«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել, եւ Քննչական կոմիտեն որոշել է նրան ձերբակալել:
Ուսումնասիրվել են 2021 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի հնչեցրած տեղեկությունները եւ պարզվել, որ դրանք կեղծ են: Գառնիկ Իսագուլյանը, ինչպես նշվում է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ, չկատարված հանցագործության մասին տեղեկություն է հաղորդել:
Հարցազրույցի ընթացքում Գառնիկ Իսագուլյանը հայտնել է, որ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը ուսումնասիրվել եւ հավաքագրվել է թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից, ինչպես նաեւ 2008 թվականից հետո համագործակցում է հիշյալ ծառայությունների, ինչպես նաեւ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ:
Գառնիկ Իսագուլյանը հայտնել է, որ այդ առնչությամբ կասկածներ չունի: Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ, ինչի արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է եւ չեն կարողանում թոշակները վճարելՙ այդ կերպ հայ դիվանագետին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ:
ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Իսագուլյանը նաեւ մեղադրվում է ՀՀ վարչապետի, Քննչական կոմիտեի ներկայիս նախագահի, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու մեջ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ նա ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել:
Նա ասել է. «Նիկոլին գնդակահարողին պետք է Ազգային հերոսի կոչում տալ եւ մեկ միլոն դրամ պարգեւավճար»:
Սա եւս հանցանք է համարվում եւ Գառնիկ Իսագուլյանին այս դրվագով էլ մեղադրանք է առաջադրվել: