Արեւիկ Քեշիշյան
Այս եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսության մեջ կարձանագրվի ամենամեծ անկումը, իսկ գործազրկությունը կհասնի Մեծ ճգնաժամի ժամանակներից ի վեր առավելագույն չափերին։
Bloomberg-ի հարցմանը մասնակցած 69 տնտեսագետների հաշվարկների համաձայն, ապրիլ-հունիսին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 25%-ով կնվազի այս տարվա առաջին եռամսյակի համեմատաբար փոքր անկումից հետո։ Իսկ գործազրկության մակարդակը կբարձրանա 12,6%-ի, որն առավելագույն ցուցանիշն է 1940-ականներից ի վեր։
Ինչպես սպասվում է, երկրորդ կիսամյակում կսկսվի տնտեսության աստիճանական աճ։ Կանխատեսումների համաձայն, Դաշնային պահուստային համակարգը տոկոսային զեղչադրույքները զրո տոկոս մակարդակի վրա կպահպանի մինչեւ 2022 թվականի առաջին կիսամյակը։
«Նույնիսկ եթե տնտեսության վերականգնում տեղի ունենա, ապա դարձյալ 20 միլիոնից ավելի ամերիկացիներ մինչ այդ կկորցնեն աշխատանքը։ Ըստ որում, ՀՆԱ-ի անկումը բարձրակետից մինչեւ հնարավոր ցածրակետը հավանաբար կկազմի մոտավորապես 13%, ինչը ավելի քան եռակի ավելի է, քան համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ», կարծում է ING Financial Markets-ի տնտեսագետ Ջեյմս Նայթլին։
Bloomberg-ի հարցումն անցկացվել է ապրիլի 3-ց մինչեւ 10-ը, երբ հրապարակվեցին գործազրկության նպաստ ստանալու խնդրանքների տվյալները։ Վերջին երեք շաբաթներին ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու 16,6 միլիոն խնդրագիր է ստացվել։