Ստեղծագործող անհատներին թիկունք կանգնող Ուոթերթաունի «Ամարաս» արվեստի միությանն անդամակցելուց հետո, Լեքսինգտոնում (Մասաչուսեթս, ԱՄՆ) ապրող Շարիս Ծերունյանը նախաձեռնել է մինչեւ 15 րոպե տեւողության կարճամետրաժ ֆիլմերի «Արեւ» նոր կինոփառատոնը կազմակերպել՝ նպատակ ունենալով Հայաստանի տարբեր շրջաններում գործող ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար որոշակի գումար հանգանակել, որպեսզի վերջինս խրախուսի երիտասարդ հայ կինոգործիչներին իրականացնելու իրենց ստեղծագործ մտքի թռիչքները: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հերթական համարը:
Շարիսը խոստովանել է, որ փոքր տարիքից բարեգործությունն ու կինոարվեստը մեծապես հետաքրքրել են իրեն եւ կինոփառատոնի մեկնարկումով նա պարզապես ցանկացել է այդ երկուսը միավորել՝ հնարավորություն ընձեռելով արվեստագետներին հասնել իրենց նպատակին:
Կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 9-ին Լեքսինգտոնում: Կցուցադրվեն ռեժիսորներ Ռայան Էբրահիմյանի, Լիզա Հակոբյանի, Էրիկ Հարաբադյանի եւ Ռոջեր Հակոբյանի ֆիլմերը: Տոմսերի գինը 25 դոլար է, բայց ուսանողների համար սահմանվել է զեղչ՝ 15 դոլար:
Կինոփառատոնը շարունակական է լինելու: Դրան կարող են մասնակցել կինոգործիչներ Հայաստանից եւ սփյուռքի ամենատարբեր համայնքներից:
Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
The Armenian Mirror-Spectator