Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԵՄ-ն անտարբեր չէ Ուկրաինայի նկատմամբ

Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը։ Նա ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի հայտը, որը ստորագրել էր նախագահ Զելենսկին, հանձնել է ԵՄ խորհուրդը նախագահող Ֆրանսիայի ԵՄ մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիզ-Կոստին։

ԵՄ ութ երկրի նախագահներն  Ուկրաինային այդ  կառույց բերելու շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու կոչ են անում:

 Reuters-ը հայտնում է՝  Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Սլովենիայի նախագահները հավատում են, որ Ուկրաինան արժանի է Եվրամիությանը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 450 միլիոն եվրոյի զենք, Բորելը նաև ասել է, որ ԵՄ-ն ռազմական ինքնաթիռներ կմատակարարի Ուկրաինային։ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը կտրուկ հայտարարել էր, որ մտադիր չէ ինքնաթիռներ ուղարկել Ուկրաինա։ «Մենք քիչ թվով ինքնաթիռներ ունենք, և դրանք ոչ մեկին չենք կարող տրամադրել, դրանց թիվը բացարձակապես բավարար չէ մեր երկինքը պաշտպանելու համար, և այն պնդումը, որ մենք կտանք այս պահին, անհեթեթ է»,-ասել էր նա։

 Սակայն, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,  Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որ ՆԱՏՕ-ի երեք երկիր՝ Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան,  Ուկրաինային են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում։