Հինգշաբթի, 20 Օգոստոս, 2026

«Հիսուսով տնտեսություն չեն պահում». բողոքի ակցիա՝ Հատիս լեռան գագաթին

«Լեռները հանրությանն են», «Lեռան գագաթին` միայն գագաթ», «Հատիսը պատվանդան չէ», «Հիսուսով տնտեսություն չեն պահում». այսպիսի վերտառությամբ պաստառներով մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հատիս լեռան վրա: Նրանք այստեղ Քրիստոսի արձանի տեղադրումն անընդունելի են համարում:

   «Այս ամբողջ անիրավության համար մեղավոր է կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա, ինչպես միշտ, փորձում է մոլորեցնել  հանրությանը» ,- նշել են ակցիայի մասնակիցները:

     Հիշեցնենք՝ Փաշինյանը գործադրի նիստին դրական էր գնահատել  Գագիկ Ծառուկյանի՝ Հատիսի վրա Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունը, որից հետո , սակայն, ԿԳՄՍ նախարարությունը տարածել էր հայտարարութուն, ըստ որի, տեղում շինարարությունն անթույլատրելի է, քանի դեռ հաստատված նախագիծ չկա:  Հետո գերատեսչությունները վստահեցրել էին, որ շինաշխատանքներ տարածքում չեն իրականացվում:

«Ոտքով առավոտից բարձրացել ենք ու տեսել, թե քանի թրթուրավոր տրակտոր է աշխատում, այստեղ նաեւ հորատողներ ու չափագրողներ կային: Փաստորեն, գրոշի արժեք չունի շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը, թե կասեցված է շինարարությունը»- արձանագրել են Հատիս հասած մարդիկ:  Նաեւ նկատել են, որ որոշ հուշարձաններ շինաշխատանքների հետեւանքով արդեն վնասվել են: 

    Հատիսի վրա Քրիստոսի արձանի տեղադրմանը բացասական եզրակացություն էր տվել նաեւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը՝ նշելով, որ մոնումենտալ արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական և պատմամշակութային հուշարձանի ամբողջ համակարգն ու միջավայրը: Իսկ ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ այս լեռն արդեն զբոսաշրջային գրավչություն ունի: Սա լեռնագնացների, դահուկորդների, արշավականների  եւ պարապլաներների սիրած վայրն է, եւ զբոսաշրջիկների պակաս արդեն չկա:

  Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են սկսելու, որ նախաձեռնությունը  կյանքի չկոչվի: