մասնավորապես Ռուսաստանին: Էրդողանի քաղաքական հարցերով խորհրդական Հաքքը Չասինն , օրինակ, հայտարարում էր, որ Ռուսաստանին տրված հակահարվածը շատ ծանր էր լինելու: «Ռուսաստանում 25 միլիոն մահմեդական է ապրում, եւ նրանք կարող են երկիրը ներսից պայթեցնել»:
Սա, իհարկե, առաջին անգամ չէ, որ Թուրքիան կրոնն ու էթնիկական պատկանելիությունը դարձնում է զենք, որի միջոցով կարող է պայքարել: Արժե հիշատակել այստեղ, որ երբ Գերմանիան չթողեց Էրդողանին 2017-ի ընտրարշավը ծավալել նաեւ Գերմանիայում, վերջինս կոչ արեց ամբողջ Եվրոպայի թուրքերին մեծացնել իրենց ընտանիքների անդամների թիվը, դրանով իսկ մեծացնելով, աստիճանաբար, նաեւ իրենց իշխանությունը այդ մայրցամաքում:
Դիվանագիտական ճակատում, Էրդողանը մեկնեց Արդբեջան հանդիպելու Իլհամ Ալիւեի հետ: Նրա հետ Բաքու էր ժամանել մի մեծ պատվիրակություն, որ 14 համաձայնագիր կնքեց այնտեղ, նպատակ ունենալով երկու երկրների միջեւ ներկայի առեւտրաշրջանառությունը 2 միլիարդ դոլարից հասցնել տարեկան 15 միլիարդ դոլարի: Առավել նշանակալի էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի մասնակցությունը, որ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքեց համատեղ ծանր հրետանի արտադրելու եւ այդ երկրի զինուժը արդիականացնելու վերաբերյալ:
Իսկ Հայաստանի համար տագնապալի էր այն, որ Էրդողանը առաջնահերթության կարգով բարձրացրեց նաեւ Ղարաբաղի հարցը, հայտարարելով, որ այն նույնքան Թուրքիային էր վերաբերում, որքան Ադրբեջանին: «Մեր մեծագույն ցանկությունն է կարգավորել Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի գերիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա», ասաց նա:
Համատեղ մամուլի ասուլիսում ազերի նախագահը շնորհակալություն հայտնեց Էրդողանին «պաշտպանելու համար Ադրբեջանի արդարացի դատը» եւ հայտարարեց, որ իր երկիրը «կշարունակի արդիական զենքեր գնել Թուրքիայից»:
Այս ամբողջ քաղաքական ներկայացումը միտված էր Կովկասից բացի Մոսկվային զգուշացնելու, որ Թուրքիան պատրաստ է թիրախավորելու ռուսական ազդեցության տակ գտնվող հենակետերը, որից մեկը գտնվում է Կովկասում, իսկ մյուսըՙ Լիբիայում: Այս վերջինում Ռուսաստանը պաշտպանում է գնդապետ Հաֆթարին, մինչ Թուրքիան քաղաքական եւ ռազմական օժանդակություն է ցուցաբերում Տրիպոլիի կառավարությանը:
Էրդողանի հաջորդ քայլը, բնականաբար, լինելու էր այս լարվածության մեջ ներքաշել նաեւ ՆԱՏՕ-ին, պահանջելով, որ վերջինս հատուկ նիստ գումարի Սիրիայի հարցը քննարկելու համար: Քանի որ Սիրիայում թուրքական զորքերի վրա հարձակումը չէր նշանակում հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, Թուրքիան չէր կարող օգտվել այդ կազմակերպության դաշնակցային պայմանագրի 5-րդ հոդվածից, ուստի Էրդողանը մատնանշել էր 4-րդ հոդվածը, որ կոչ էր անում ճգնաժամային պահերին խորհրդակցություններ անցկացնել կազմակերպության անդամների մասնակցությամբ: Այստեղ էլ, սակայն, Էրդողանը բացի զոհված զինվորների համար ցավակցությունից ոչինչ չստացավ, որովհետեւ նրա Սիրիայում գտնվելու օրինականությունը հարցականի տակ էր:
ՄԱԿ-ի Զենքերի վերահսկման գծով նախկին (1991-1998) տեսուչ Սքոթ Ռիտտերը «Global Research» պարբերականում իր կարծիքն էր հայտնել գրելով, որ «4-րդ հոդվածի ընձեռած հնարավոր խորհրդակցությունից Թուրքիան ստացավ ընդամենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի մեղադրական հայտարարությունը ուղղված Սիրիային եւ Ռուսաստանին եւ հորդորը, որ Սիրիայում իրավիճակը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, որը կթեթեւացներ փախստականների մարդասիրական օգնության խնդիրները: Սա շատ հեռու էր Թուրքիայի ակնկալած ռազմական օգնությունից, որը «Պատրիոտ» տիպի օդային պաշտպանության համակարգեր էր իր մեջ պարունակում»:
Թուրքիան անվերջ գրգռում է Արեւմուտքին եւ Եվրոպայինՙ ակնկալելով նրանց ներքաշել իր փորձանքաշատ արկածախնդրությունների մեջ: Վերջինների վերաբերմունքից դժգոհ Էրդողանը փախստականների առաջ լայն բացել է դարպասները, որպեսզի նրանք ներխուժեն Եվրոպա, խախտելով 2016-ին Եվրոմիության հետ կնքված պայմանագիրը եւ այդ գերատեսչությունից նման արարք թույլ չտալու համար միլիարդավոր դոլարներ կորզելուց հետո: Այս հոդվածը գրելու պահին հազարավոր փախստականներ Հունաստանի սահմաններում փորձում են մուտք գործել Եվրոպա:
Մոսկվան որոշակի քաղաքական մեխանիզմներ է գործադրում հակադարձելու համար Թուրքիայի նախաձեռնությունները: Վերջերս նա 10 ռազմանավ է ուղարկել դեպի Սեւ ծով, իսկ ՀԱՊԿ-ի պաշտպանության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը , որ վերջերս Երեւան էր այցելել, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա դաշնությունը կպաշտպանի վերջինիս: Նման բացահայտ հայտարարություն հազվադեպ է հնչում Մոսկվայի կամ նույնիսկ այդ դաշնության կողմից, որի անդամն է Հայաստանը:
Եթե սիրիական մարտադաշտում հակամարտությունը թեժանա, ապա ոչ միայն Ղարաբաղի ճակատագիրը, այլեւ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը ստիպված կլինի (մոտիկ լինելու հանգամանքով) առնչություն ունենալ մարտական գործողությունների հետ:
Այդուհանդերձ, դիտորդներից շատերը հավատացած են, որ լարվածությունը չի դառնա բացահայտ հակամարտություն: Նույնիսկ այն վախը, թե Թուրքիան կարող է դրդել Ադրբեջանին սկսելու տարածաշրջանային պատերազմ, հնարավոր չի թվում մոտիկ ապագայում, որովհետեւ այդ երկիրն այժմ վերափոխման փուլում է գտնվում: Բայց Ադրբեջանը ռազմական զորավարժություններ է անցկացնում պարզապես հավելյալ վախ ներարկելու առանց այն էլ թեժ կացությանը:
Պատերազմի սպառնալիքների եւ դիվանագիտական մարտավարությունների շրջանակներում մի շարք գաղափարներ են առաջարկվում, որոնցից մեկը չափազանց վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար: Դա Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունն է այն մասին, որ Թուրքիան կարող է լուծել Ղարաբաղյան խնդիրը, եթե Պուտինը ցանկանա աջակցել: Առաջարկը քաղաքական փոխանակման շրջանակներում է: Թուրքիան տարածաշրջանում պաշտպանություն չի գտնում Սիրիայում իր գործողությունների համար: Եվրոպան եւ Մ. Նահանգները նույնպես անտարբեր են Սիրիայում Թուրքիայի արկածախնդրությունների նկատմամբ: Այդ պատճառով էլ Էրդողանը Սիրիայից պատվով դուրս գալու ելքեր է որոնում: Չավուշօղլուի առաջարկի հիմքում ընկած է այն, որ Թուրքիան կհամաձայնի դուրս գալ Սիրիայից, եթե փոխարենը Ռուսաստանի օժանդակությամբ ստանա Ղարաբաղի կարգավորումը ի նպաստ Ադրբեջանի: Սա մեզ հիշեցնում է 1921 թվի Կարսի պայմանագրի գործարքը, որի հետեւանքում Թուրքիան Մոսկվային հանձնեց Բաթումին, ստանալով փոխարենը Արարատ լեռը: Հնարավո՞ր տարբերակ է: Կապրենք կտեսնենք:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)