Հ. Ա.
Հենց որ վարչապետ Փաշինյանը «Բատկային» շնորհավորեց նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, նրա քննադատները ոգեւորվեցին: Նույնիսկ, ասում են, «Իմ քայլը» խմբակցության անդամ «սորոսական որբերը» մռթնել են, իսկ ասողներ կան, որ անձամբ Ջորջ Սորոսն է վարչապետին դժգոհություն հայտնել այդ առթիվ:
Իմ կարծիքով, այս անգամ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է վարվել: Նա անպայման պետք է շնորհավորեր Լուկաշենկոյին, որովհետեւ որպես անդամ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, Հայաստանը կամ նույն կազմակերպությունների որեւէ այլ անդամ չշնորհավորելու դեպքումՙ ապալեգիտիմացրած կլիներ այդ կառույցները: Այսինքն, մոտավորապես այնպեսՙ ինչպես ՀԱՊԿ նախկին քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովի պարագայում, երբ մեր դաշնակիցների առարկությունն այն էր, որ Հայաստանի կառավարությունը կարող էր նա՛խ նրան հետ կանչել այդ պաշտոնից եւ ապա միայն դատական գործ հարուցել նրա դեմ, խուսափելով կազմակերպությունը հեղինակազրկելուց: