Լույս է տեսել Հովհաննես Այվազյանի «Ձեռքս բաց մի թող…» չափածո ստեղծագործությունների ժողովածուն 160 էջ ծավալով: Գրքում ամփոփվել են հեղինակի վերջին տարիներին գրած քառյակները, լեգենդներն ու պոեմները, ինչպես նաեւ մանուկների եւ մեծերի համար բանաստեղծություններ: Գրքի առաջաբանում բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը բարձր է գնահատել ժողովածուն: Նա մասնավորապես գրում է «Նահապետական արժեքների եւ նիստուկացի կարոտը կա այս գործերում: Պատումային գործերը երեւի չունեն այն թարմությունը, ինչ քառյակները: Բայց դրանք ամբողջացնում են հեղինակի ստեղծագործական անհատականության բնութագիրը, բերում են նահապետական գյուղական կյանքի հետաքրքիր գծեր ու արժեքներ»:
Հ.Այվազյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում վառ գույներով, գրված են սրտի թրթիռով եւ նրբանկատությամբ: Ժամացույցը, Ղողանջ հիշատակի, Տեռորիրտ Եգորը, Կուռքը եւ այլ գործերում հեղինակի հերոսները հիմնականում մարդիկ են, իրենց խոհափիլիսոփայական կերտվածքով եւ աշխարհաընկալմամբ: Ուրախալի է, որ ի դեմս Հ. Այվազյանի գրքի ունենք բանաստեղծական, քնարական նուրբ ոճով գրված գործեր, որոնք անշուշտ իրենց ուրույն տեղը կունենան հայ գրականության գանձարանում:
Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար: