Լյուսի Թոփալյանը իմ երբեւէ հանդիպած ամենադրական եւ խարիզմատիկ մարդկանցից է: Այս ճերմակահեր, բարձրահասակ, եռանդուն լիբանանահայ տիկինը քառասուն տարուց ավելի բնակվել է Քուվեյթում, որտեղ տնօրինել է սեփական պատկերասրահը, իսկ արդեն երեք տարուց ավելի է, ինչ ապրում է Հայաստանում:
Իմ զրույցը Լյուսիի հետ տեղի ունեցավ Երեւանի նրա գեղեցիկ բնակարանում, որտեղ նա ապրում է իր շան՝ Փաշայի եւ կատուների՝ Մինուի եւ Նուշիկի հետ…
-Սիրելի Լյուսի, որտեղի՞ց են ձեր արմատները:
-Թոփալյաններն Ադըյամանից էին, մորս ընտանիքը՝ Մալաթիայից: 1915-ի բռնագաղթին հասել են Հալեպ, հետո եկել են Լիբանան: Հայրական պապիս, որն Ադըյամանում ագարակատեր էր, դեռ հայրս չծնված, ուրիշների հետ այրել են եկեղեցու մէջ: Մորս հայրը, որ գորգավաճառ է եղել եւ բուրդ ներկելու գործարան է աշխատեցրել, նախ ծառայել է օսմանյան բանակում, որտեղից փախել է, ապա դարձել է զորավար Անդրանիկի զինվորը. հետո էլ իր երեք ընկերներով ֆրանսական Օտարականների լեգեոնն (Legeon Etrangére) են մտել:
-Դուք կյանքում տարբեր գործերով եք զբաղվել: Ո՞րն եք համարում ձեր մասնագիտությունը:
-Ես արել եմ ամեն բան, ինչ սիրել եմ կամ երազել եմ անել: Բեյրութի համալսարանի քոլեջում ուսանել եմ մանկավարժություն եւ մանուկների հոգեբանություն, որպեսզի ուսուցիչ դառնամ: Ես մարմնամարզության մեջ էլ շատ լավ էի, մեկ տարով մեկնեցի Դանիա, որտեղ սպորտային մարզչություն սովորեցի: Որպես մարմնամարզության ուսուցչուհի աշխատել եմ հայկական եւ բրիտանական դպրոցներում եւ համալսարանում: Լիբանանի պատերազմի պատճառով 1976-ին երկրից հեռացա, ինձ աշխատանքի հրավիրեցին Քուվեյթ: Կարծում էի, թէ երեք շաբաթով եմ գնում, բայց քառասուներկու տարի մնացի: Քանի որ չորս լեզու գիտեմ, ինձ ֆինանսական գրասենյակի կառավարչի աշխատանք վստահեցին: Դրանից հետո համակարգչի ընկերության մէջ աշխատեցի՝ կրտսեր վաճառողուհիից հասնելով մինչեւ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը: Այնուհետեւ համացանցը եկավ, աշխատողներս, որ հազիվ 22-30 տարեկան էին, ամեն օր ինձ հարցեր էին տալիս համացանցի վերաբերյալ, ես էլ սկսեցի գիշեր-ցերեկ համացանց սովորել: Բայց քանի որ ես էլ այդ գործում ինքնուս էի, որոշեցի աշխատանքս թողնել: Մյուս կողմից, ես միշտ սիրում էի արվեստը, հետեւում էի նկարիչներին, ուստի որոշեցի պատկերասրահ ղեկավարել: Եվ քանի որ Քուվեյթում գրեթե պատկերասրահներ չկային, ես իմ առաջին ցուցահանդեսները կազմակերպում էի իմ տանը կամ բակում: Դրանք տեղի էին ունենում ամիսը մեկ անգամ կամ ավելի ուշ: Ի վերջո, արվեստի փորձագետները լսեցին իմ մասին, սկսեցին գալ ինձ մոտ իրենց արվեստագետների հետ կամ ինձ առաջարկել համագործակցել իրենց նախագծերում՝ հետեւելու կամ ավարտին հասցնելու դրանք: Ու ես զարգացրի բիզնեսի գաղափարը արվեստի հիման վրա: Այնպես որ, դա շատ գեղեցիկ համադրություն էր. վերջին 20 տարիներին Քուվեյթում ես զբաղվում էի մի գործով, որի մասին երազում էի եւ դրանով նաեւ վաստակում էի, ուրեմն սրանից լավ էլ ի՞նչ կարող է լինել (ծիծաղում է): Ես լավ եմ հասկանում ժամանակակից արվեստը, ուստիեւ աջակցում էի դրան, քանի որ մնացածը շատ ավելի դասական էր: Երբ սկսվեցին ժամանակակից արվեստի ցուցահանդեսները, դրանք իսկապես շատերի հետաքրքրեցին, եւ ես հանդիպեցի շատ լավ հավաքորդների: Ինձ հետ կապ հաստատեցին Բրիտանական թանգարանից, Լոս Անջելես շրջանի թանգարանից, ինչպես նաեւ մասնավոր հավաքորդներ Դուբայից, Լոնդոնից, Իրանից:
Իմ սեփական պատկերասրահը, որը կոչվում է «Դար ալ Ֆունուն» (արաբերեն նշանակում է «Արվեստի տուն»), հյուրընկալել է ցուցահանդեսներ ամբողջ աշխարհից: Չորս-հինգ ցուցահանդես եմ հյուրընկալել Հայաստանից, ինչպես նաեւ բազմաթիվ արվեստագետների Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Հարավային Ամերիկայից: Լոնդոնի «Էջի» արվեստի խորհրդակցության կազմակերպության աջակցությամբ իմ փոքրիկ պատկերասրահում ցուցադրվում էին ամենաճանաչված արաբ նկարիչները:
-Ո՞րն էր ձեր ամենահավակնոտ նախագիծը:
-2001 թվականին Քուվեյթը հռչակվեց արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Այս առիթով ես ուզում էի մի մեծ նախագիծ իրականացնել: Քուվեյթի Ազգային խորհուրդը պատկերասրահներին խնդրեց հանդես գալ գաղափարներով: Իմ գաղափարն էր՝ Քուվեյթ հրավիրել բուլղարացի արվեստագետ Խրիստոյին, որը հայտնի է բնությունն ու շենքերը տարբեր կտորներով կամ ցելոֆանով փաթաթելով, եւ փաթաթել տալ մեր այնտեղի հուշարձաններից մեկը: Վեց-յոթ ամիս ծախսեցի ամեն ինչ կազմակերպելու համար, Խրիստոն համաձայնեց գալ, բայց հետո ինձ ասացին, որ սա չափից ավելի կլինի Քուվեյթի համար: Այսպիսով, իմ հավակնոտ նախագիծը երբեք չիրականացավ: Ունեցել եմ մեծ նախագծեր՝ կատարելով գեղարվեստական աշխատանքներ հանրային վայրերում, հյուրանոցներում, նախարարություններում եւ նաեւ աշխատանք եմ ապահովել «Արաբական Արվեստի հիմնադրամի» հավաքածուի համար: Համագործակցել եմ նաեւ իրանցի հրաշալի արվեստագետների հետ: Լավ տարիներ էին, շատ ակտիվ, ոգեշնչող ու վերածնող ինձ համար: Ամեն անգամ, երբ նոր ցուցահանդես էր լինում, ես ուրիշ կյանքով էի ապրում՝ մեկ այլ մարդու կյանքով, տեսիլքով, արվեստով:
-Իսկ ո՞ր հայ արվեստագետների հետ եք համագործակցել:
-Իհարկե, Փոլ Կիրակոսյանի. ես շատ լավ գիտեի նրան եւ իր ընտանիքին: Հրայր Տիարպեքիրյանի հետ՝ նույնպես Լիբանանից: Նաեւ հայաստանցի այնպիսի արվեստագետների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Գրիգորյանը, Ռուբեն Գրիգորյանը, Գագիկ Ղազանչյանը, Արարատ Սարգսյանը, Սեդա Բեքարյանը, Արկադի Պետրոսյանը: Հայկական ցուցահանդեսները չափազանց հաջող էին, եւ մարդիկ շատ էին սիրում դրանք:
-Եվ նման հաջող գործունեությունից հետո որոշեցիք կա՞նգ առնել:
-Ես մտածում էի՝ որտե՛ղ հաստատվել թոշակի անցնելուց հետո: Ընտրությունս երկու երկրի միջեւ էր՝ Լիբանանի եւ Լոս Անջելեսի, որտեղ ապրում են ընտանիքիս բոլոր անդամները: Բայց մի օր մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանը: Գնա՛մ Հայաստան եւ տեղում պարզեմ. այնտեղ պարբերաբար այցելում եմ 1990 թվականից: Հենց որ եկա, ստացա հայկական անձնագիր, գտա իմ տունը, սիրեցի այն ամենն, ինչ տեսա: Ինձ դուր էր գալիս, երբ տեսնում էի, որ բոլոր հայրենադարձները, որոնց հետ խոսել եմ Հայաստանում՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից կամ այլ տեղից, շատ ուրախ են՝ լինելով այստեղ, նրանք սիրում են երկիրը, մշակույթը, եկեղեցիները եւ այլն:
-Բայց իրավիճակը փոխվեց վերջին պատերազմից հետո…
-Երբ եկա, մտածում էի, որ կարող եմ կամավոր հիմունքներով աշխատել: Բայց նախ եկավ քովիդը, հետո պատերազմը. չափազանց տխուր էր տեսնել, որ մարդիկ են մահանում այդ պատճառներով: Այնպես որ, Հայաստանում ինձ համար սկսվեց շատ չափավորված կյանք, բայց, մյուս կողմից, կյանքը շարունակվում է, ես հաճախում եմ համերգների, փառատոների. Երեւանում ելույթներով հանդես են գալիս հիանալի երաժիշտներ Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից: Այսպիսով, ես ինձ զգում եմ բարձունքի վրա: Ես տեսնում եմ, որ բավականաչափ սնունդ կա հոգու համար: Եթե ուրիշ ոչինչ էլ չլինի, Երեւանից ընդամենը 20 րոպե հեռանալով՝ հայտնվում ես գեղեցիկ բնության միջավայրում:
-Այսպիսով, որպես նոր հայրենադարձ, ի՞նչ կցանկանայիք փոխանցել սփյուռքահայերին Հայաստանում ապրելու մասին:
-Սփյուռքի իմ ամենամտերիմ ընկերները գիտեն, որ ես այստեղ գոհ ու երջանիկ եմ, նրանց միշտ ասում եմ, որ Հայաստանը որպես բնակավայր ես երբեք չեմ փոխի մեկ այլ տեղի հետ: Շատ եմ ցանկանում, որ Հայաստանն ու Սփյուռքը համախմբվեն, որպեսզի երկիրն ավելի արագ զարգացնեն: Ես այնքա՜ն հպարտ եմ՝ նայելով Հայաստանում արտադրվող եւ դրսում վաճառվող նորույթներին՝ լինի տեխնոլոգիա, թե պարզ իրեր: Ես մեկ այլ հպարտությամբ եմ լցվում՝ տեսնելով «Արտադրված է Հայաստանում» պիտակն աշխարհով մեկ…
-Բայց հիմա տեղի բնակչության մեծ մասն այնքան անհույս վիճակում է. ի՞նչ կցանկանայիք նրանց ասել:
-Ես նրանց կասեմ, որ ամեն առավոտ արթնանան, համբուրեն այս հողը եւ ասեն. «Փա՛ռք Աստծո, որ ես Հայաստանում եմ»: Ես կցանկանայի, որ նրանք կարողանան լսել եւ տեսնել աշխարհում կատարվող իրադարձությունները: Մի բան նշեմ. համավարակի եւ պատերազմի ժամանակ Հայաստանում խանութներում ոչ մի դարակ դատարկ չեմ տեսել: Ես երբեք չեմ մտածել մեկ կիլոգրամից ավելի բրինձ գնել: Իսկ այն ժամանակ լուրերով տեսնում էիր, որ ԱՄՆ-ում, այդ գերտերության մեջ, մարդիկ պետք է յոթ ժամ սպասեին, որ մի տուփ ուտելիք ստանային: Իսկ Հայաստանում ես սով չեմ տեսել: Երեւանում միայն մեկ անգամ եմ տեսել գետնին պառկած անօթեւանի, մինչդեռ Նյու Յորքում, Լոս Անջելեսում կամ Սպիտակ տան կողքին կամ հետեւում չես կարող քայլել՝ առանց տեսնելու մեծ թվով անօթեւան մարդկանց՝ փողոցներում կամ այգիներում: Հայերն օգնում են միմյանց, երբեք որեւէ մեկին չեն թողնի ճանապարհի վրա պառկած, ինչը մեր երկրի գեղեցիկ կողմերից է:
-Համամիտ եմ ձեզ, բայց, այնուամենայնիվ, քաղաքական իրավիճակի պատճառով ամեն ինչ այնքան խառնաշփոթ է. ինչպե՞ս եք կանխատեսում Հայաստանի ապագան:
-Ես երեւի շատ դրական մտածող մարդ եմ, բայց իրավիճակին առարկայորեն եմ նայում: Ճիշտ է, մենք սահմանին թշնամիներ ունենք, բայց, ցավոք, նման խնդիրներ ունեն նաեւ շատ այլ երկրներ: Երբեմն մտածում եմ, որ եթե մի օր ամենաշատ տուժածների մրցույթ հայտարարեն, հայերը հաճույքով կզբաղեցնեն առաջին տեղը: Բայց մի քիչ դրականությամբ պետք է հաղթահարենք այս սխալ մտածելակերպը: Նայե՛ք մեր բնությանը, մաքուր օդ ու ջրին, նայե՛ք մեր հրաշալի բանջարեղենին ու մրգերին: Շփվել եմ բազմաթիվ երիտասարդների, ուսանողների հետ, որոնց հանդիպել եմ Հայաստանից դուրս եւ կրկին հանդիպել եմ այստեղ: Ես շատ հուսով եմ, որ երիտասարդությունը շատ ավելի պարզ կտեսնի ապագան, քան նրանք, ովքեր տառապել են վերջին երեսուն, հիսուն, յոթանասուն տարիների ընթացքում: Ես իսկապես մեծ վստահություն ունեմ երիտասարդների, նրանց մտքի, աշխատելու սովորությունների վրա եւ հուսով եմ, որ նրանք կգտնեն որպես լավ հայ ապրելու, կյանքը բարելավելու ճանապարհը: Հայաստանում պետք է մեր սրտերից վանե՛նք թշվառությունը եւ ասել՝ մենք թշվառ չենք, մենք լավ մարդիկ ենք եւ մեզ լավ ենք զգում: Ես շատ լավատես եմ Հայաստանի ապագայի նկատմամբ եւ հուսով եմ, որ իմ լավատեսությունը իրական կլինի, քան պարզապես երազանք:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ